ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանից վառվածը

29.11.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ռուսաստանից վառվածը

ՀՀ Ազգային ժողովում շաբաթը մեկնարկեց խորհրդարանական լսումներով` ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագծի մասին: Ամբիոնից ելույթով հանդես եկավ նաեւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ ամենախիստ քննադատության ենթարկեց ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը` գովերգելով Եվրամիությանը: Այս ամենը կարելի էր համարել քաղաքագիտական տեսակետ, եթե հայտնի չլիներ այն, որ Ս. Գրիգորյանը Ռուսաստանի կողմից ժամանակավոր ճանաչվել էր «պերսոնա նոն գրատա»: Թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս ստացվեց, որ Ս. Գրիգորյանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն այսպես ընթացան, եւ այսօր ի՞նչ փուլում է այդ գործընթացը, «Իրավունքը» հետաքրքրվեց հենց նրանից: Բայց արի ու տես, որ հարցադրումը ամենեւին Ս. Գրիգորյանի սրտով չէր:

Հաղթանակ, որը կարելի է պարտություն համարել

– Չեմ ուզում այդ թեմայով խոսել, բայց սա ակտուա՞լ է Ձեզ համար, չեմ կարծում...

– Ակտուալ է այնքանով, որպեսզի հասկանանք, թե որքանով ԱԺ ամբիոնից հնչեցրած Ձեր տեսակետների վրա իր ազդեցությունն ուներ այս հանգամանքը: 

– Կրկնում եմ` չեմ կարծում, որ այս թեման կարեւոր է` այն էլ այս լսումների ֆոնին: Ինձ հետաքրքիր չէ այս թեման: Ի՞նչ կապ ունի իմ հարաբերությունները Ռուսաստանի հետ:

– Ձեր անցկացրած սոցհարցումների համաձայն` հայաստանցիների 59 տոկոսը իր ապագան կապում է Եվրամիության հետ: Այսպիսի հայտարարությունը բավական լուրջ քննադատության արժանացավ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նորմալ է, ժողովրդավարությունը հենց նրանում է, որ համաձայնեն կամ չհամաձայնեն: Առաջարկում եմ` ցանկացած մարդ, որը կասկածում է, թե հարցումներն իդեալական էին կամ իդեալական չէին, նույն հարցերով, նույն տեղերում, բայց մեր մեթոդիկայով անցկացնեն սոցհարցումներ ու հետո իրենց կարծիքն ասեն:

– Բայց համաձայնեք, որ կապ ունի, թե ով է պատվիրատուն: Եթե արեւմտյան գրանտներով է իրականացվել սոցհարցումը, պատկերն էլ այդպիսին պետք է լիներ:

– Եթե դա են շահարկում, նորմալ է, թող շահարկեն: Մեր նպատակը օբյեկտիվ պատկերը տեսնելն է: Իսկ ես համարում եմ, որ այդ հարցումը արել ենք բավական մաքուր, ու արդյունքը ցույց տվեց օբյեկտիվ պատկեր: Իրոք, հետաքրքրությունը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ բարձրացավ, ՌԴ-ի նկատմամբ` իջավ, ինչը շատ հեշտ բացատրելի է: Ավելին` դրա համար գիտունիկ չպետք է լինել: Եթե մենք պատերազմով ենք անցել, եւ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը պաշտոնապես չաջակցեցին, պարզ է, որ տրամադրություններն  իրենց նկատմամբ ավելի քննադատական կլինեն: Հասարակությունը միշտ փնտրում է այլընտրանք: Այնպես որ, մենք կարող ենք վիճել` ճի՞շտ է դուրս գալը ԵԱՏՄ-ից, թե` ոչ,  բայց մարդիկ չեն տեսնում արդյունք: Այս առումով մեր հետազոտությունը բավական օբյեկտիվ էր, բայց միշտ բաց եմ քննարկման համար եւ համարում եմ, որ ճիշտ կլինի ուրիշ խմբեր էլ, թեկուզ ռուսական փողով այդպիսի հարցում անցկացնեն, բայց անպայման նույն մեթոդիկայով ու նույն բնակավայրերում` նկատի ունեմ միջին եւ մանր քաղաքներում: Վստահեցնում եմ` արդյունքը մեծ տարբերություն չի տա: Մենք բոլորս իրար ճանաչում ենք եւ գիտենք` ովքեր են ավելի պարտաճանաչ պրոամերիկյան, ովքեր` պրոռուսական ու ինձից էլ լավ գիտեք, թե ով է անկեղծ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА