ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ

12.01.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ

Ամանորյա ժամանակահատվածում Հայաստանի համար հիմնական հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունը, թերեւս, Իրանում սկսված խժդժություններն էին: Առավել եւս, որ շատ վերլուծաբաններ սկսեցին իրանական իրադարձությունները համեմատել Սիրիայի հետ՝ կարծիք հայտնելով, որ Իսլամական Հանրապետությանը եւս սպառնում է մասշտաբային ներքին պատերազմը:

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել, եթե....»

ՉՍՏԱՑՎԱԾ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆՈՒՄ
Այն, որ իրոք Իրանում փորձում էին խաղարկել նույն սիրիական սցենարը, այն է՝ «գունավոր» գործընթացների միջոցով հասնել ներքին մեծ պատերազմի, ի սկզբանե էլ ակնհայտ էր: Առավել եւս, որ Թեհրանը չհապաղեց տեղի ունեցածը հրահրելու մեջ մեղադրել ԱՄՆ-ին եւ Բրիտանիային: Ասենք՝ Վաշինգտոնը եւս, մասշտաբային բազմակողմանի օժանդակություն խոստանալով իրանական «հեղափոխականներին», անթաքույց ցույց տվեց, որ Թեհրանի մեղադրանքներն ամենեւին էլ հեռու չեն ճշմարտությունից:
Այլ հարց, որ մեկ բան էլ էր ակնհայտ. իրանական «հեղափոխությունը» հաղթելու եւ ոչ մի շանս չուներ: Նախ՝ Իրանը Սիրիա չէ, իրանական բանակն ունի լրջագույն պոտենցիալ եւ ի զորու է կանխել երկրում սիրիականի նման ներքին պատերազմներ հրահրելու փորձերը: Երկրորդը. հիմա 2013-14 թվականները չեն, երբ Վաշինգտոնը հանգիստ տասնյակներով «գունավոր հեղափոխություններ» էր կազմակերպում: Նախ՝ ԱՄՆ-ի դիրքերն են էապես թուլացել: Երկրորդը. այն ժամանակների համեմատ ներկայումս ՌԴ-ն էական դիրքեր ունի Մերձավոր Արեւելքում: Եվ նկատենք՝ իրանական առանց այդ էլ բավականին թույլ «հեղափոխությունը» եւ «հեղափոխականներին» ցուցաբերվող արտաքին օժանդակությունը վերջնականապես մարման փուլ մտավ, երբ Մոսկվան բավականին կոշտ տոնայնությամբ հայտարարեց Իրանի ներքին գործերին արտաքին միջամտությունների անթույլատրելիության մասին:
Բայց որ «հեղափոխական» իրավիճակը հենց այս սցենարով էր առաջ գնալու, կրկնենք, ի սկզբանե էլ ակնհայտ էր: Եվ այստեղ բավականին հետաքրքիր հարց է առաջ գալիս. Վաշինգտոնի ինչի՞ն էր պետք ի սկզբանե դատապարտված այդ «հեղափոխության» փորձը սարքելը: Առավել եւս, որ այդ ձախողումը ԱՄՆ-ի համար վնասաբեր էր մի քանի առումներով: Առաջինը. այս ձախողված փորձը Թեհրանի համար լավ դաս էր՝ հետագա «հեղափոխությունները» շատ ավելի պատրաստված դիմավորելու համար: Այսինքն, ԱՄՆ-ի համար շատ ավելի դժվար է լինելու ավելի հարմար իրավիճակներում այդ նույն գործիքը կիրառելը: Երկրորդը. տեղի ունեցածը, բացի այն, որ հերթական հարվածն էր ԱՄՆ-ի գլոբալ հեղինակությանը, նաեւ էլ ավելի ամրապնդեց Մոսկվայի քաղաքական կշիռը Մերձավոր Արեւելքում եւ առաջին հերթին՝ Թեհրանի աչքին: Եվ այսպես շարունակ: Մի խոսքով, ամերիկյան ստրատեգները հազիվ թե հաշվարկած չլինեին նաեւ այս բոլոր ոչ ձեռնտու քաղաքական հեռանկարները, բայց չնայած դրան՝ «հեղափոխության» փորձը տեղի ունեցավ: Ուրեմն` ինչո՞ւ. թերեւս խելքին մոտ միակ բացատրությունն այն է, որ տեղի ունեցածը Վաշինգտոնի համար պարզապես ճարահատյալ փորձ էր՝ ավելի ծանրակշիռ այլ քայլերի հնարավորություն չունենալու պարագայում: Նկատի ունենք հետեւյալը:

Նոր խաղաքարտ Իսրայելի հակաթուրքական զինանոցում

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը Սիրիայում հայտարարեց ռուսական զորքերի դուրսբերման մասին, բոլորի համար ակնհայտ դարձավ, որ սիրիական պատերազմն ուր որ է՝ կավարտվի: Ճիշտ է, այդ պահին երկրում դեռ կային գրոհայինների վերահսկողության տակ գտնվող ծավալուն տարածքներ, եւ ամենամեծը՝ Սիրիայի հյուսիս-արեւմտյան եւ Թուրքիային սահմանակից Իդլիբի մարզը գտնվում էր «Ալ-Քայիդայի» սիրիական մասնաճյուղի, քանիցս անվանափոխված «Ջեբհաթ ան-Նուսրայի» վերահսկողության տակ: Սակայն նաեւ պարզ էր, որ «Իսլամական պետության» խնդիրը լուծելով, սիրիական արդեն բավականին զորեղ բանակը կկենտրոնանար այդ ուղղություններում եւ գրոհայիններն էլ դիմագրավելու քիչ հնարավորություն ունեին:
Առաջ ընկնելով` նկատենք, որ դեկտեմբերի վերջերից սկսած իրադարձությունները հենց այդ հունով էլ սկսեցին զարգանալ: Սիրիական բանակի հիմնական հարվածային միավորները, կենտրոնանալով Իդլիբի հարավում, անցած երկու շաբաթներին հասցրին ոչ միայն ճեղքել «Ջեբհաթ ան-Նուսրայի» պաշտպանական բնագծերը, այլ սպառնում են Իդլիբի մի մեծ հատված եւ այնտեղ գտնվող գրոհայինների զգալի ուժերին առնել շրջապատման օղակի մեջ: Ընդ որում, այս օպերացիայի հաջող ավարտի դեպքում ¥ինչը գրեթե կասկած չի հարուցում¤ սիրիական ուժերը «կկախվեն» մարզային կենտրոնի՝ Իդլիբ քաղաքի գլխին: Այսինքն, եւս մեկ-երկու նման օպերացիա ¥ինչի բոլոր հնարավորությունները սիրիական բանակն ունի¤, եւ սիրիական պատերազմը գործնականում կավարտվի:
Ընդ որում, եթե պատերազմն ավարտվի այս սցենարով, այսինքն՝ մարտադաշտում, ապա կվերանա նաեւ, այսպես ասած, հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը: Իսկ դա էլ նշանակում է, որ բոլոր այն արտաքին ուժերը, որոնք ցանկություն ունեն բանակցային սեղանի շուրջ իրենց պատառը պոկել սիրիական հակամարտությունից, պարզապես կհայտնվեն խաղից դուրս վիճակում՝ բոլոր հիմնական քաղաքական դիվիդենտները զիջելով Մոսկվային եւ Թեհրանին: 
Ճիշտ է, ԱՄՆ-ը Սիրիայում դեռ իր դիրքերը պահում է քրդերի միջոցով: Սակայն գրոհայինների խնդիրը կարգավորելու պարագայում քիչ մարտունակ քրդական ուժերը հազիվ թե ցանկանան ռազմական հակամարտության մեջ մտնել սիրիական բանակի հետ: Առավել եւս, որ դեռ անցած տարեվերջից ավելի հստակ մեսիջներ երեւացին, որ Մոսկվայի միջնորդությամբ քրդերը Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման փորձեր են կատարում:
Արդյունքում, տարածաշրջանում ռեալ քաղաքական փոփոխություն իրականացնելու համար ԱՄՆ-ի միակ տարբերակն էր դարձել՝ Իրանը ցնցելու միջոցով հերթական մեծ քաոսն առաջ բերելն ու նման իրավիճակից օգտվելով՝ սեփական դիրքերը նորովի կառուցելը: Միայն թե դա կարող է աշխատել, քանի դեռ Իդլիբը չի գրավվել: Բայց էլի Վաշինգտոնի համար հակառակը ստացվեց. Իրանի ձախողված «հեղափոխությունը» ընդամենը ավելի արագացրեց Իդլիբի օպերացիան:

Նորվեգիայի ԿԲ-ն կարող է սեփական կրիպտոարժույթը ստեղծել

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ
Վերջապես, Իդլիբի հարձակումը նաեւ Անկարայի համար հուսախաբություն դարձավ: ՌԴ-ի եւ Իրանի հետ ներառվելով սիրիական խնդրի կարգավորման Աստանայի գործընթացում` Էրդողանը հույս ուներ, որ հենց սահմանակից Իդլիբի հաշվին սիրիական տորթից իր պատառը կստանա: Հենց Իդլիբում է, որ հիմնականում գործում են Անկարայի կողմից հովանավորվող մի շարք խմբավորումներ: Դրանց ներառելով նաեւ կարգավորման քաղաքական գործընթաց` Էրդողանը հույս ուներ Սիրիայի կառավարման ապագա համակարգում որոշակի դիրքեր վերցնել: Եվ հասկանալի է, թե Իդլիբի այս հարձակումից հետո ինչու Էրդողանը միանգամից հայտնվեց հիստերիկ վիճակում: Ավելին, քիչ չեն հիմնավորումները, որ Անկարան իր դերն ունեցավ նաեւ Իրանի խժդժությունների կազմակերպման հարցում:
Բայց ահա հետագա զարգացումներն ամենեւին էլ Էրդողանի ցանկալի սցենարով չէին: Նախ, ինչքան էլ ցանկանում է, սակայն հազիվ թե համարձակվի Իդլիբի գրոհայիններին քիչ թե շատ ծավալուն օժանդակություն տրամադրել. դա ոչ միայն էլ ավելի կվատթարացնի Թեհրանի հետ արդեն իսկ փչացած հարաբերությունները, այլ կարող է մինչեւ իսկ հանգեցնել Մոսկվայի հետ հերթական բախմանը: Մինչդեռ այն իրավիճակում, երբ Երուսաղեմի խնդրի հետ կապված առավելագույնս վատացրեց ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, ՌԴ-ի հետ նոր հակամարտությունը կարող է վատ վերջաբանի բերել:
Արդյունքում, Էրդողանը մի փոքր աղմկելով, կարծես թե ստիպված է լինելու հաշտվել Սիրիայում լիովին ձեռնունայն մնալու հեռանկարի հետ: Բայց այս ամենը, ինչ խոսք, իր ծանր հետքն է թողնելու Իրանի հետ առանց այդ էլ բարդ հարաբերություններում: Ընդ որում, Իրան-Թուրքիա այս նոր հակամարտությունը կարծես թե ծավալվում է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում: Այսպես, օրերս Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր տնօրեն Համիդ-Ռազի Արաքին հայտարարեց Վրաստանին իրանական գազի մատակարարման ծրագրերի մասին: Ընդ որում, նա հատուկ ընդգծեց, որ այդ ծրագրի իրականացման դեպքում տրանզիտային երկիր է դիտարկվում Հայաստանը, եւ չմոռանանք, որ մեր երկրում առկա հիմնական գազատարերը պատկանում են «Գազպրոմին»:
Հասկանալի է, խոսքը հիմնականում տնտեսական ծրագրի մասին է: Բայց նաեւ չմոռանանք, որ գազի մասշտաբային ծրագրերը չեն կարող լինել առանց քաղաքական ենթատեքստերի: Կիրականացվի՞ կոնկրետ այս ծրագիրը, էականը ոչ թե դա է, այլ բուն նման հայտարարությունը: Այսինքն, այն նաեւ Իրանի կողմից բաց մեսիջ է, որ ծրագրում է խորացնել հարավկովկասյան ուղղությամբ իր քաղաքականությունը: Ընդ որում, ՌԴ-ի հետ համագործակցությամբ, այսինքն՝ Թեհրանի այդ նախաձեռնությունը միտված է հենց Թուրքիայի նկատմամբ դիրքերի ամրապնդմանը: Իսկ ահա Թուրքիան պատասխանի քիչ տարբերակներ ունի, հաշվի առնելով, որ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը, իր հայտարարությանը համահունչ, կհրաժարվի հայ-թուրքական հայտնի արձանագրություններից: Եվ ահա, Թուրքիային մնում է հուսալ, որ առաջիկայում սպասվող ղարաբաղյան բանակցությունները էֆեկտիվ ընթացք կստանան, սակայն Բաքուն հերթական անգամ հուսախաբ չի՞ անի «մեծ եղբորը»...
Մի խոսքով, կարծես թե նոր տարվա հետ բավականին հետաքրքիր իրավիճակ է ծավալվել Հայաստանի շուրջ: Իսկ թե դա ո՞ւր կտանի, սպասենք հետագա զարգացումներին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Տվյալների արտահոսքի շուրջ Ցուկերբերգի մասնակցությամբ լսումները կհեռարձակվեն ուղիղ եթերով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА