ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՐԻ՞ՆՁ, ԹԵ՞ ՊԼԱՍՏՄԱՍՍԵ ԳՆԴԻԿՆԵՐ. ԻՆՉ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՆ

15.12.2017 22:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ԲՐԻ՞ՆՁ, ԹԵ՞ ՊԼԱՍՏՄԱՍՍԵ ԳՆԴԻԿՆԵՐ. ԻՆՉ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՆ

Արդեն մի քանի օր է, ինչ հասարակության մեջ խորը մտահոգություններ են առաջացել՝ կապված սպառողական շուկայում հայտնաբերված կեղծ բրնձի հետ: Այն ավելի շատ պլաստմասսե սպիտակ գնդիկների է նման, քան բրնձի: 

Ինչպե՞ս սպիտակեցնել ատամները՝ մի քանի րոպեում

Պատմությունը հետեւյալն է. օրերս լրագրողը խանութից գնած բրինձը տուն տանելով՝ եփել է մի քանի ժամ, սակայն այն այդպես էլ չի եփվել: Ըստ աղբյուրի, պարզվել է, որ այն ոչ թե սովորական բրինձ է եղել, այլ՝ կեղծ եւ ավելի շատ նման է եղել ռետինե իրի: Լրագրողն անմիջապես դիմել էր ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` ՍԱՊԾ եւ ներկայացրել առեղծվածային «բրինձը»: Նա տեղեկացրել է նաեւ, որ բրինձը գնել էր Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/2 հասցեում գտնվող «Նուշ» խանութից:
Լրագրողի բողոքից հետո ՍԱՊԾ աշխատակիցները նույն խանութում իրականացրել են բրնձի նմուշառում եւ կասեցրել են խանութում եղած ողջ խմբաքանակի իրացումը: Ըստ ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանի՝ դիտարկում է իրականացվել նաեւ բրինձը ներմուծող կազմակերպությունում` «Արմեն-Համիկ» ՍՊԸ-ում, որի պահեստից հայտնաբերվել է 130 կգ բրինձ. դրա վաճառքը նույնպես կասեցվել Է: 
Այնուամենայնիվ, ի՞նչ բրնձի մասին է խոսքը: ՍԱՊԾ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ նմուշառված բրինձը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության. «Համաձայն դրանց արդյունքների` քաղաքացու մատնանշած խանութից նմուշառված բրինձն անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող իրավական ակտերի (ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի) պահանջներին: Իրացման ցանցում ՍԱՊԾ մասնագետներին տրամադրվել է համապատասխանության հայտարարագիր, համաձայն որի, բրինձը հանդիսանում է առաջին կարգի, արտադրված է Ռուսաստանի Դաշնությունում ընդունված տեխնիկական պայմանների համաձայն: Սակայն զգայաբանական վերլուծության արդյունքում հաստատվել է, որ ներկայացված նմուշը, համաձայն 6292-93 ԳՕՍՏ-ի, հանդիսանում է ոչ թե առաջին կարգի, այլ մանրատված տեսակի բրինձ է: Նմուշն ունեցել է արտահայտված հոտ, որը կարող էր պայմանավորված լինել այլ ապրանքների հետ համատեղ պահեստավորմամբ»:
Նշենք նաեւ, որ ըստ ՍԱՊԾ լրատվության բաժնի, իրացման կետից ստացած տեղեկատվության հիման վրա նմուշառում է արվել նաեւ հավանական ներմուծողի պահեստից: Նմուշառված խմբաքանակը ենթարկվել է փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ պահեստավորված բրինձը նույնպես համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջներին: Զգայաբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցից եւ պահեստից վերցված նմուշները նույնական չեն: Իրականացվել են բազմակողմանի լաբորատոր փորձաքննություններ, որոնց արդյունքում հերքվել են փորձանմուշների արհեստական ծագման վերաբերյալ ենթադրությունները: Դա հաստատվել է նաեւ նմուշների` բարձր ջերմաստիճանի նկատմամբ ունեցած վարքով: Փորձաքննության ենթարկված նմուշն այրվել է պատշաճ որակի բրնձին համապատասխան ձեւով, իսկ այրման ընթացքում բացակայել են պոլիմերային նյութերի այրմանը հատուկ երեւույթները (համեմատության համար երկու նմուշից բացի հետազոտվել է նաեւ բարձրորակ բրնձի նմուշ. այրման ընթացքում բոլոր երեք նմուշները դրսեւորել են միանման վարքագիծ): Բացի այդ, պարզվել է, որ նմուշների ածխաջրային կազմը գտնվում է բրնձին բնորոշ տիրույթում:
Այսպիսով՝ ՍԱՊԾ-ն հերքում է բրնձի պոլիմերային լինելու մասին լուրերը: Դա սպասելի էր՝ դժվար թե պլաստմասսե բրինձ վաճառվի: Բայց փաստն այն է, որ վաճառված բրինձն ուտելու բան չէ: Այսինքն, սպառողը վճարել է մի բանի համար, որը պետք է տանի տուն ու դեն նետի: Ուրեմն, քանի՞ սպառողից են նման եղանակով փող պոկել, եւ ո՞վ է դրա համար պատասխան տալու. թերեւս հենց սա է այս պատմության ամենաէական կողմը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՊԵԿ նախագահը «դո՞շ» տալիս Սամվել Ալեքսանյանի բիզնեսին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА