ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱԺԱՆՈՐԴԸ «ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ»-ԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

02.02.2018 21:45 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԸ 	«ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ»-ԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Օրերս «Իրավունքի» խմբագրություն էր դիմել Հրազդան քաղաքի բնակիչ Արամ Վարդանյանը, ով «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորի բաժանորդ է եւ բողոքում էր, թե ընկերության պատճառով ֆինանսապես տուժել է: Մեր զրուցակիցը պատմեց, որ երկար տարիներ է, ինչ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդ է, իսկ վերջին տարվա ընթացքում օգտվում է ընկերության «Վիվա-1500» սակագնային պլանից, այսինքն` յուրաքանչյուր ամիս վճարում է 1500 դրամ եւ ամբողջ ամիս ցանցի ներսում խոսում է անվճար: «Մոտենում էր հերթական վճարման օրը, այսինքն, դեռ երկու օր կար: Մտածեցի՝ վճարեմ, բայց վճարում անելուց հետո հեռախոսահամարս արգելափակվեց: Շատ կարեւոր հանդիպում ունեի, պետք է մի մարդու հետ հանդիպեի՝ գործարք կնքեի, որի արդյունքում 60 հազարից եւ ավելի գումար պետք է ստանայի դրա դիմաց: Բայց քանի որ հեռախոսահամարս արգելափակված էր, ու չէի կարողանում զանգահարել, զրկվեցի այդ գումարից»,- պատմեց Արամ Վարդանյանը:

ՀՀ ՍԱՊԾ-ն մսամթերք արտադրողներից պահանջում է ընդունվող հումքը ենթարկել լաբորատոր փորձաքննության

Մեր զրուցակցի խոսքով, այդ ընթացքում զանգահարել է բջջային օպերատորներին՝ պարզելու, թե ինչ խնդիր կա, նույնիսկ հեռախոսը տարել է մասնագետի մոտ, կարծելով, թե խնդիրը հեռախոսի մեջ է: «Բայց գնալով Հրազդանի «ՎիվաՍելի» կենտրոն, պարզեցի, որ իմ հեռախոսահամարը հանել են վաճառքի՝ առանց ինձ տեղյակ պահելու: Հետո, իհարկե, ես դիմեցի կենտրոն եւ բողոքեցի: Ինձ ասացին, թե թյուրիմացություն է եղել, հեռախոսահամարը կվերականգնեն եւ, որպես փոխհատուցում, կարող են ինձ տրամադրել ոսկե հեռախոսահամար` պատճառված վնասի համար: Բայց ինչ եմ անելու այդ համարը, երբ ֆինանսական կորուստ եմ ունեցել»,- դժգոհեց մեր զրուցակիցը:

Դիմեցինք «ՎիվաՍել»՝ հասկանալու համար, թե արդյոք պատրաստվո՞ւմ են բաժանորդին պատճառած վնասը փոխհատուցել: Մեզ հետ զրույցում ընկերության հասարակայնության հետ կապերի, մարկետինգի եւ հաղորդակցության բաժնի ղեկավար Վահե Իսահակյանը նշեց, որ հարցերը ներկայացնենք գրավոր, որպեսզի դրանց ծանոթանա եւ պատասխանի: Թե ինչպես կմեկնաբանի ընկերությունը ստեղծված իրավիճակը, կներկայացնենք առաջիկայում:

Նկատենք նաեւ, որ հարցն ավելի գլոբալ է: Եթե կամայական բաժանորդ կապի օպերատորի մեղքով զրկվում է կապից, որի արդյունքում ֆինանսական կորուստներ է կրում, ո՞վ է պատասխանատու, եւ ի՞նչ լուծումներ են նախատեսված:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА