ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ցանկացած պարագայում ՀՀ-ն եւ հայ զինվորը ամեն ինչ ներդնելու են Արցախի համար»

06.10.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ցանկացած պարագայում ՀՀ-ն եւ հայ զինվորը ամեն ինչ ներդնելու են Արցախի համար»

Շաբաթն ուշագրավ էր հատկապես խորհրդարանական ընդունված եւ մերժված օրենսդրական նախագծերով: Ներքաղաքական քննարկումների թիվ մեկ թեման «Ելք» խմբակցության ԵՏՄ-ից դուրս գալու անիրականանալի ցանկությունն էր եւ հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին պայմանագրի վավերացումը, ինչը խիստ բորբոքեց հայրենի արեւմտամետներին: Այս եւ հարակից այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

«Եթե սխալվում եմ, թող ինձ ուղղեն». վարչապետը չի՞ տիրապետում իրավիճակին

«Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ԵՏՄ-Ն ԻՆՔՆԻՆ ԲԱԼԱՍԱՆ Է ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

– Պարոն Նիկոյան, ԱԺ-ում բավական բուռն քննարկվեց ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելքի» առաջարկած նախագիծը: Ձեր գնահատմամբ` որքանո՞վ էին արդարացված ՀՀ-ԵՏՄ հարաբերություններին ուղղված քննադատությունները:

– Դեմ եմ այն մարդկանց պնդումներին, որ հանկարծ մի օր, գիշերը որոշեցին, որ ճնշումների ազդեցության տակ պետք է մտնենք ԵՏՄ: Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ՀՀ-ն ակտիվ աշխատանքներ էր տանում Եվրամիության հետ, զուգահեռ աշխատանքներ էր տարվում նաեւ Մաքսային միությանը միանալու համար: Ցավոք, Եվրամիությունից հնչեցին շատ կտրուկ մոտեցումներ, թե Հայաստանը պետք է որոշում կայացնի` կա՛մ այստեղ, կա՛մ այնտեղ: Մինչդեռ Հայաստանը երբեք չի ուզում կամ-կամով առաջնորդվել, այլ մշտապես առաջնորդվել է ե՛ւ-ե՛ւով: Մաքսային միության կողմից չհնչեց կամ-կամի պարտադրանք, ուստի` Հայաստանը շատ գիտակցված ընտրություն է կատարել` մտնելով ԵՏՄ: Շատերը հիմա քննադատում են, թե ինչու է այս մի հարցը այսպես կամ այնպես, ես էլ հարց եմ ուզում ուղղել` իսկ ո՞վ ասաց, որ ԵՏՄ-ն ինքնին բալասան է բոլոր խնդիրների համար: Իհարկե` ոչ, այն միջոց է, հնարավորություն, որ պետք է օգտագործել: Բավարա՞ր է այդ միջոցը, մտածելու խնդիր է, ոչ մի պետություն երբեք էլ չի սահմանափակում իր տնտեսական, քաղաքական կամ անվտանգության համակարգ, դրա համար էլ Եվրոպայի հետ ունենք GSP+ առեւտրային համակարգ, որը հիմա օգտագործում ենք: Եթե Եվրամիության հետ համապարփակ համաձայնագիրը ստորագրեինք, դրանից մեր տնտեսական հարաբերությունները նրանց հետ առանձնապես չէր ավելանալու, քանի որ այնտեղ հիմնականում արտահանում ենք հումք, որովհետեւ ստանդարտները հումքերի վրա առանձնապես խստացված չէ: Սակայն պատրաստի արտադրանքի համար շատ խիստ կանոնակարգումներ կան, եւ այդ շուկան մտնելը դժվար է: Մինչդեռ ԵՏՄ շուկա արտահանում ենք մեր պատրաստի արտադրանքը, ինչը հեշտ է ստացվում, ու կարողանում ենք այդ շուկաներում համագործակցել շատ նորմալ: Այս ամենը մեր բնականոն ազգային պետական շահերից բխող համագործակցություն է: Ամբողջովին մեր պարտավորվածությունները ԵՏՄ համակարգում կատարում ենք, դրանից զատ, շուտով Եվրամիության հետ այնպիսի համաձայնագիր է կնքվելու, որը չի հակասում ԵՏՄ-ի հետ կնքած համաձայնագրին: Սա հենց այն է, ինչ ասում էինք, այսինքն` Հայաստանը չպետք է երբեք իր քաղաքականությունն իրականացնի գերտերությունների հակասությունների, շահերի բախումների վրա: Ընդհակառակը` պետք է փորձի համադրել դրանք:

«Պահանջում ենք Արարատ Միրզոյանից ներողություն խնդրել». բաց նամակ վարչապետին

«ԷԼԻ ԱՌԱՋԱՐԿԵՆ, ԷԼԻ ԿՄԵՐԺԵՆՔ»

– Թեպետ հարցի վերաբերյալ քննադատությունների պակաս չեղավ, բայց եւ նույն ընդդիմախոսներն այլընտրանք չկարողացան առաջարկել: Միամտություն կլինի նաեւ կարծել, որ նրանք չեն գիտակցում այս ամենը, հետեւաբար ի՞նչ խնդիր է, այսպիսի նախագծեր առաջ քաշելով, փորձում լուծել «Ելքը»:

– Սա նորություն չէր: Եթե դուք ուշադիր հետեւել եք, «Ելքի» ղեկավարները տարբեր ժամանակ նմանատիպ հայտարարություններ արել են: Այնպես չէ, որ հիմա իրենք արդեն խմբակցություն ունեն եւ ինչ-որ խնդիրներ են դրել իրենց առաջ եւ հանկարծ սկսեցին այդպես մտածել: Դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ նրանց հնչեցրած մտքերն այդպիսին էին, եւ մեր հասարակության մեջ միգուցե նաեւ կան մարդիկ, որոնք նույնպես այդպես են մտածում: Վերջիվերջո, մեր երկիրն, իրոք, ազատ, ժողովրդավար երկիր է, եւ փոքրամասնությունը կարող է աշխարհաքաղաքական այդպիսի գաղափարներ հնչեցնել` օգտվելով սահմանադրական եւ օրենքներով իրեն տրված լիազորությունից: Բայց քաղաքական մեծամասնության իրավունքները եւ պարտականությունը միգուցե եւ պատասխանատվությունը այն է, որ շատ հարգալից վերաբերվի նրանց առաջարկին, միեւնույն ժամանակ, անի այնպես, ինչպես գտնում է ճիշտ քաղաքական մեծամասնությունը, նրա կառավարությունը, նրա ղեկավարը եւ ինչ ուղղությամբ, որ տարվում է ՀՀ արտաքին քաղաքականությունը: Հետեւաբար, նորմալ է, որ իրենք առաջարկում են, նորմալ է նաեւ, որ մենք էլ մերժում ենք: Սրան պետք է շատ հանգիստ եւ թեթեւ վերաբերվել, Էլի առաջարկեն, էլի կմերժենք:

«ԱՐՑԱԽԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ԼԻՆԵԼ»

– «Ելքի» եւ առհասարակ, արեւմտամետների կողմից նույնքան ցավոտ ընդունվեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին պայմանագրի վավերացումը: Անգամ մտահոգություններ հնչեցին, թե այս պայմանագրով կարող է Հայաստանի ձեռքերը կարճանալ` ռազմական իրավիճակում Արցախին օգնելու հարցում...

– Անկեղծ ասած, Արցախին օգնելու հարցում Հայաստանի ձեռքերի կարճացման կամ կաշկանդվածության խնդիր երբեք չի կարող լինել, ուզում է զորախումբ լինի, ուզում է չգիտեմ ինչ հրամանատարություն լինի: Ինչ ուզում է լինի, Հայաստանի Հանրապետությունը, հայ մարդը, հայ զինվորը ցանկացած պարագայում ամեն ինչ ներդնելու է Արցախի համար: Ընդ որում` սա գիտի ամբողջ աշխարհը, այդ թվում` գիտի Ռուսաստանը, եւ գիտենք մենք: Ուստի` այս առումով որեւիցե մտավախություն չունեմ: Այն մարդիկ, ովքեր ստորագրում են նման համաձայնագրեր, նրանք շատ լավ տիրապետում են հարցին եւ հստակ է իրենց համար, թե ցանկացած իրավիճակում գործողությունների ինչպիսի ընթացակարգեր կան: Եվ եթե որեւիցե մեկը տեղից ելնում է ու հանկարծ նման հարց է բարձրացնում, կասկած է հնչեցնում, ապա թող հստակ իմանա, որ մարդիկ, որոնք անմիջականորեն իրենց կյանքի ընթացքում Արցախի անվտանգության բեռն իրենց ուսերին են կրել, պատերազմի միջով են անցել, շատ լավ պատկերացնում են խնդիրը, ավելի մտահոգված են, ու հարցերը լուծվում են շատ ավելի լավ: 

«Սա քաղաքական միամտության հետեւանք է». Երջանիկ Աբգարյան

«ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ԼՈՒԾՈՒՄ Է ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

– Ի դեպ, նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների եւ հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ու քաղաքականության հայեցակարգի մասին հարցեր: Այսպիսի խորքային եւ բովանդակային քննարկումը մամուլում մեկնաբանվեց, թե չի բացառվում, որ նոր սահմանադրության համաձայն` 2018-ին ՀՀ նախագահը որոշի ստանձնել հենց Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Որեւիցե ձեւով ցանկություն չունեմ մեկնաբանել լրատվությունում շրջանառվող լուրերը: Ընդամենը կասեմ, որ 2018-ի մարտ-ապրիլին քիչ ժամանակ է մնացել, եւ այսօր մեր պետության առջեւ ծառացած խնդիրներ կան: Ուստի` ե՛ւ հանրապետության նախագահը, ե՛ւ վարչապետը յուրաքանչյուրը լուծում է իր խնդիրները` երկրի անվտանգության, պաշտպանության, տնտեսության զարգացման, արտաքին կապերի եւ հարաբերությունների առումով: ՀՀ նախագահն ու վարչապետը զօրուգիշեր զբաղված են այդ խնդիրներով: Իսկ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ, իսկապես լրջագույն քննարկում է տեղի ունեցել, հենց դրա վկայություններից մեկն է: Մեր երկիրն ամեն օր շատ ավելի արդյունավետ պետություն է դառնում, կառավարման համակարգը ամեն օր ավելի է կատարելագործվում է եւ ավելի է հստակեցվում: Այնպես որ, խնդրում եմ այդ ամենը դիտարկել այս տեսակետից:

– Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը` 2018-ին երկրի գլխավոր պաշտոնների վերաբերյալ:

– Չեմ ուզում անդրադառնալ այդ խնդրին: Սպասեք, կգա ժամանակը, կտեսնենք: Իսկ եթե որեւիցե մեկը հիմա նստած կանխատեսումներ է անում, դա չգիտեմ էլ որ դաշտից է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА