ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ «ԲՈՐՈՒՍԻԱ» ՌԵԱ՞Լ Է

01.12.2017 23:00 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ «ԲՈՐՈՒՍԻԱ» ՌԵԱ՞Լ Է

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Ուոթֆորդին» եւ վստահ հաղթանակ տարավ 4:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս անգամ էլ չէր ընդգրկվել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հայտացուցակում: 
Հայ ֆուտբոլիստը չէր հայտավորվել նաեւ Չեմպիոնների լիգայում «Բազելի» հետ կայացած խաղում: Իսկ Պրեմիեր լիգայի վերջին տուրի` «Բրայթոնի» հետ խաղին Մխիթարյանը մասնակցեց 20 րոպե: 
Այսպիսով, եթե Մխիթարյանը չսկսի զգալի դերակատարություն ունենալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է թվում: Սակայն 20 րոպեանոց ելույթներում, առավել եւս՝ խաղերին չմասնակցելով, նա դժվար թե կարողանա փոխել վերջին ելույթներից ձեւավորված բացասական տպավորությունը:
BBC-ն հաղորդել է, որ «Բորուսիան» հետաքրքրված է իր ֆուտբոլիստին վերադարձնելու մեջ, ինչպես դա տեղի ունեցավ Սինձի Կագավայի հետ 2014 թվականին: «Իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդը» գումար կկորցնի նախորդ տարի ծախսած 26 միլիոն ֆունտ ստերլինգից»,- գրում է պարբերականը: 
Իսկ գերմանական «Kicker»-ն անդրադարձել է BBC-ի վերոհիշյալ հրապարակմանը. «BBC-ն հաղորդել էր, որ հայը երազում է «Բորուսիա» վերադառնալու մասին: Այն, որ 1.5 տարի առաջ նրա հեռանալն այնքան էլ լավ պայմաններով չեղավ, չի խոսում այն մասին, որ դա կարող է խոչընդոտ լինել 28-ամյա ֆուտբոլիստի վերադարձի համար: Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիային» կբերեր այն արագությունը, որը պակասում է թիմին դաշտի կենտրոնում: Նա կարողանում է խաղալ տարբեր դիրքերում, գոլեր խփել եւ փոխանցումներ կատարել: Սակայն նրա տեղափոխությունն ամբողջ ունեցվածք կարժենա դորտմունդցիների համար: Խոսքը ոչ միայն տրանսֆերի, այլեւ ֆուտբոլիստի աշխատավարձի մասին է, ինչը Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» հեքիաթային է դարձնում»: 
Գուցե որոշ բաներ ավելի պարզ դառնան Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում կայանալիք «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում: Այս կարեւոր մրցաշրջանը կարող է որոշիչ լինել Մխիթարյանի, ինչպես նաեւ տանտերերի որոշ ֆուտբոլիստների համար: ESPN-ի ֆուտբոլային փորձագետը գտնում է, որ այդ խաղը յուրահատուկ հարթակ է դառնալու Մխիթարյանի եւ Օզիլի համար, որպեսզի նրանք կարողանան ապացուցել իրենց բարձր կարգը: Ընդգծվում է, որ նրանք շատ նման են միմյանց. երկուսն էլ ավելի շատ են գնահատվել Գերմանիայում եւ երկուսն էլ կարեւոր հանդիպումներին «անհետանալու» հատկություն ունեն: Նաեւ, որ նրանք իրենց թիմերի կրեատիվ խաղացողներն են, որոնք կարող են մեկ կտրող փոխանցմամբ մոլորության մեջ գցել մրցակցի պաշտպաններին:

Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը երկրպագուների հետ (տեսանյութ)

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА