ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս պահին «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» միջեւ որեւէ բանակցություն չկա»

22.12.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այս պահին «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» միջեւ որեւէ բանակցություն չկա»

Շաբաթը լի էր խորհրդարանական ինտրիգներով, եւ ամեն ինչ սկսվեց, երբ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Հենց այդ ժամանակ էլ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն իրարանցում առաջացրին եւ չընդունեցին քվեարկության արդյունքները: Ավելին` մամուլում լայնորեն շրջանառվեցին լուրեր, որ «Ծառուկյան» խմբակցությունում տեղի է ունեցել քաշքշուկ` պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ կապված: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում` «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ: 

«Գնացիք, բերեցիք, խառնեցիք` հիմա էլ միացնում եք մեզ». Գ. Ծառուկյանը՝ Ռ. Քոչարյանի մասին

«ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐՍՈՒՄ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

– Տիկին Զոհրաբյան, ի վերջո, ի՞նչ է կատարվում «Ծառուկյան» դաշինքի ներսում, եւ արդյոք հարթվել են եղած խնդիրները:

– Որեւէ խնդիր «Ծառուկյան» դաշինքի ներսում չկա եւ չի կարող լինել: Ցանկացած  մեծ խմբակցության ներսում կարող են լինել աշխատանքային հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, քննարկումներ, եւ այդ ամենը փորձել սարքել դարի սենսացիա, ինչը փորձ արվեց անել մամուլի որոշ հրապարակումներում, կարծում եմ` առնվազն կոռեկտ չէ: Գիտեք, ինձ համար հասկանալի չի լինի այն խմբակցությունը, որտեղ բոլորը նույն հարցի վերաբերյալ ունենան միատեսակ մոտեցում: Դա ինձ կհիշեցներ շատ հայտնի Կորեայի միջավայրը: Այնպես որ, այո՛, մեր խմբակցությունում լինում են նաեւ մտքերի բախումներ, լինում են նաեւ անհամաձայնություններ, բայց երբ կայացվում է խմբակցության որոշումը, այդ որոշմանը պարտավոր են ենթարկվել բոլորը` առանց բացառության:

– 2018-ին շատ կարեւոր քվեարկություններ են սպասվում խորհրդարանում, մտավախություն չունե՞ք, որ կարող է վերջին պահին ինչ-որ մեկի պատգամավորական կոճակը չաշխատել:

– Ո՛չ, մտավախություն չունեմ, որովհետեւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խմբակցությունում չի կարող պատահաբար, միտումնավոր կերպով կամ ինչ-ինչ ստվերային պայմանավորվածություններ ունենալով այս կամ այն քաղաքական ուժերի հետ, հանկարծ մեկի կոճակը չաշխատել: Իսկ այն, ինչ տեղի է ունեցել այս քվեարկության ժամանակ, ընդամենը պատահականություն, տեխնիկական շփոթմունք էր, ինչի մասին Նապոլեոն Ազիզյանն իր գրավոր դիմումի մեջ ասել է ԱԺ քարտուղարությանը: Նորից եմ կրկնում` չի կարող մեր խմբակցությունում որեւէ մեկը դիտավորյալ խմբակցության դիրքորոշումից տարբերվող քվեարկություն ունենալ: Եղել է ընդամենը տեխնիկական անճշտության խնդիր:

– ԱԺ նախագահությունում ունեք ընդդիմադիր փոխխոսնակ, այդ պահին ինչո՞ւ Միքայել Մելքումյանը որեւէ կերպ չարձագանքեց: 

– Ես չգիտեմ, թե ինչ պետք է ասեր պարոն Մելքումյանը, կարծում եմ` նա շատ ճիշտ է իրեն պահել: Յուրաքանչյուր պատգամավոր, ում հետ տեղի է ունենում անճշտություն, ինքը պետք է մոտենա եւ հարթի խնդիրը: Իսկ Մելքումյանի, իմ կամ մեր խմբակցության որեւէ այլ պատգամավորի ասածը մեկ այլ պատգամավորի փոխարեն, իրավական որեւէ ուժ ունենալ չէր կարող: Իսկ մենք սովոր ենք անել այնպիսի գործողություններ, որոնք ունեն իրավական ուժ եւ իրավական հետեւանք:

«Երեւանցիները պետք է միասնական լինեն եւ չբաժանվեն ո՛չ սեւերի, ո՛չ էլ սպիտակների»

«ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՂԱՆՈՒՄ Է»

– Խորհրդարանական ընդամենը 9 հոգանոց խմբակցություն ունեցող «Ելքը» նախագահի թեկնածու է առաջադրել Արտակ Զեյնալյանին եւ հայտարարել` այս հարցի վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության հետ բանակցություններ սկսելու մասին: Ի՞նչ փուլում է այս գործընթացը:

– Այս պահին որեւէ բանակցություն չկա: Մենք ստացել ենք «Ելքի» ղեկավարի դիմումը մեր խմբակցությանը, սակայն մեր օրակարգում հիմա նախագահի թեկնածուի հարց չկա: «Ծառուկյան» դաշինքը դեռ իր ներսում պետք է քննարկի` մենք առաջադրո՞ւմ ենք նախագահի թեկնածու, թե` ոչ, բայց նման քննարկումներ եւս այս պահին մեր խմբակցությունում չկան: Ամեն դեպքում, երբ «Ելքի» մեր գործընկերներն արդեն ներկայացնում են կոնկրետ թեկնածուի եւ իրենց տարբեր հարցազրույցներում ասում են, որ որեւէ քաղաքական ուժ չի կարող ներկայացնել առավել ընդունելի թեկնածուի, այստեղ կարծում եմ` ցանկացած բանակցության հնարավորությունը նեղանում է: Այդուհանդերձ, մենք հարգանքով ենք վերաբերում ցանկացած քաղաքական ուժի որոշմանը եւ քաղաքական օրակարգին:

– Ժամանակին այսօրվա «Ելքի» պատգամավորները մեղադրում էին ՀԱԿ-ին` «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցելու համար: Այժմ իրենք են բանակցությունների ուղի փնտրում: Այս ամենը Ձեզ պատմության կրկնություն չի՞ հիշեցնում: 

– «Ծառուկյան» դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցելը ցանկացած քաղաքական ուժի եւ գործչի համար պետք է լինի մեծ պատիվ: Այսքանը:

– Իսկ ինչպիսի՞ն է Ձեր անձնական տեսակետը` ընդդիմության միասնական նախագահի թեկնածու ունենալու հարցում:

– Ես մեծ քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ եւ նման լրջագույն հարցերում անձնական տեսակետ հայտնելը համարում եմ քաղաքականապես ոչ պրոֆեսիոնալ: Երբ խմբակցությունը կքննարկի այդ հարցը, վստահ եղեք, որ լրատվամիջոցներից մենք որեւէ բան չենք թաքցնելու եւ մեր հրապարակային դիրքորոշումը կներկայացնենք:

«ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ԷԼ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՈՒՐՋ ՇՐՋԱԴԱՐՁՆԵՐ ԼԻՆԵԼ»

– Գրեթե ողջ տարին խոսակցություններ էին շրջանառվում, որ «Ծառուկյան» դաշինքը կարող է իշխող կոալիցիայի մաս կազմել: Հնարավոր համարո՞ւմ եք այդպիսի շրջադարձը եւ արդյոք այդ առումով անհարմարություն չեք զգա:

Ավագանիների մեծ դեբատին չի մասնակցել միայն Նաիրա Զոհրաբյանը

– Ինչ-որ կոալիցիա կազմելու, ինչ-որ պորտֆելներ ստանձնելու վերաբերյալ որեւէ քննարկում «Ծառուկյան» դաշինքում չի եղել, իսկ ես սովոր եմ արձագանքել միայն փաստերին: Տեսական ենթադրություններ, «ապա», «եթե», «միգուցե» ձեւակերպումներով սկսվող նախադասություններ քաղաքականության մեջ չեմ ընդունում: Ձեզ հավաստիացնում եմ, որ նման քննարկումներ չկան:

– Առհասարակ, Ձեր գնահատմամբ` 2018-ի ապրիլին լուրջ քաղաքական շրջադարձ հնարավո՞ր է տեղի ունենա:

– Հայաստանն այնպիսի ներքին եւ արտաքին լուրջ մարտահրավերներ ունեցող երկիր է, որ ցանկացած պահի էլ մեր երկրում կարող են լուրջ շրջադարձներ լինել: Եվ ես ընդամենը մի բան եմ ցանկանում` որ այդ բոլոր շրջադարձերը լինեն լրջագույն բարեփոխումների եւ համակարգային փոփոխությունների տեսքով ու իրենց մեջ կրեն մեկ ֆորմուլա` ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА