ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ակնկալել, որ կկարգավորվի արցախա-ադրբեջանական հակամարտությունը, վաղաժամ է»

21.11.2017 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Ակնկալել, որ կկարգավորվի արցախա-ադրբեջանական հակամարտությունը, վաղաժամ է»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ պաշտոնական այցով եղավ Բաքվում, իսկ այսօր նա արդեն Երեւանում էր: Ռուսական արտաքին քաղաքականության պատասխանատուի տարածաշրջանային այցի օրակարգում` միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր են, բնականաբար, այդ թվում` Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկումները: Ի դեպ, մինչ Ս. Լավրովի տարածաշրջանային այցը, արտասահմանյան մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ռուս դիվանագետը այցի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության առաջ Արցախի հարցում հանդես կգա հատուկ առաջարկով: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ` այսպիսի այցերն արժեւորվում են առաջին հերթին` խաղաղության եւ կայունության պահպանման տեսանկյունից եւ երկրորդ` հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ զարգացման համատեքստում: 

«Աղջիկս ծնվեց». Դավիթ Խաժակյանը հայր է դարձել

«ԲԱՔՈՒՆ ՉԻ ԷԼ ԹԱՔՑՆՈՒՄ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»

– Պարոն Բաբայան, Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը միտված ի՞նչ կարելի է այսօր ակնկալել Ս. Լավրովի տարածաշրջանային այցից: 

– Ընդհանուր առմամբ` մենք ցանկացած այսպիսի այցելություն կարեւորում ենք: Ընդ որում` ոչ միայն նրա համար, որ այդ հանդիպումները կարող են նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տվյալ դեպքում` հայ-ռուսական, ինչը շատ կարեւոր է ռազմաքաղաքական առումով, հատկապես Թուրքիայի կողմից վերջերս դրսեւորվող ագրեսիվ քաղաքականության լարման ներքո, այլ, այնուամենայնիվ, դրանք նպաստում են նաեւ տարածաշրջանում խաղաղության, կայունության պահպանմանը: Սակայն ակնկալել, որ այսպիսի հանդիպման ընթացքում մեկ վայրկյանում կլուծվեն բոլոր հարցերը, եւ կկարգավորվի ադրբեջանա-արցախյան հակամարտությունը, վաղաժամ է: Ինչո՞ւ, որովհետեւ պաշտոնական Բաքուն չի էլ թաքցնում, որ պատրաստ չէ հակամարտության կարգավորմանը: Ընդհակառակը` նույնիսկ այսօր էլ անաստված քայլերի է դիմում, ավելին` Ալիեւը հենց երեկ հայտարարել է, որ թույլ չի տա, ադրբեջանցի երեխաների, այսպես կոչված, մահը անպատասխան եւ պատրաստ է հազարավոր հայ երեխաների մահվան գնով աննորմալ նպատակներ իրականացնել: Սա իհարկե անիրատեսական է եւ ցույց է տալիս, թե ինչպիսի բարդ իրավիճակ գոյություն ունի Ադրբեջանում: 

Ո՞ՐՆ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԻԱԿ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ, ԻՆՉԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ

– Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Բաքվում Ս. Լավրովը հայտարարել է, որ Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ կոնկրետ փաստաթուղթ կա սեղանին դրված, որը կարող է ընդունելի լինել ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմի համար: Ձեր կարծիքով` ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը:  

– Գիտեք, կան մի շարք փաստաթղթեր, բայց առաջին հերթին եւ միակը ներկա դրությամբ, որը հնարավոր է ինչ-որ ձեւով իրականացնել, Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ստորագրված համաձայնագրերն են, ըստ որի, պետք է քայլեր ձեռնարկվեն` սահմանների երկայնքով շփման գոտում զինանդադարի ռեժիմի խախտումների վերհանման մեխանիզմների կիրառման ուղղությամբ: Սա կոնկրետ շոշափելի փաստաթուղթ է, որը ստորագրվել է, պարզապես, Բաքուն, ըստ ամենայնի, խոչընդոտում է դրա իրականացմանը: Ինչ վերաբերում է այլ փաստաթղթերին, ապա նախեւառաջ պետք է նշենք զինանադադարի ռեժիմի հաստատման փաստաթուղթը, որը ստորագրվել է 1994-1995 թթ.-ին: Այս փաստաթղթի համաձայն փաստացի անժամկետ զինադադար է հաստատել, այսինքն` խաղաղություն, թեպետ համեմատական առումով, բայց ընդհանուր առմամբ` այն պահպանվում է, ինչքան էլ դժվար լինի այն այդպես համարել: Իհարկե, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խախտի զինադադարի ռեժիմը, բայց խաղաղությունը, կայունությունը պահպանվում է:

Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնից

Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎՐԱ

– Ընդամենն օրեր անց Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ համապարփակ համաձայնագիր ստորագրել, սա կարո՞ղ է իր ազդեցությունն ունենալ Արցախյան հիմնախնդրի վրա:

– Ազդեցությունը հետեւյալն է` Եվրոպան միշտ էլ հայտնել է իր դիրքորոշումը` Արցախի խաղաղ կարգավորման վերաբերյալ, եւ անկախ նրանից` այդ համաձայնագիրը ստորագրվում է, թե չի ստորագրվում, կարծում եմ` նա իր դիրքորոշումը չի փոխի:  Պարզապես, այդ համաձայնագիրը կարեւոր է տնտեսական հարաբերությունների զարգացման եւ այլ տեսանկյուններից, բայց, իհարկե, այն չի վերանայում մեր ռազմաքաղաքական տեսլականը: Իսկ այդ տեսլականը հավասարակշռության սկզբունքի պահպանման վրա է հիմնված, եւ մենք պարտավոր ենք հավասարակշռությունը պահպանել եւ զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի ու բոլոր այն երկրների հետ, որտեղ կա հայկական մեծ Սփյուռք, եւ որոնք ունեն կենսական շահեր մեր տարածաշրջանում: Այնպես որ, այդ համաձայնագիրն ուղղված չէ որեւէ մեկի դեմ, եւ մեզ բարեբախտաբար հաջողվել է Եվրամիության հետ հարաբերություններում «կա՛մ-կա՛մ» բանաձեւը տեղափոխել «ե՛ւ-ե՛ւ» տեսլականի, այսինքն` զարգացնել նորմալ հարաբերություններ բոլորի հետ:

– Ամեն դեպքում, չկա՞ մտահոգություն, որ այս ֆոնին Արցախի հիմնախնդրի հարցում կարող է կոշտանալ ռուսական դիրքորոշումը:

– Չեմ կարծում, կրկնում եմ` չի վերանայվում մեր մոտեցումները, եւ որեւէ ձեւ այս համաձայնագիրը չի ստորագրվում Ռուսաստանի կամ նրա շահերի հաշվին: Ընդհակառակը` զուգահեռաբար խորանում է նաեւ հայ-ռուսական ռազմաքաղաքական փոխգործակցությունը, ինչը շատ կարեւոր է: Մենք միշտ պետք է պահպանենք այդ հավասարակշռվածությունը եւ հաշվի առնենք տարբեր նրբերանգներ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА