ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գարդասիլը՝ իշխանությունների հանդեպ անվստահության չափման միավոր. նախաձեռնության հաջողությունը հարցական է

30.12.2017 11:17 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գարդասիլը՝ իշխանությունների հանդեպ անվստահության չափման միավոր. նախաձեռնության հաջողությունը հարցական է

Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման հարցը Հայաստանում դուրս է եկել առողջապահական խնդրի շրջանակներից եւ քաղաքական է դարձել: «Կողմ» եւ «դեմ» արշավների մասնակիցների կազմից ակնհայտորեն նկատելի է «արեմտամետների» եւ «ռուսամետների» բաժանարար գիծը, չնայած չպետք է մոռանալ, որ հակապատվաստումային արշավներն Արեւմուտքի ծնունդ են: Գարդասիլի կողմնակիցները, սակայն, հակված են այն մտքին, որ Հյուսիսում բոլոր, այդ թվում՝ Արեւմուտքում առաջացած հնարավորություններն օգտագործում են Հայաստանին նույն Արեւմուտքից հեռու պահելու համար: Չնայած Արեւմուտքում էլ, դատելով աշխարհի տարբեր երկրների մեր հայրենակիցների հետ շփումներից, բժիշկներից շատերը հատկապես գարդասիլին զգուշավոր են վերաբերվում:

Օսիպյանը չի՞ տիրապետում իրավիճակին

Սակայն ամենագլխավորն այն է, որ «հայկական գենի ոչնչացման» եւ «հայերի դեմ տիեզերական դավադրության» թեմայով հիստերիան ընկնում է սեփական իշխանությունների նկատմամբ տոտալ անվստահության պտղաբեր հողի վրա:

Իսկ ինչի՞ հիման վրա պետք է ժողովուրդն, ըստ էության, հավատա թեկուզ մեկ նախարարի կամ փոխնախարարի բարի նպատակներին: Իհարկե, «գրանտները ուտելու» մասին տարբերակին ավելի հեշտ է հավատալ, քան «քաղցկեղից բնակչությանը փրկելու» ձգտմանը: Առավել եւս, որ քաղցկեղից փրկելու համար մինչեւ հիմա պետությունն իրեն առանձնապես չի կոտորել՝ օնկոհիվանդների համար գրոշներ վճարելով եւ նրանց առանց խղճի խայթի բախտի քմահաճույքին թողնելով: Նույնիսկ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման հասարակ սքրինինգային ծրագիրը չկարողացան նորմալ կազմակերպել: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մեղքը բարդեց հայ կանանց վրա՝ իբր կանչում ենք հետազոտման, իսկ նրանք չեն գալիս:

Անմիջապես մտաբերում եմ ալյուրի ֆոլաթթվով հարստացման պատմությունը: ՄՊՎ դեմ պատվաստման կողմնակիցներն այսօր գարդասիլի դեմ աղմուկի մեջ նույն ձեռքն են տեսնում, ինչ հարստացված ալյուրի պատմության մեջ: Սակայն ֆոլաթթվի պատմության մեջ մեծ դեր խաղաց իշխանությունների նկատմամբ նույն անվստահությունը՝ ե՞րբ է Հայաստանի կառավարությունը մտածել բնակչության սննդաբաժնում անհրաժեշտ սննդարար նյութերի հասանելիության մասին: Ե՞րբ է մսի եւ մյուս անհրաժեշտ մթերքների էժանացման քաղաքականություն վարել, որ բնակչությունը չսնվի միայն հացով ու մակարոնով, որ հետո դեռ մտածի էլ՝ հնարավոր ինչ կարելի է ավելացնել այդ հացին ու մակարոնին: Ե՞րբ է մտածել սննդամթերքի անվտանգության մասին: Դրա վկայությունն են թռչնամսի եւ ձիու մսի հետ կապված վերջին սկանդալները:

Այնպես որ, միանգամայն ճշմարտանման է այն վարկածը, որ դրա համար կառավարությանը փող են տվել, այդ պատճառով էլ այն առաջ են մղում: Հնարավոր է, իհարկե, որ փողը նույնիսկ ինչ-որ շատ լավ բանի համար են տվել, բայց եթե ժողովուրդը կառավարությանը չի վստահում, շատ դժվար է նրան դա համոզել:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում ՄՊՎ դեմ պատվաստման թեմայով քննարկման ընթացքում ի պատասխան «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հայտարարության, որ ծնողներն իրենց դուստրերին չեն տանում գարդասիլով պատվաստման, առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը հակադարձեց. «Դուք եք մեղավոր»: Սակայն գարդասիլի նկատմամբ բացասական վերաբերմունքի ակունքները պետք է խորքերում փնտրել՝ սա հասարակական բողոքի ձեւ է:

«Նոր հայրապետ» նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք

Ի դեպ, Հայաստանում շատ բժիշկներ եւս գարդասիլին վերապահությամբ են վերաբերվում: Նրանց հիմնական փաստարկները հանգում են նրան, որ պատվաստանյութը նոր է, քիչ հետազոտված, կարճ ժամանակ է անցել, որ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործում դրա իրական արդյունավետության մասին կարողանանք դատել: Նրանք առաջարկում են պատվաստանյութի ներդրման հարցում մի փոքր սպասել: Ճիշտ է, ԱԺ-ում քննարկումներին այս պատվաստանյութի արդյունավետությանը կասկածող բժիշկներից միայն մեկն էր եկել:

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարար Ալթունյանը ի պատասխան հարցին՝ արդյոք պատրա՞ստ է քրեական պատասխանատվության ենթարկվել գարդասիլով պատվաստման  դեպքում առողջությանը վնաս հասցնելու կամ մահվան դեպքում, առաջին հերթին հարցը պրովոկացիոն անվանեց, երկրորդ՝ ասաց, որ չի ենթարկվի «այո» ասելու գայթակղությանը, քանի որ դա պրոֆանացիա է: Այնպես որ, ընտրության համար պատասխանատվությունը՝ իրենց աղջիկներին գարդասիլով պատվաստել, թե ոչ, միայն ծնողներն են կրում:

Մեր կայքի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ իրենց աղջիներին համաձայն է պատվաստել հարցվածների 10 տոկոսը, համաձայն չէ 81 տոկոսը, առայժմ չի կողմնորոշվել 10 տոկոսը: Իհարկե, կայքի փոքրածավալ հարցումը չի կարող վիճակագրականորեն հավաստի լինել, սակայն զգալի սխալը հաշվի առնելով անգամ՝ նույնիսկ ամենաբարի նպատակներով նախաձեռնության հաջողությունը այսպիսի թվերի դեպքում հարցականի տակ է, եթե, իհարկե, չգործարկվի «կամավոր պարտադիր մեխանիզմը»:

news.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА