ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կառավարության որոշումները կնոպկա սեղմելով կամ դակելով քվեարկում են». Հ. Հակոբյան

03.02.2018 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Կառավարության որոշումները կնոպկա սեղմելով կամ դակելով քվեարկում են». Հ. Հակոբյան

Նախկին պատգամավոր, «Ծառուկյան դաշինքի» անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ (Ճոյտ), ով նախորդ տարվա ապրիլին խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրել էր թեկնածությունը, սակայն այդպես էլ խորհրդարան չանցավ, այս շրջանում հիմնականում զբաղվում է ֆիլմեր նկարահանելով:
Հիշեցնենք, որ Հ. Հակոբյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նկարահանել էր «Հիշողություն» ֆիլմը, որն արժանացավ բազմաթիվ քննադատությունների:
«Իրավունքը» նախկին պատգամավորից հետաքրքրվեց, արդյո՞ք դադարել է զբաղվել քաղաքականությամբ: Հակոբ Հակոբյանը պատասխանեց.«Քաղաքականությունից դուրս չեմ եկել եւ չեմ գալու, քանի որ սիրում եմ զբաղվել հասարակական գործունեությամբ: Ինձ առանց քաղաքականության չեմ պատկերացնում»:

«Ազգ-բանակ» գաղափարը մեր ժողովրդի համար շատ կարեւոր է»


Մեր այն դիտարկմանը, թե ինչպես է գնահատում «Ծառուկյան դաշինքի» գործունեությունը ԱԺ-ում, քանի որ նախորդ տարվա աշնանը բողոքել էր, թե դաշինքը շեղվել է իր ներկայացրած նախընտրական ծրագրերից, Հակոբ Հակոբյանն ընդգծեց.«Սկզբնական շրջանում կարծեք թե ծրագրերից շեղվող մարդիկ կային, բայց մեր հանդիպումներից հետ հասկացան, որ պետք է աշխատեն այն ծրագրերով, որով ներկայացել են ժողովրդին: Ինչ վերաբերում է «Ծառուկյան դաշինքին» եւ Ազգային ժողովի աշխատանքներին, ապա բացասական եմ գնահատում, որովհետեւ նախկինում, ԱԺ պատգամավորներն էին հանդես գալիս օրենսդրական նախաձեռնություններով, իսկ այսօր նրանց թիվը նվազել է եւ օրենսդրական նախաձեռնություններով հիմնականում հանդես է գալիս կառավարությունը: ԱԺ-ում օրենք են ընդունում առանց մանրակրկիտ ուսումնասիրելու, այդ պատճառով էլ այն օրենքները, որոնք այսօր ընդունվում են կոնկրետ նախարարությունների եւ կառավարության շահերը պաշտպանող օրենքներ են, օրինակ վերջինը կապված էր հարկային վարչարարության հետ»,-հավելեց Հ. Հակոբյանը: Մեր զրուցակցի համոզմամբ, եթե օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գային ԱԺ պատգամավորները , ապա ի հայտ կգային գաղափարներ, կլիներ կարծիքների բախում, իսկ այդ դեպքում կընդունվեր ամենաճիշտ որոշումը.«Համոզված եմ, ԱԺ-ում հավաքված մարդիկ ցանկանում են ներկայացնել իրենց ծրագրերը, սակայն նրանց աշխատելաոճը մի տեսակ այլ է դառնում, երբ կառավարության որոշումները պարզապես կնոպկա սեղմելով կամ դակելով քվեարկում են: Կառավարության ներկայացրած օրենքները հաճախ են փոփոխության ենթարկվում, կուզեի, որ Աժ իմ գործընկերները նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեին»,-եզարփակեց Հ. Հակոբյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА