ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՀՐԱԺԱՐՎԻ՞ ՑՅՈՒՐԻԽՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԴԵՌ ՀՍՏԱԿ Է

19.12.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԷՐԴՈՂԱՆԸ ԿՀՐԱԺԱՐՎԻ՞ ՑՅՈՒՐԻԽՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԴԵՌ ՀՍՏԱԿ Է

Ցյուրիխյան արձանագրություններն առաջիկա գարնանը չեղարկելու հետ կապված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Հունաստանում արած հայտարարությունը, ինչպես եւ սպասվում էր, Թուրքիային նկատելիորեն մտահոգեց: Համենայնդեպս այն, որ Անկարան, այն էլ՝ իր համար գերլարված ներկայիս իրավիճակում չհապաղեց ԱԳ նախարարության պաշտոնական հայտարարության տեսքով արձագանքել, այս մասին է վկայում:

Էրդողանը՝ ղարաբաղյան հակամարտության մասին. «Երբեք Ադրբեջանին մենակ չենք թողնի»

«ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԵՄԲԵՐԼԻՆԻՆ»

Բնական է՝ Անկարայի արձագանքը տիպիկ թուրքական դիվանագիտության ոճով էր: Սկսելով նրանից, թե՝ «Չնայած արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի բացասական դիրքորոշմանը, Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Այս արձանագրությունները դեռեւս գտնվում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում...», անմիջապես էլ հիշեցնում են իրենց նախապայմանը. «Անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց լինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի հիման վրա...»:

Սպասելի երանգավորում ուներ նաեւ Անկարայի այդ արձագանքի հետ կապված ՀՀ ԱԳՆ-ի գնահատականը. «Անկարան չի խորշում եւս մեկ անգամ կրկնել իր նախապայմանները, կապելով հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ՝ կամայական հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին, որոնք որեւէ առնչություն չունեն կարգավորման բանակցային գործընթացի հետ: Բոլորին է հայտնի, որ արձանագրություններում ղարաբաղյան հակամարտության կամ որեւէ նախապայմանի մասին խոսք անգամ չկա: Ստորագրումից հետո, վերստին նախապայմանների լեզվին վերադառնալով, Թուրքիան դեմ գնաց միջազգային հանրությանը, որն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը...»: Վերահաստատելով, որ Ցյուրիխյան արձանագրությունները «դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018 թվականի գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ», ՀՀ ԱԳՆ-ն միաժամանակ եւս մեկ անգամ հիշեցրեց Ցեղասպանության մասին. «Նորություն չէ, որ Թուրքիայի իշխանությունները կառչում են կարծրատիպային մոտեցումներից, փորձում են շինծու մեղադրանքներ հնչեցնել: Հարյուր տարուց ավել է, ինչ այդ երկրի ղեկավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Մի՞թե ավելի հեշտ է ժխտողականության միջոցով իր ուսերին վերցնել Օսմանյան կայսրության կողմից գործված հարյուրամյա վաղեմության մեծ ոճրի մեղքը, քան ճանաչել այն՝ կարեւոր ծառայություն մատուցելով թե՛ սեփական ժողովրդի, թե՛ տարածաշրջանի ապագայի, թե՛ նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին»: Իսկ սա արդեն նման էր ակնարկի, որ Ցյուրիխյան արձանագրությունները չեղարկելուց հետո, եթե Թուրքիան նորից վերադառնա հայ-թուրքական թեմային, այդ դեպքում արդեն Ցեղասպանության խնդիրը Հայաստանն այլ կերպ կդնի:

Էրդողանը Բաքվում խոսել է Արցախի և Նախիջևանի մասին

Այսպիսով՝ Անկարան շարունակում է հայ-թուրքական հաշտեցման խնդիրը կապել Ղարաբաղի հետ: Բայց նաեւ նկատենք, որ կարծես թե փորձում է Ցյուրիխյան արձանագրությունների հարցում ինքն իրեն արդարացնել՝ դրանց միանգամայն հավանական ձախողման պատասխանատվությունը ուղղելով դեպի Հայաստան: Ու այստեղ մեկ ուշագրավ հարց է առաջ գալիս. այդ ո՞ւմ առաջ է Անկարան փորձում իրեն արդարացնել: 

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Ի վերջո, չմոռանանք մեկ փաստ. Թուրքիան վերջնական տեսքով Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը գնաց Վաշինգտոնի ճնշումների ներքո: Բայց դրանից մոտ 10 տարի է անցել, աշխարհում շատ բան է փոխվել: Այդ թվում, Վաշինգտոնն արդեն Անկարայի նկատմամբ երբեմնի վերահսկողությունը չունի: Ավելին, ԱՄՆ-ին հիմա հայ-թուրքական հաշտեցման թեման առանձնապես չի էլ հետաքրքրում: Ավելին. թեման Օբամայի կառավարման երկրորդ ժամկետում, երբ Ցյուրիխյան արձանագրությունների կնքամայր Հիլարի Քլինթոնը լքել էր պետքարտուղարի պաշտոնը, արդեն իսկ երկրորդ պլանում էր: Իսկ ահա Թրամփի օրոք Վաշինգտոնը երեւի չի էլ հիշում, որ նման փաստաթուղթ կա: Մի խոսքով, եթե վերացել է տասնամյա վաղեմության այն ճնշիչ գործոնը, Էրդողանի էլ ինչի՞ն է պետք արձանագրությունները «Թուրքիայի Ազգային մեծ ժողովում» թողնելը, առավել եւս՝ արդարանալը, թե այն եթե ձախողվի, ապա՝ Հայաստանի մեղքով: Այսինքն, եթե խնդիրը միայն ԱՄՆ-ի այն ժամանակների ճնշումը լիներ, հիմա Էրդողանն անգամ ԱԳՆ-ի մակարդակով դրան անդրադառնալու կարիք չէր ունենա. պարզապես հանգիստ կնստեր ու կսպասեր, թե երբ է գարունը գալու, որ Հայաստանը հրաժարվի արձանագրություններից: Առավել եւս, երբ հստակ գիտակցում է, որ նախ՝ հանուն այդ արձանագրությունների՝ Հայաստանը երբեք չի գնա Ղարաբաղի հարցով Անկարայի մատնանշած պահանջների կատարմանը: Երկրորդը. հակամարտության կարգավորման նման մեխանիզմի մասին ներկայումս, բացի Անկարայից եւ Բաքվից, այլեւս ոչ մեկը չի խոսում: Ընդ որում, այդ մասին անուղղակի ակնարկ կար նաեւ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցում: Այսպես, նախագահը նախ անդրադարձավ ՀՀ-ԵՄ համաձայնագրին՝ դրա կարեւորագույն դրույթներից մեկը համարելով ղարաբաղյան հակամարտության հետ կապված հատվածը: Այն առումով, որ ինչպես Ս.Սարգսյանը հիշեցրեց. «Փաստաթղթում հաստատորեն նշվում են այն երեք սկզբունքները, որ բոլորի կողմից ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը մեզ՝ նկատի ունեմ կողմերին, առաջարկել է...»: Եվ չմոռանանք, որ խոսքը նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին է, որը բացակայում է Անկարայի հիշատակված նախապայմանների մեջ: Իսկ ահա ՀՀ-ԵՄ համաձայնագրում ակնարկ անգամ չկա «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի» մասին Անկարայի նախապայմանի մասին: Եվ, ամենակարեւորը, որ ակնարկեց ՀՀ նախագահը, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացվում է ԵՄ երկրների կողմից, այսինքն՝ այն այդ երկրների համար, ղարաբաղյան հակամարտության հետ կապված նշված դրվագով հանդերձ, օրենքի ուժ է ստանում: «Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվելիս այդ երկրները պետք է առաջնորդվեն օրենքի ուժ ստացած այդ փաստաթղթով»,- մանրամասնեց Ս.Սարգսյանը:

Էրդողանը մեկնել է Ադրբեջան

Ինչ վերաբերում է ՌԴ-ի դիրքորոշմանը, ապա այն հերթական անգամ ֆիքսվեց ՌԴ ԱԳ նախարարի վերջին այցի ժամանակ: «Ղարաբաղի մասով, նորից եմ ասում, ինչ-որ կար Լավրովն ասուլիսի ընթացքում ներկայացրեց: Ռուսաստանի արտգործնախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել այս կոնֆլիկտը, եւ առաջարկված սկզբունքները միակն են, որ հնարավորություն են տալիս լուծելու կոնֆլիկտը»,- ասաց ՀՀ նախագահը: Եվ չմոռանանք, որ Լավրովի այս վերջին այցն այն օրերին էր, երբ Էրդողանը ՌԴ նախագահի հետ հանդիպելով, փորձեց առաջ մղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր պատկերացրած սխեման: Եվ ահա, Ս.Սարգսյանի հիշատակված միտքը նաեւ ակնարկում է, որ Էրդողանի այդ փորձը որեւէ արդյունք չի տվել. ՌԴ-ի դիրքորոշումը, որը, չմոռանանք, համահունչ է ԵՄ-ի հիշատակված մոտեցմանը, մնում է նույնը: Միաժամանակ, Ս.Սարգսյանն անդրադարձավ նաեւ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ծեծված թեմային, որը «ԵԼՔ»-ի պահանջով քննարկվեց մինչեւ իսկ խորհրդարանում, ընդգծեց. «Բացարձակապես ռացիոնալություն չեմ տեսնում: Ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերին ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչեւ վերջ չտիրապետելուց...»: Իսկ դա նշանակում է, որ ՌԴ-ՀՀ հարաբերություններում կնճռոտ խնդիրների առաջ գալը, որոնք կարող էին նպաստել մինչեւ իսկ ղարաբաղյան հարցով Մոսկվայի դիրքորոշման փոփոխությանը, զրոյական հավանականություն ունեն:

Վերջապես, չի փոխվել նաեւ Մինսկի խմբի երրորդ համանախագահի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը նույնն է, ինչ Եվրոպայինը ու ՌԴ-ինը: Ընդ որում, առաջիկայում չի էլ փոխվելու, հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ Անկարայի հարաբերությունների այս շարունակական վատթարացումը:

ԳՆԴԱԿԸ ՄՆԱՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԻՍԱԴԱՇՏՈՒՄ

Այս բոլոր մտքերով Ս.Սարգսյանը, եթե անգամ Անկարայի՞ն ինչ-որ բան ակնարկելու միտք չուներ, մեկ է՝ ոչ միայն դեպի Թուրքիա, այլ նաեւ դեպի Բաքու հղեց այն կարեւորագույն մեսիջը, որ ղարաբաղյան գործընթացի մասին, համենայնդեպս՝ ներկայիս իրողությունների պարագայում համաշխարհային առանցքային ուժերն ունեն համահունչ տեսլական, որում թուրքական հիշատակված նախապայմանները, մեղմ ասած, չեն տեղավորվում: Ընդ որում, Մինսկի խմբի գործունեությանը, այսինքն՝ նաեւ նույն տեսլականին աջակցում են գործնականում բոլոր երկրները, համաշխարհային կառույցները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ը, ինչը եւս օրերս հերթական անգամ հաստատվեց այդ կառույցների հայտարարություններով: Բնական է, Հայաստանն էլ իր հերթին որեւէ պարագայում չի շարժվելու Անկարայի նախապայմաններով: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ նախագահն իր ելույթով եւս մեկ անգամ անուղղակիորեն Թուրքիային մատնանշեց այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված պետք է կողմնորոշվի՝ ղարաբաղյան կարգավորման հիշատակված ընթացքը հաշվի առնելով: Այն է, կա՛մ լեզու գտնի Բաքվի հետ եւ հրաժարվի նախապայմաններից, կա՛մ արձանագրությունները պարզապես կչեղարկվեն:

Թուրքական լրատվամիջոցը հայտնել է՝ ինչ ունեցվածք ունի Էրդողանը

Ընդ որում, ՀՀ նախագահի ելույթի մեկ դրվագ ակնարկ է՝ արձանագրությունները չեղարկելու պարագայում առաջացող հետեւանքներից մեկի մասին: Խոսքը Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների մասին է, որի զարգացման հեռանկարների հետ կապված Ս.Սարգսյանի խոսքում միայն դրականն էր տեսանելի: Միաժամանակ, ՀՀ նախագահի այս հարցազրույցի հենց հաջորդ օրը տրվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Եթե հավելենք Իրան-ԵՏՄ համագործակցության հեռանկարները, ապա արդյունքում Թուրքիան հայաստանյան փակ սահմանների պատճառով ոչ միայն ԵՏՄ-ի ուղղության, այլ նաեւ՝ տարածաշրջանում Իրանի հետ պայքարի առումով է լուրջ դիրքային կորուստների հեռանկարի առաջ կանգնում: Իսկ այն պարագայում, երբ Էրդողանը համառորեն շարունակում է վատթարացնել հարաբերությունները Իսրայելի եւ այդ կերպ նաեւ ԱՄՆ-ի հետ, ռուսական ուղղությամբ հիշատակված սահմանափակումները նաեւ աշխարհաքաղաքական առումով են Թուրքիային տհաճություններ խոստանում: Թերեւս, սա է պատճառը, որ ամերիկյան ճնշման բացակայության պարագայում անգամ Անկարան դժվարանում է հրաժարվել Ցյուրիխյան արձանագրություններից: Չնայած, այս հարցով, կարծում ենք, դեռ ուշագրավ զարգացումներ կլինեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА