ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԱՍԻՆ

13.12.2017 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԱՍԻՆ

Այն, որ Ազգ-բանակ հայեցակարգը հստակ աշխատում է, երեւաց նաեւ մեր պաշտպանական գերատեսչության, եթե ոչ սենսացիոն, ապա շատ ուշագրավ հայտարարությունից: ՊՆ-ն հայտարարեց տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ: Այսինքն` այս ձմեռային զորակոչի շրջանակներում ունենում ենք նաեւ այն, ինչը սոցցանցերում արդեն կնքել են «ՏՏ զորակոչ»: 
ՈՎ ԵՎ ԻՆՉՈՒ Է ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿՆԵՐԻՆ
Հասկանալի է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, վայելելով Գերագույն գլխավոր հրամանատարի զորակցությունը, մեր բանակը նախապատրաստում է ապագայի պատերազմների, միաժամանակ ազատվելով ինչպես անցյալի պատերազմներով կաղապարված կադրերից, այնպես էլ ակնհայտ կոռուպցիոն դեմքերից: Բնականաբար, դա աննկատ չի մնում այն շրջանակների եւ նրանց տիկնիկավարների կողմից, ովքեր առաջ են տանում զազրելի պացիֆիզմը եւ հակաբանակային, դեզերտիրական հոգեբանությունը: Ուսանողական տարկետումների հարցում այդ ուղղությամբ լիովին ձախողվել են ինչպես «Ելքը» խորհրդարանում, այնպես էլ գրանտակերները ԱԺ պատերից դուրս: 
Բայց, միեւնույնն է, էլի այստեղ կամ այնտեղ կազմակերպում են թրքասիրական տարատեսակ աղբաբույր միջոցառումներ, որոնց առջեւ փողը բացում է ցանկացած դահլիճի դուռը: Պակաս չկա նաեւ քարոզչական դաշտում ինչպես բանակի, այնպես էլ անձամբ նախարարի դեմ վարկաբեկման փորձերի: 
Եվ ահա սկսեցին վերակենդանացնել ակնհայտ քաղաքական դիակների: Սկզբում Լեւոն Զուրաբյանին կանչեցին` «բլթացնելու» ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի եթեր, իսկ հետո` դեկտեմբերի 12-ին, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անձամբ ժամանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի «սեւ դղյակ»: Դրա առնչությամբ պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եվրոպական միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես` վերջերս ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման եւ ժողովրդավարացման, տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը` Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության եւ զարգացման համար»: 
Իսկ ո՞վ է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում գլխավորած ուժը ԱԺ ընտրություններին ջախջախիչ պարտություն էր կրել: Դա պացիֆիզմի, պարտվողականության, թրքասիրության քաղաքական ուղեգծի ամենավառ ներկայացուցիչն է, ով հենց այդ նախընտրական ծրագրով էլ հանդես էր եկել: Եվ ենթադրելի է` քանզի «Ելքը» եւ տարատեսակ ՀԿ-ները ձախողվել են քաղաքական այդ գիծն առաջ տանելու գործում, փորձ է արվում վերակենդանացնել եւ դաշտ բերել պացիֆիզմի ծանր հրետանուն` ի դեմս առաջին նախագահի: 
ԻՆՏՐԻԳՆԵՐ` ՏՀԱՃ ՀՈՏՈՎ
Ինչպես հայտնի է, «Ելքը» ստանդարտ քարոզչական հնարք է դարձրել ՀՀԿ-ին 10 հազարական դրամներ ընտրակաշառք բաժանելով ընտրվելու եւ աղքատությունը միտումնավոր խրախուսելու մեղադրանքը: Սակայն այդ առնչությամբ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ուշագրավ ակնարկներ է արել: Նա ուղղակի տեսքով ասաց. «Ես կասեի` բոլորն են տալիս, ովքեր հնարավորություն ունեն, շատ դժվար է հաշվարկել` ով ինչ պայմաններում ինչ արեց»: Նա հորդորեց անուններ չպահանջել. «Չեմ ուզում առանձին-առանձին ասել, բավականաչափ ասել եմ լրագրողներին: Օրինակի համար, ինչի՞ ՀՀՇ-ն չանցավ, «Ելք»-ը անցավ, դե հիմա ինձ բացատրեք` ո՞նց եղավ: Ես գիտեմ` ովքեր են փող բաժանում, ինչի ու ինչ պրոցեսների տակ են լինում»: Սա առավել քան թափանցիկ ակնարկ էր «Ելքի» հավաքած տոկոսների մեխանիկայի որոշակի բաղադրիչների մասին: 
Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ պարբերաբար նույն Գալուստ Գրիգորիչը վստահաբար պնդում է` ինչպիսի կոնկրետ լուծումներով էլ տեղի ունենա 2018-ի ապրիլյան անցումը, իշխանության ղեկը կմնա Սերժ Սարգսյանի ձեռքում, իսկ կառավարող ուժ կմնա ՀՀԿ-ն: Բայց արի ու տես, որ, օրինակ, Լոս Անջելեսով ու Մոսկվայով պտույտներ տված Զարուհի Փոստանջյանը բարձրաձայն եւ հրապարակավ երազում է, որպեսզի պատգամավորները «ծախեն» Սերժ Սարգսյանին: Այսինքն` կարելի է արձանագրել, որ եթե առաջ արմատական ընդդիմադիրները երազում էին «մաքուր» փողոցային հեղաշրջման մասին, այժմ նրանց երեւակայությունը գնում է դեպի պալատական հեղաշրջման երազներ: Ու թերեւս ինչ-ինչ սին հույսեր են տածում դրա մեջ ներքաշել վարչապետին: Օրինակ, ինչպես բացատրել, որ Սեյրան Օհանյանի ՕՐՕ-ականները համացանցում հանկարծ լծվել են Կարեն Կարապետյանին «ռեյտինգ նկարելու» գործին, ինչպես հանկարծ նույն վարչապետին որոշեց գովաբանել բանտում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի համար պատիժը կրող «էպոսագետի» անունից մշտապես հանդես եկող ֆեյսբուքյան էջը... 
Բայց միայն լուսանցքայիններն ու ծայրահեղականները չեն անսպասելիորեն լցվել այդ սիրով: Զորօրինակ, դաշնակները, ովքեր ոչ վաղ անցյալում բավականին ոչ միանշանակ հարաբերություններ ունեին վարչապետի հետ, հանկարծ սկսեցին նրան դիֆիրամբներ երգել, իսկ Արմեն Ռուստամյանը անգամ կասկածի տակ դրեց Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը: 
Կա եւ հակառակ գործընթացը: ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ Ծառուկյան դաշինքն ու «Ելքը», բառիս բուն իմաստով, քրքրեցին Կարեն Կարապետյանի կառավարությունը: Բայց այնուհետ Ծառուկյան դաշինքի պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հանկարծ որոշեց անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք Ծառուկյան եւ «Ելք» խմբակցությունները բանակցում են 2018-ի համար վարչապետի միասնական թեկնածուով հանդես գալու մասին. «Նմանատիպ որեւէ բանակցություն եւ գործընթաց չկա: Առիթ եղել է ասելու, որ ընդհանրապես վարչապետի թեկնածության հետ կապված հարց այսօր «Ծառուկյան» խմբակցության օրակարգում չկա: Երբ որ կլինեն քննարկումներ, երբ որ կլինի այդ հարցի հետ կապված նոր ասելիք, ապա մենք անպայմանորեն լրատվամիջոցներին եւ հանրությանը տեղյակ կպահենք»: 
Բայց միաժամանակ տիկին Տոնոյանը նշեց, որ քննարկումներ չկան նաեւ իշխող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորության վերաբերյալ. «Երբ որ պահը հասունանա, կլինեն քննարկումներ, եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այդ որոշումը կկայացվի»:
Այսինքն` ստացվում է, որ Ծառուկյան դաշինքը ներկայանում է յուրատեսակ «եւ-եւ» տարբերակով: Որ այս պահին անձ ու դաշինք չեն քննարկում, բայց տեսականորեն հնարավոր է ե՛ւ մեկ տարբերակը, ե՛ւ մյուս տարբերակը: 
Իսկ միաժամանակ կան նաեւ լոբբիստական խմբեր, որոնք աշխատում են հիմնականում բարձրաձայնելու այնպիսի բաներ, որոնք պղտորում են երկրի մթնոլորտը եւ լարվածության մեջ գցում հանրությանը: Դրանք, մասնավորապես, ջանքեր գործադրեցին, որպեսզի «ընտանեկան բռնության» օրենքում հնարավորինս սղացվեն ամենակասկածելի եւ վտանգավոր դրույթները, միաժամանակ էլ հրապարակավ ցինիկ գարշանք հնչի ավանդական ընտանիքների հասցեին: Այդտեղ ավելորդ չէ նշել, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի դերը, իսկ հմուտ դամքաշի դերակատարություն ստանձնեց նախարար Լեւոն Ալթունյանը, ով կասկածահարույց «Գարդասիլի» կիրառումն արդարացնելու համար անգամ հայտարարեց, իբր, ըստ հարցումների, մինչեւ 15 տարեկան աղջնակների 1/4-ը մեր երկրում արդեն ունեցել են սեռական հարաբերություն: 
Թերեւս ավելորդ չէ նույն այդ լոբբինգի հարցում օրինակ վերցնել ԱՄՆ-ից` լոբբինգը դնել օրենքի շրջանակների մեջ, դրա թաքուն տեսակները քրեականացնելով, եւ միաժամանակ էլ օրենքով պարտավորեցնել օտարերկրյա գործակալներին պաշտոնապես գրանցվել: Որպեսզի բաց աղբյուրներում պաշտոնապես նշված լինի` ով ում գործակալն է եւ ում շահերի լոբբիստը:

Հրանտ Բագրատյանը տնտեսական աճի մասին

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА