ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպանություն ամուսնու և տեգերկնոջ սեռական կապի ականատեսը լինելու պատճառով

23.12.2017 11:14 ԻՐԱՎՈՒՆՔ
Սպանություն ամուսնու և տեգերկնոջ սեռական կապի ականատեսը լինելու պատճառով

1919 թվականի նոյեմբերի 1-ին Ալեքսանդրապոլի գավառի Թոփառլի (Հացիկ) գյուղի երիտասարդ բնակչուհի Սաթենիկը սպանվել էր ամուսնու ձեռքով՝ կրծքին հասցված դաշույնի հարվածից:

Բանգլադեշում կինը բռնաբարել է հարևանի ամուսնուն, նկարահանել և տարածել

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, Ալեքսանդրապոլի գավառի 1-ին տեղամասի կոմիսարի կողմից կազմված արձանագրության մեջ ներառված է Սաթենիկի ամուսնու միջնեկ եղբոր ցուցմունքը. «Ես հաստատ գիտեմ և կարող եմ երդվել, որ իմ եղբոր կին Սաթենիկը բարոյապես շատ մաքուր կին էր, որ ամուսնական անհավատարմության մեջ չի մեղադրված, և ես ոչ մի բանում նրա բարոյականի մասին ոչ մի կասկած չեմ ունեցել: Նա գառի և հրեշտակի պես մաքուր էր…»:

Նոյեմբերի 2-ին Թոփառլի գյուղի բնակիչները հավաքվել էին գյուղական կոմիսարի տան առաջ, որտեղ, որպես գավառի ոստիկանության ներկայացուցչություն, ժամանակավորապես պահվում էին Սաթենիկի սպանության համար կասկածվողները՝ Սաթենիկի ամուսին Վարդանն ու մեծ տեգերկին Արուսյակը:

Կոմիսարի կազմած արձանագրության մեջ նշված է. «Ամբողջ հասարակությունը՝ մեծ ու փոքր, հավաքվել էր գյուղական կոմիսարի տան առաջ և միաձայն պահանջում էր ինքնադատաստանի ենթարկել ոճրագործ Արուսյակ Պետրոսյանցին: Մեկ ձայն դարձած՝ դատապարտում էին նրան՝ ասելով, թե նա է կազմակերպել այդ ոճրագործությունը…»:

Կոմիսարին մեծ դժվարությամբ է հաջողվել հանգստացնել մարդկանց և ցրել բազմությունը:

Սաթենիկի միջնեկ տեգրը հայտնել է. «Մեր հարս Արուսյակը՝ իմ մեծ եղբոր կինը, Սաթենիկին զրկել էր ամեն մի իրավունքից և շատ դեպքերում հաց չէր տալիս նրան ուտելու: Իմ կինս է Սաթենիկին հաց տվել, նույնպես և՝ հարևանները: Արուսյակը շարունակ սպառնում էր ու ասում՝ ինչո՞ւ ես մնում, թող, հեռացիր, ապա թե ոչ՝ ես քեզ սպանել կտամ…»:

Երեք տարվա հարս էր Սաթենիկը: Առաջին երկու տարին հաշտ էին ապրել: Վերջին մեկ տարում ամեն բան գլխիվայր էր շուռ եկել: Վարդանը՝ Սաթենիկի ամուսինը, փոխվել՝ օտարացել էր: Սաթենիկն օր օրի ավելի էր համոզվում, որ մեծ տեգերկին Արուսյակը Վարդանի վրա մեծ ազդեցություն ունի:

20-ամյա Սաթենիկի համար դժվար էր պայքարել 40-ամյա իշխանատենչ Արուսյակի դեմ, իսկ 30-ամյա Վարդանը լիովին ընկել էր Արուսյակի ազդեցության տակ: Բայց դժբախտությունն ավելի խոր էր՝ Սաթենիկը օրերից մի օր դարձել էր իր ամուսնու և Արուսյակի սեռական կապի ականատեսը…

Այդ օրից Սաթենիկն այդ տանը օրուարև չուներ Արուսյակի ձեռքից: Վերջինս Սաթենիկին ոչ միայն բառերով էր վիրավորում, նվաստացնում, ոչ միայն քաղցած էր թողնում, այլև ծեծում էր: Արուսյակը ամուսնուն ու նրա երկու եղբայրներին «բռի մեջ» էր հավաքել, նրանց «ղզիկ» էր ասում, եթե իր ասածները չէին կատարում կամ եթե փորձում էին Սաթենիկին պաշտպանել:

Նոր մանրամասներ «Ոսկու աշխարհում» տեղի ունեցած սպանությունից

Մի օր էլ Սաթենիկը, այլևս չդիմանալով, փախել էր տանից: Գնացել էր Ղալթախչի (Հարթագյուղ)՝ հորեղբոր տուն, բայց մի քանի օր անց Սաթենիկի ամուսնու մեծ եղբայրը՝ Արուսյակի ամուսին Անդրեյը գնացել էր նրա հետևից ու վերադարձրել էր՝ խոստանալով , թե այլևս չեն նեղացնի:

Բայց Անդրեյը, որ անտեղյակ էր կնոջ ու կրտսեր եղբոր սեռական կապից, անկարող էր Սաթենիկին պաշտպանել: Սաթենիկի հալածանքները ավելի դաժան ձևով էին շարունակվել:

Դեպքի օրը՝ 1919 թվականի նոյեմբերի 1-ի վաղ առավոտյան, Սաթենիկը, հոգուն վրա հասած, հավաքել էր ունեցած-չունեցած հագուստը, որ պահվում էր ընդհանուր մեծ սնդուկի մեջ, ու փախել էր տանից: Նա գյուղից հեռանալ չէր հասցրել: Պատսպարվել էր հարևաններից մեկի տանը:

Արուսյակը աղմուկ էր բարձրացրել, թե Սաթենիկը կոտրել է ընդհանուր սնդուկի փականը, վերցրել է իրենց ունեցվածքը և փախել է: Արուսյակի միջնեկ տեգրը՝ նա, ով սպանությունից հետո Սաթենիկին «հրեշտակ ու գառ» էր անվանել, ստուգել էր սնդուկը ու տեսել էր, որ ոչ մի փական էլ կոտրված չէ:

Սակայն Արուսյակը շարունակել էր աղմկել ու նույն սուտը ավելի խտացված գույներով ներկայացրել էր աշխատանքից հարբած վերադարձած Վարդանին ՝ Սաթենիկի ամուսնուն: Վարդանը Ալեքսանդրապոլի դեպոյում էր աշխատում…

Չար տեգերկինը հարբած Վարդանի ինքնասիրությանն էր դիպել. «Քո սաղ մնալդ քանի՞ կոպեկ արժի, որ քո կինը հավաքել է իրա շորերը, որ գնա հորանց տուն… Դու ղզիկ ես, տղամարդ չես, Սաթենիկն է քո մարդը…»:

Վարդանի աչքերի առաջը սևացել էր: Արուսյակը այդ ընթացքում հարևանի տանից քարշ տալով բերել էր Սաթենիկին:

Ամուսինը գազազած հարձակվել էր Սաթենիկի վրա: Մանկամարդ կինը սարսափահար փախել է բակ, բայց Վարդանը բակում հասել էր կնոջը ու դաշույնը մխրճել էր նրա կուրծքը:

Հետագայում՝ սթափվելուց հետո, Վարդանը ասել էր. «Մինչև այժմս ինձ հաշիվ տալ չեմ կարողանում, թե ինչպես կատարվեց չարագործությունը, և մինչև այժմ էլ կարծում եմ, որ կինս կենդանի է, նրա մահը ես չեմ իմացել…»:

1920 թվականի ապրիլի 4-ին կազմվել է մեղադրական ակտ: Վարդան Պետրոսյանցին մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության, իսկ Արուսյակ Պետրոսյանցին՝ այդ սպանությանը դրդելու-հանցակցելու համար:

Խոսակցություններ էին պտտվում, թե Արուսյակը նույն կերպ սպանել էր տվել նաև իր առաջին ամուսնուն: Անդրեյ Պետրոսյանցը նրա երկրորդ ամուսինն էր, իսկ Վարդան Պետրոսյանցը նրա՝ հայտնի չէ, թե որերորդ կամակատարը…

Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ

Այս հանցագործ զույգի նկատմամբ կայացված դատավճիռը չի պահպանվել, բայց պատժաչափը արդեն այնքան էլ էական չէ…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА