ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՄԱՆՈՐԸ

19.12.2017 21:15 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ
ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՄԱՆՈՐԸ

Նախատոնական տրամադրությունն արդեն թեւածում է ամենուր: Տոնական ճախ սեղաններից զատ մարդիկ ամեն անգամ տոնական եղեւնին զարդարելիս ընկնում են հաճելի հուշերի գիրկն ու առանձնացնում իրենց կյանքի հիշարժան ու տպավորիչ Ամանորը: Մինչ Նոր տարի «Իրավունքը» կներկայացնի մշակույթի գործիչների հիշարժան ու հետաքրքիր Ամանորյա պատմությունները: 
«Իրավունքի» հետ իր հեքիաթային ու հուզիչ Ամանորյա պատմությամբ կիսվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
«Ամանորին մի քանի օր էր մնացել, հայրս մի գեղեցիկ, փարթամ բնական եղեւնի էր բերել տուն: Երեխաներից մեծը ես էի՝ եղբայրներս փոքր էին, քանի որ ուշ ժամ էր ու նրանք արդեն քնել էին, եղեւնին հայրիկիս հետ սկսեցինք զարդարել: Նա հետս կատակում, ցածր ու մեղմ ձայնով երգում էր (ի դեպ, շատ լավ էր երգում), եւ մեծ հաճույքով զարդարում եղեւնին: Իմ ուրախությանը չափ չկար, երանելի պահ էր: Բավական ուշ ավարտեցինք զարդարելը՝ մեր եղեւնին դարձավ շքեղ տոնածառ: Ես ուրախ, ուրախ պտտվեցի տոնածառի շուրջը, հայրս գորովանքով նայում էր ու ժպտում: Ապա գրկեց ինձ եւ տարավ իմ մահճակալը, իսկ ես երջանիկ էի...»,- պատմում է դերասանուհին ու մի պահ մանկության գրկից վերադառնալով հավելում. «Ինչ հետաքրքիր է մանկական հոգին, մի փոքր բանից կարող ես երջանիկ լինել, բայց դա ինձ համար փոքր չէր` ես հայրիկիս հետ զարդարել էի եղեւնին... Հայրս շոյեց ճակատս եւ ես քնեցի մանկան երջանիկ եւ անուշ քնով: Գիշերվա մի պահ աղմուկից վախեցած վեր թռա, բայց մայրս հանգստացրեց եւ չթողեց վեր կենալ, ասաց, որ ոչինչ չի եղել եւ պետք չէ վեր կենալ: Սիրտս անհանգիստ էր, ախր այդ ի՞նչ աղմուկ էր: Առավոտ շատ վաղ վեր կացա եւ... տոնածառը չկար, այն տոնածառը, որը հայիկիս հետ էի զարդարել, իսկ հայրս արդեն տանը չէր: Մայրս ասաց, որ տեղյակ չէ, թե ուր է տոնածառը: Ինձ համար հանելուկ էր դարձել, վերջը կանգ առա այն մտքի վրա, որ երեւի եղբայրնես եւ ես, մեզ լավ չենք պահել եւ Ձմեռ պապին մեր տոնածառը տարել է: Շատ տխրեցի, չէի ուզում լաց լինել, բայց արցունքներս իրենք իրենց թափվում էին աչքերիցս՝ զսպում էի, ամուր փակում  աչքերս, որ չհոսեին, իսկ նրանք հակառակ ինձ ավելի առատ էին հոսում: Ամաչում էի, որ լաց եմ լինում, բայց ոչինչ անել չէի կարող: Մայրս ինձ հանգստացնում էր, որ մեծ աղջիկ եմ եւ պետք չէ լաց լինել... Այո ես մեծ էի՝ վեց տարեկան... Ու մինչինքս ինձ համոզում էի այդ հանկարծ լսեցի մեքենայի ձայն՝ հայրս էր... նա ներս մտավ ձեռքին մի քանի տուփ, այդքան գեղեցիկ նկարազարդված տուփեր ես չէի տեսել, կարծես կախարդական տուփեր լինեին: Ես զարմացած նայում էի, իսկ հայրս ժպիտը դեմքին կամաց-կամաց բացում էր տուփերը ու ինձ թվում էր ես հեքիաթում եմ, զգում էի, որ տուփերում պիտի ինչ-որ շատ լավ բան լինի, բայց որ այդքան անիրական գեղեցկության խաղալիքներ պիտի լինեին, իմ մանկական երեւակայությունը չէր պատկերացրել: Նման հեքիաթային գեղեցկության խաղալիքներ ես չէի տեսել իմ վեցամյա կյանքում, եւ չեմ տեսել մինչեւ հիմա...», - հիշում է մտովի մանկացած դերասանուհին ու բացահայտում եղեւնու հետ տեղի ունեցած առեղծվածը. « Իրականում գիշերվա աղմուկ տոնածառն էր շուռ եկել եւ քանի որ եղեւնին հսկայական էր, իր ծանրության տակ փշրել էր բոլոր խաղալիքները: Հայրս անհանգստացած, որ կարթնանանք եւ չենք տեսնի տոնածառը, շատ շուտ գնացել էր խաղալիքներ փնտրելու, իսկ այն ժամանակ այդքան էլ հեշտ չէր ձեռք բերել այդպիսի գեղեցիկ խաղալիքներ` ոչ հայրենական արտադրության, բայց նա ձեռք էր բերել եւ հետն էլ բերել արհեստական եղեւնի: Այդպես, հայրս շատ արագ պատրաստեց մի փոքրիկ սեղանիկ, վրա ամրացրեց իր պատրաստած փոքրիկ շարժիչը, արհեստական եղեւնին էլ վրան եւ այ քեզ հրաշք՝ եղեւնին սկսեց պտտվել, հետն էլ տոնածառի լույսերը վառվում եւ հանգում էի: Այն ժամանակ դա մեզ համար իսկական հրաշք էր: Բնական եղեւնին հայտնվեց տան մի կողմում՝ իր փարթամությամբ ու շքեղությամբ, իսկ մյուս կողմում արհեստականը՝ իր կախարդական լույսերով եւ պտույտներով... Ես երջանիկ էի, հայրս նայում էր իմ ուրախությանը եւ զգում էի, որ մեր ուրախությունից ինքն էլ էր երջանիկ: Հետո գրկեց ինձ, համբուրեց ու ասաց, որ երբեք չտխրեմ, նա չի թողնի, որ տխրեմ: Այդ Ամանորին մեր փողոցի թե՛ մեծերը, թե՛ փոքրերը գալիս էի մեր տուն՝ հրաշք տոնածառը տեսնելու: Նրանք զարմանում ու հիանում էին, իսկ ես՝ հպարտ էի ու երջանիկ, որ այդպիսի հայր ունեմ... Այդ տարի վերջին տարին էր, որ հայրիկիս հետ զարդարեցի տոնածառը, դժբախտ պատահարը խլեց մեզնից հայրիկիս... Ճիշտ է հայրս չկա, բայց կան այդ հրաշք խաղալիքները եւ ամեն անգամ եղեւնին զարդարելիս, երբ բացում էի այդ հեքիաթային տուփերը ամեն խաղալիքի չքնաղ փայլի մեջ տեսնում էի հորս աչքերը՝ ժպտալով եւ խաղալիքների մեղմ զնգոցի մեջ լսում նրա ձայնը՝ աղջիկս, երբեք չտխրես, ես միշտ քեզ հետ եմ...»:

«Կոկորդս ցավում է երջանկության հուզմունքից». դերասան Դավիթ Գրիգորյանը հայր է դարձել

Ներկայացրեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА