ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարտադրվող օրենքները` ազգային անվտանգության սպառնալի՞ք

30.01.2018 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Պարտադրվող օրենքները` ազգային անվտանգության սպառնալի՞ք

Ազգային անվտանգության հայեցակարգով Հայաստանի ժողովրդագրական վիճակը հայտարարված է գերակայություն: Ավելին` այն ազգային անվտանգության սպառնալիք է: Այս մասին զգուշացնում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ եւ ընդգծում, որ վերջին շրջանում Հայաստանում ընդունված մի շարք օրենքներ բացասական ազդեցություն են ունեցել` երկրի ժողովրդագրական վիճակի վրա:

«Քվեարկած քվեաթերթիկները լուսանկարելը ընտրական իրավունքի խախտում է»

ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ, ԹԵ` ՈՉ

- Ազգային ժողովում օրենքներ ընդունելու ժամանակ, դրանք անցնում են փորձաքննություն, օրինակ, բյուջետային փորձաքննություն: Այս առումով առաջարկում եմ` հասնել այն նպատակին, որ Ազգային ժողովում ընդունվող բոլոր օրենքները ենթարկվեն ժողովրդագրական փորձաքննության: Դրա արդյունքում կհասկանանք` այդ օրենքները նպաստում են ժողովրդագրական վիճակի բարելավմա՞նը, թե՞ վատացմանը:

– Պարոն Մանուկյան, այսինքն` առաջարկում եք օրենքների ընդունման չափորոշիչնե՞ր մշակել:

– Ոչ, խոսքը ոչ թե չափորոշիչների, այլ գործիքի կիրառման մասին է: Այսօր բանակ գնացողների պակաս կա, ժողովրդագրությունը ծանր վիճակում է, պետությունն այն հայտարարել է առաջին գերակայություններից մեկը, հետեւաբար, եթե ուզում ենք ժողովրդագրական վիճակը բարելավել, ուրեմն` օրենքները, որոնք ընդունվում են խորհրդարանում, թող համապատասխան փորձաքննություն անցնեն:

«ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՎԱՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ»

–Կարծում եք, որ ժողովրդագրական փորձաքննությունը կարող է շտկե՞լ Ձեր նշած ծանր վիճակը:

– Ժողովրդագրությունը` որպես գիտություն, դուրս է բերել բոլոր այն օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ծնելիության մակարդակը բարձրացնում են կամ` նվազեցնում: Եվ այդ տեսակետից նրանք, ովքեր նպատակ են դրել պահպանել ընտանիքը, ազգային արժեքները, այդ փորձաքննության շնորհիվ կարող են ստանալ գիտական հիմնավորումներ` ժողովրդագրական վիճակը բարելավելու համար: Իսկ այն օրենքները, որոնք պարտադրվում են այստեղից կամ այնտեղից, գիտական կերպով ցույց կտրվի, որ վատացնում են ժողովրդագրական վիճակը: Հավատացնում եմ, որ գոյություն ունի հսկայական սոցիոլոգիական եւ ժողովրդագրական տեղեկատվություն, որոնք կարող են ապացուցել, որ պարտադրվող օրենքները վատացնում են ժողովրդագրական վիճակը:

«ՓՈՂ ԵՆՔ ԾԱԽՍՈՒՄ` ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

–Բայց այդ օրենքների կողքին նաեւ մի շարք ծրագրեր են մշակվում` ժողովրդագրական վիճակի բարելավման ուղղությամբ: Ի՞նչ կասեք դրանց մասին:

– Իսկապես, այսօր Հայաստանում ընդունում են բազմաթիվ ծրագրեր եւ օրենքներ: Օրինակ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարարությունը ռազմավարություն է մշակում, թե ինչպես անենք, որ մարդիկ շատ ծնվեն, բայց այս նույն նախարարությունը եւ մնացած նախարարությունները նաեւ այնպիսի ծրագրեր են ընդունում, դրանց վրա փող ծախսում, որոնք կողմնակի ազդեցություն ունեն ժողովրդագրական վիճակի վատթարացման վրա: Ստացվում է, որ երկու տիպի ծրագրեր են միաժամանակ ֆինանսավորվում` մեկը, որ լավացնի ժողովրդագրական վիճակը, մյուսը` վատթարացնի:

– Փաստորեն, ստացվում է, որ ավելի լավ է ոչինչ չանե՞լ...

– Եթե ոչ մի բան չանենք, ավելի լավ կլինի, որովհետեւ ստացվում է` փող ենք ծախսում ոչինչ չանելու համար: Իսկ եթե մենք կարողանանք հասնել նրան, որ բոլոր ռազմավարությունները, ծրագրերը մշակվելիս դրվեն փորձաքննության, ոչ միայն ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերը կլուծվեն, այլեւ ուղղակիորեն կառավարությանն ու խորհրդարանին ազդանշան կտան, որպեսզի ճիշտ օրենքներ ընդունվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА