ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՑՅՈՒՐԻԽՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԳՈՐԾՈՒՄ Է

15.12.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՑՅՈՒՐԻԽՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԳՈՐԾՈՒՄ Է

Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով Հունաստանի ԱԳՆ-ում, հանդես եկավ մի շարք ուշագրավ հայտարարություններով: Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան բանակցային գործընթացի մասին է:

Վրաստանն օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀՍՏԱԿԵՑՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ

Այսպես, Նալբանդյանն իր ելույթում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, նախ հիշեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման մասին: Ապա ֆիքսելով, որ «մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին եւ ոգուն», նախարարը նաեւ հիշեցրեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որեւէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար: Արդյունքում, Նալբանդյանը վերահաստատեց արձանագրությունների հետ կապված Հայաստանի մոտեցումը. «Մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»:

Այն, որ մեսիջն առաջին հերթին ուղղված էր Թուրքիային, հասկանալի է: Այն է. մինչեւ գարուն բան չի մնացել, եւ եթե առաջիկա երկու-երեք ամսում Անկարան չվավերացնի Ցյուրիխյան արձանագրությունները, Հայաստանն այդ էջը կհամարի փակված: 

Ընդ որում, արձանագրությունների հետ կապված վերջնական որոշում կայացնելիս Էրդողանը պետք է հաշվի առնի նաեւ այս հանգամանքը: Հենց նա էր Բաքվի ճնշումների ներքո արձանագրությունների վավերացումը կապել ղարաբաղյան ուղղությամբ առաջընթացի հետ: Եվ ահա բանակցային գործընթացը ներկայումս, ինչպես որ նույն ելույթում նկարագրեց Նալբանդյանը, նման ընթացքի մեջ է: Հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը մի փոքրիկ դրական նոտա կար. «Հնարավոր եղավ, թեկուզ եւ բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել»: Տարվա ընթացքում եղել է նաեւ ԱԳ նախարարների մակարդակով մի քանի հանդիպում, որոնցից մեկն էլ՝ օրերս: Էլի կան որոշ դրական նոտաներ: Բայց մեկ է՝ սայլը տեղից չի շարժվում, քանի որ. «Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը»: Եվ դա այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ երկրները, այդ թվում՝ ՌԴ-ն, որին հենց Էրդողանն է վերջերս մի քանի անգամ հռչակել` որպես ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ունակ գործնականում հիմնական ուժը, դեռ 2009թ.-ից, այսինքն՝ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակներից ներկայացրել են եւ մինչ օրս էլ առաջ են տանում հակամարտության կարգավորման ներկայումս միակ ռեալ տարբերակը: «Համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը շարունակելու միջնորդական առաքելությունը կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկությունների փոխզիջումների շուրջ: Այս առաջարկները հայտնի են եւ արտացոլված են համանախագահ երկրների նախագահների` 2009 թվականից ի վեր արված հինգ հայտարարություններում: Այդ առաջարկությունների առանցքը փաթեթային լուծումն է, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական կարգավիճակի որոշումն Արցախի ժողովրդի` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով...»,- մանրամասնեց ՀՀ ԱԳ նախարարը:

Իրանը Նաթանզում ուրանի հարստացման ցենտրիֆուգների շահագործումը կսկսի մեկ ամսվա ընթացքում

Կարճ ասած, Նալբանդյանի ամբողջական մեսիջն այս տեսքն ունեցավ. հունվարի երկրորդ կեսին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւս մեկ հանդիպում է լինելու, որին միգուցե հաջորդի նաեւ նախագահների հանդիպումը: «Ինչպես միշտ մենք նման հանդիպումներին գնում ենք կառուցողական տրամադրվածությամբ», եւ եթե Թուրքիան ցանկանում է հակամարտության հետ կապված առաջընթաց տեսնել, ապա դա պետք է իր «փոքր եղբորից» պահանջի: Ընդ որում, հաշվի առնելով, որ հակամարտության կարգավորման սեփական պատկերացումները, որոնք Էրդողանը ներկայացրել էր ՌԴ նախագահին, չընդունվեցին, եւ ՄԽ համանախագահող երկրները մնում են իրենց հիշատակված դիրքերում: Եվ եթե այս իրավիճակում Բաքուն նորից գործընթացը ձախողի, ապա Անկարան պետք է կողմնորոշվի՝ ուժի մե՞ջ է թողնում Ցյուրիխյան արձանագրությունների հետ կապված իր նախապայմանները: Եթե, այո, ապա Հայաստանը պարզապես արձանագրություններից կհրաժարվի: Իսկ դա նշանակում է, որ եթե Թուրքիան հետագայում ցանկանա վերադառնալ հայ-թուրքական թեմային, ապա Հայաստանը հազիվ թե համաձայնի ընդունել Ցյուրիխյան արձանագրություններում ֆիքսված բավականին մեղմ պայմանները:

ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ

Այսպիսով, Նալբանդյանը, ըստ էության, ամբողջացրեց քայլերի այն հերթականությունը, որով առաջիկա երեք-չորս ամիսներին առաջ կգնա թուրքական եւ արցախյան թեմաների առնչությամբ: Այսինքն, որոշում կայացնելու հերթը Անկարայինն ու Բաքվինն է:

Այն, որ Թուրքիայի համար հայկական ուղղությունը գնալով կարեւորվում է, միանգամից մի քանի հիմնական գործոն է վկայում: Նախ՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հարաբերությունների շարունակական վատթարացման արդյունքում աճում է այն բանի հավանականությունը, որ այդ երկու երկրները կարող են եւ Անկարային հարվածել Հայոց ցեղասպանության ճանաչման խաղաքարտով: Եվ երկրորդը, նույն այդ գործոնը Անկարայի համար գնալով կարեւորում է ռուսական ուղղությունը, եւ այդ տեսանկյունից՝ Հայաստանի հետ բաց սահման ունենալը Թուրքիայի համար շատ օգտակար կլիներ: Վերջապես, թեեւ որոշ գլոբալ հարցերով Թուրքիան եւ Իրանը ներկայումս հայտնվել են բարիկադների նույն կողմում, սակայն Հարավային Կովկասում եւ, կովկասյան տարածաշրջանով ՌԴ-ի հետ համագործակցության հարցում Անկարան եւ Թեհրանը միայն խորացող հակամարտության մեջ են: Միաժամանակ, Անկարայի համար շատ ձեռնտու իրավիճակ կլիներ, եթե Իսրայելի հետ խորացող հակամարտության պարագայում թիկունքում ունենար հարավկովկասյան լիարժեք գործող կոմունիկացիոն համակարգը, այդ թվում՝ Իրան-Նախիջեւան-Հայաստան-Թուրքիա երկաթուղին եւ դեպի Ռուսաստան դրա ելքը՝ աբխազական հատվածով:

Շվեյցարական լաբորատորիան պատասխանել է «Սկրիպալի գործում» BZ քիմիական նյութի մասին Լավրովի խոսքերին

Առավել եւս, որ Իսրայել-ԱՄՆ ուղղությամբ հակամարտության այս հերթական փուլը, որի առիթ դարձավ Երուսաղեմի պատմությունը, կարող է բավականին ծանր զարգացումներ ունենալ: Նկատի ունենք հետեւյալ հանգամանքը: Նախօրեին Երուսաղեմի հարցով Ստամբուլում կայացած Իսլամական երկրների կազմակերպության արտակարգ գագաթաժողովում Էրդողանը դրության տերն էր: Համենայնդեպս` առաջարկը, որով նա հանդես եկավ, այն է՝ Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք, դարձավ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի առանցքային դրույթներից մեկը: Դա, ինչ խոսք, խոստացնում է լրջորեն սրել թուրք-իսրայելյան հարաբերությունները եւ, հաշվի առնելով, որ Թրամփը ամեն ինչում Իսրայելի կողքին է, նաեւ՝ թուրք-ամերիկյան: Բայց մյուս կողմից էլ, թեեւ հռչակագիրը 48 իսլամական երկրների անունից էր, մեկ է՝ նրանց մի մասը, դժվար է ասել, թե գործնական քայլերի անհրաժեշտության դեպքում ինչ քայլերի կդիմի: Հաշվի առնելով նաեւ, որ այդ երկրները, այսինքն՝ Սաուդյան Արաբիան եւ նրա մերձավորները եւ մի շարք համեմատաբար չեզոք պետություններ Ստամբուլ ներկայացել էին ոչ առաջին դեմքերի մակարդակով: Ճիշտ է, բոլորն էլ գագաթաժողովի արձանագրությանն իրենց համաձայնությունը տվեցին, քանի որ հակառակ դեպքում իսլամական աշխարհում կընկալվեին որպես դավաճաններ: Բայց այդ պարագայում անգամ դժվար է ասել, թե գործնականում ինչպես կվարվի Սաուդյան Արաբիան, որը սերտ կապեր ունի Իսրայելի, ապա՝ Թրամփի հրեա փեսայի հետ: Միեւնույն ժամանակ չի կարող Երուսաղեմի համար պայքարում առաջին դիրքերում հանդուրժել Անկարային եւ Թեհրանին: 

Այսպիսով, հակաիսրայելյան լիարժեք կոալիցիա ստեղծել Էրդողանին եւ Ռոհանիին չհաջողվեց, թեեւ նման սպասելիքներ չկային էլ: Եվ այս պարագայում դեռ հարց է, թե իսլամական աշխարհի մի մասը չի՞ տեղակայվի բարիկադների` Իսրայել-ԱՄՆ հատվածում: Եվ այս իրավիճակում Էրդողանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը պաղեստինյան հակամարտությունում չի կարող այլեւս միջնորդ լինել, եւ պետք է ավելի չեզոք այլ միջնորդ, թերեւս այս գործընթացներում ներգրավվելու ՌԴ-ին արված առաջարկ էր:  Ու դա հասկանալի է. առանց առնվազն թիկունքում ՌԴ-ին տեսնելու, Էրդողանը հազիվ թե Իսրայելի հետ այս խորացող հակամարտությունում ռեալ հաջողության շանս ունենա:

Մյուս կողմից, Անկարայի համար այս իրավիճակում կարեւորվում է նաեւ հարակից հակասությունները, այդ թվում՝ թուրք-հունական եւ թուրք-հայաստանյան խնդիրները առնվազն ժամանակավորապես գոնե հանդարտեցումը: Այս իրավիճակում, իհարկե, անսպասելի չէր Էրդողանի այցը Հունաստան, թեեւ այն հաջող չէր: Իսկ ահա Հայաստանի ուղղությամբ նա ճիշտ պահին ակնարկ ստացավ, թե ինչպես կարող է շարժվել:

Զախարովան խոսել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին (տեսանյութ)

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ալիեւը, ունենալով Իսրայելի հետ սերտ կապեր, այնուամենայնիվ՝ ստիպված էր հետեւել «մեծ եղբորն» ու դատապարտել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը: Հասկանալի է, հիմա նա կփորձի «աչքից հեռու» Իսրայելին բացատրել, թե դա ոչինչ չի նշանակում: Բայց այդ կերպ Ալիեւը ցույց տվեց, որ Իսրայելի եւ Թուրքիայի մեջ ընտրության դեպքում նա Անկարայի հետ է, որը, թերեւս, որոշակի պատկեր կձեւավորի ինչպես Նեթանյահուի, այնպես էլ՝ Թրամփի մոտ:

Այսպիսով, թե այս իրավիճակում ինչ ուղղությամբ առաջ կշարժվի Անկարան, տեսանելի կդառնա ՌԴ նախագահի հետ հայտարարված հերթական հանդիպումից հետո: Իսկ Բաքուն, թերեւս, կկողմնորոշվի Էրդողանի սպասվող քայլերից ելնելով:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА