ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՈՒՄ` ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՖՈՆԻ ՎՐԱ

03.10.2017 19:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՈՒՄ` ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՖՈՆԻ ՎՐԱ

WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Կատալոնիայում` Իսպանիայից շրջանի անջատվելու մասին հանրաքվեի պատճառով սկսվել է առաջին համաշխարհային ինտերնետային պատերազմը: Այսպիսով, Ասանժը արձանագրում է աշխարհում պատերազմի նոր տարատեսակի ի հայտ գալը: 
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՊՏՏԱՀՈՂՄԻ ԿԵՆՏՐՈՆՈ՞ՒՄ
Ասանժի խոսքով` դրա դրսեւորումն այն էր, որ համացանցում Կատալոնիայի բնակիչներն ու իշխանությունները շատ կոշտ հակամարտում էին Իսպանիայի իշխանության հետ, եւ  ի պատասխան. «Իսպանական հատուկ ծառայությունները հարձակվում են, արգելափակում հեռահաղորդակցությունները, գրավում են կապի օպերատորների շենքերը, հարյուրավոր կայքերի, տվյալների փոխանցման արձանագրությունների գրաքննություն են իրականացնում»: Բայց, ըստ Ասանժի, դա լոկ տեղական բնույթի տեղեկատվական հակամարտություն չէ: Պարզապես այն, ինչ տեղի է ունենում Կատալոնիայում, Արեւմուտքում մարդկանց եւ իշխանությունների միջեւ ամենախոշոր կոնֆլիկտն է Բեռլինյան պատի անկման պահից ի վեր: Սակայն հարկ է նշել, որ հաշվի առնելով նաեւ ուժային բախումները, տեղի է ունենում ոչ միայն ինտերնետային, այլ` հիբրիդային պատերազմ: Նաեւ «Իսլամական պետության» գործողությունները հարկ է համարել հիբրիդային պատերազմի դասական օրինակ: 
Արդեն քանի տարի է ե՛ւ ահաբեկչական գործողություններն ու մարտերը, ե՛ւ իրական անասելի դաժանությունները ուղեկցվում են նաեւ հատուկ հեռուստատաղավարներում կատարված բեմադրություններով, ու վաղուց է, որ ԻՊ-ի բեմադրությունների ապացույցներն առկա են համացանցում: Իսկ նրանց վերջին գործողությունը` Լաս Վեգասում 58 հոգու սպանությունը եւ 400-ի վիրավորելը, նաեւ պարզ ցույց է տալիս, որ հիբրիդային պատերազմները աշխարհագրական սահման չեն ճանաչում: 
Իսկ հաշվի առնելով այն, որ մեր տարածաշրջանը եռացող կաթսա է, ուր բախվում են բազում խոշոր խաղացողների շահեր, միանգամայն տրամաբանական է, որ երկուշաբթի Երեւանում մեկնարկեց  «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումները, որոնք անցկացվում են համաձայն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 2016-2020 թթ. գործունեության ծրագրի: Ի դեպ, ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը շեշտեց, որ արցախյան հակամարտությունում հիբրիդային բաղադրիչը միշտ էլ եղել է ու հատկապես գերակշռող է դարձել 1994-ից ի վեր. «Ես կարծում եմ, որ այս ամբողջ ընթացքում մենք միշտ բավականին հաջող ենք դրսեւորել մեզ եւ պատշաճ եղանակով պաշտպանել մեր շահերը: Եթե խոսենք ապրիլյան պատերազմի մասին եւ այդ պատերազմի ընթացքում մեր աշխատանքից, կարող ենք ասել, որ մենք ավելի լավ դիրքերում ենք, քան Ադրբեջանը. սա հուսադրող է»: Նա նշեց. «Ակնհայտ է, որ ռազմական բաղադրիչը գնալով իր տեղը զիջում է ազդեցության այլ բաղադրիչների` կիբեր հարձակումներին, տեղեկատվական-հոգեբանական գործոնին: Այս ամենն ավելի մեծ տեղ է սկսել գտնել հակամարտությունների ոլորտում, հետեւաբար մենք պարտավոր ենք մեր գործընկերների հետ քննարկել այս ամենը: Մենք ունենք տարբեր մոտեցումներ, օրենսդրական դաշտ եւ օրենսդրություն, սակայն այս երկխոսությունն անհրաժեշտ է: Տարբերություններ կան, սակայն սպառնալիքները շատ հաճախ միասնական են, հետեւաբար պարտավոր ենք մեր մոտեցումները ընդհանուր հայտարարի բերել»: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ շեշտում է, որ հիբրիդային պատերազմները դառնում են ավելի ու ավելի արդյունավետ: 
ԻՆՉՈՒ Է ՇԵՇՏԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՎՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԵՐԸ
Հարկ է նշել, որ հիբրիդային պատերազմների սխեմայի մեջ տեղավորվում են եւ որոշակի զուտ ներքաղաքական թվացող գործընթացներ: Այսպես, «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի կրկին շրջանառության մեջ հայտնվելը դրա բաղկացուցիչ մասն է: Հայաստանի պես ավանդապահ երկրում յուվենալ արդարադատության չափանիշների կիրառումը հղի է ներքին իրավիճակի շիկացումով եւ արյունոտ միջադեպերի շեշտակի աճով, քանզի երեխաներ օտարելու փորձերը չեն կարող չբերել ընտանիքների տղամարդկանց եւ օտարումը կատարող «սոցիալական աշխատողների» միջեւ ամենակոշտ կոնֆլիկտների: Բայց ինքնին հանրային քննարկման այդպիսի հարց ներկայացնելը, անգամ, եթե կանխավ հայտնի է, որ դա կմերժվի, նույնպես հղի է հանրային պառակտումներով, հետեւաբար պետք է դիտարկվի որպես տեղեկատվական-հոգեբանական պատերազմի դրվագ: Եթե հանրությունը բաժանվում է իրար նկատմամբ թշնամանքով լեցուն «հետամնաց նահապետականության բռնակալ պաշտպանների» եւ «ամբողջ հանրությունը եւ ընտանիքները պղծելու եկած վարձու թափթփուկների», ապա դրանից լավ բան սպասել չի լինի: 
Թշնամացման ջրբաժանների առաջացմանը նպաստում է նաեւ «Ելք» դաշինքը եւ կողքից «դամ քաշող», այսպես կոչված, «քաղաքացիական հասարակությունը»: Այստեղ վատը ոչ թե այն է, որ «Ելքն» առաջարկում է անվանափոխել երկուսուկես փողոց կամ լքել ԵԱՏՄ-ն, այլ, որ դա արվում է ամենասկանդալային եւ աղմկալի ձեւով, որի հետեւանքով իրականություն դառնալու զրո շանս ունեցող նախաձեռնությունները կրկին հանգեցնում է իրար հանդեպ եւ թշնամանքով եւ ատելությամբ լցված երկու ճամբարների գոյացմանը: Ու այդտեղ ներազգային թշնամության գիծն անցնում է ռուսամետ-արեւմտամետ, բոլշեւիկյան ժառանգության պաշտպան-բոլշեւիկյան ամենայն հետք ջնջող ջրբաժաններով: Ու ամենամեծ հանցագործությունը հենց այդ ջրբաժանների ստեղծումն է, ինչով հաջողությամբ զբաղված են «ելքիստներն» ու գրանտալափները:
Եվ ահա այդ` ռեալ ոչ մի արժեք չունեցող, սակայն կրքերն անսահման շիկացրած բանավեճի ֆոնի վրա, որն, ի դեպ, ունի նաեւ արտաքին «շիրա տվողներ» գերտերությունների մայրաքաղաքներում, տեղի է ունենում նշանակալի իրադարձություն: Նախագահ Սերժ Սարգսյանը առաջին անգամ Անվտանգության խորհրդի նիստը անցկացնում է նոր ոճով, որը բխում է նոր Սահմանադրությունից: Այսինքն` պետության ղեկավարը շտապում է սահմանադրական անցման այդ բաղադրիչը կիրառել ոչ թե 2018-ին, այլ հենց հիմա: Իսկ Սահմանադրությամբ Անվտանգության խորհրդի լիազորությունները եւ դերը բավականին ընդարձակ են, ու ներառում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին խնդիրների քննարկումները, համադրումները, դրանից բխող լուծումներն ու պարտադիր ուժ ունեցող հանձնարարականները: 
Որոշ փորձագետներ Անվտանգության խորհրդի նոր ձեւաչափով անդրանիկ նիստից շտապեցին հանգել եզրակացության, որ Սերժ Սարգսյանը նախընտրելու է ոչ թե վարչապետությունը, այլ Անվտանգության խորհրդի ղեկավարումը, որի ընթացքում էլ փաստացի կիրականացնի իր ռեալ իշխանությունը` իր ձեռքը պահելով բոլոր ուժային կառույցները եւ, որպես Անվտանգության խորհրդի ղեկավար, նաեւ թելադրելով վարչապետին: Բայց, կարծում ենք, որ Անվտանգության խորհրդի նոր ձեւաչափին անցնելը արագացրեց ոչ թե իշխանական լծակների խոհանոցից ելնելով, այլ, նախեւառաջ, այն հանգամանքից, որ մենք ապրում ենք եռացող տարածաշրջանում: Ու թեեւ մեր երկրում չեն պատահում այնպիսի սարսափներ, ինչպիսին էր, օրինակ, Լաս Վեգասի հրեշավոր ահաբեկչությունը, բայց մեր սահմաններին շատ մոտիկ անպակաս են պատերազմները` ընդ որում` հենց հիբրիդային: Իսկ դրանց տեղեկատվական-հոգեբանական բաղադրիչը, ի տարբերություն անուղեղ ֆանատիկոս գրոհայինների, շատ հանգիստ հատում է մեր պետական սահմանը եւ ԶԼՄ-ներով ու համացանցով մտնում յուրաքանչյուրիս տուն: Մենք, ըստ էության, գտնվում ենք հակամարտությունների պտտահողմի հենց կենտրոնում, ու դա թելադրում է առավել քան մեծ ուշադրությունը անվտանգության խնդիրների նկատմամբ: Հենց այդ պատճառով գերագույն գլխավոր հրամանատարը, թերեւս, շտապում է լիարժեքորեն աշխատացնել Անվտանգության խորհուրդը: Ու նաեւ դրանով պետք է պայմանավորել, թե ինչու խորհրդարանական կառավարման այնպիսի բաղադրիչը, ինչպիսին է բանակը քաղաքական համակարգի մաս դարձնելը, նույնպես հետեւողականորեն գործադրվում Վիգեն Սարգսյանի` պաշտպանական գերատեսչությունը գլխավորելու առաջին պահից ի վեր: 
Իսկ ինչ վերաբերում է իշխանական լիազորությունների բաշխմանն ու կադրային հարցերին, այդ թվում եւ վարչապետի հարցին, ապա իրոք պետք է բառացի հասկանալ ՀՀԿ գործիչների այն պնդումը, որ կուսակցությունն ամեն ինչ կորոշի, երբ կգա սահմանադրական անցման այդ պահը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Նախագահը հանդիպել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության հետ

Անվտանգության խորհրդի վերջին նիստի օրակարգում ՀՀ նախագահը քննարկման էր դրել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների եւ տեղեկատվական անվտանգության ապահովման եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը:


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА