ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աֆրինում լուրջ, միջազգային բնույթի հանցագործություն է կատարվում»

07.02.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Աֆրինում լուրջ, միջազգային բնույթի  հանցագործություն է կատարվում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել« որի համաձայն, հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրությունները կանցկացվեն արտահերթ կարգով` ապրիլի 11-ին: Թե ինչով է պայմանավորված ալիեւյան կլանի այսպիսի որոշումը, եւ ինչ վտանգներով է այն հղի, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ: Ըստ պատգամավորի` Ադրբեջանն ինքնին մեզ համար վտանգ է` անկախ նրանից, թե երբ են անցկացվում նախագահական կամ որեւէ այլ ընտրություն, որեւէ այլ կարգի միջոցառում:

«Արտահերթ ընտրությունների իրավական ճանապարհ այս պահի դրությամբ չկա»

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋ ԳՑԵԼԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱԼԻԵՎԻ ՌԵԺԻՄԻ ՕԳՏԻՆ Է»

- Մենք պետք է մշտապես դիտարկենք Ադրբեջանին` որպես ռազմավարական վտանգ, եւ առաջնորդվենք այդ տեսանկյունից: Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների հապշտապությանը, դրա վերաբերյալ կան տարբեր տեսակետներ: Նախ նշվում է, որ այն Ադրբեջանի տնտեսական իրավիճակով է պայմանավորված, քանի որ տարվա առաջին կեսին դեռեւս շատ բան չի երեւում, իսկ տնտեսական բացերն ու անկումները ավելի շատ տեսանելի կլինեն տարվա երկրորդ կեսին: Ուստի` հապճեպությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ այս պահին Ալիեւի համար ավելի նպատակահարմար է հեշտ ընտրություն կազմակերպելը: Իսկ ներքաղաքական տեսանկյունից` ընդդիմությունը անակնկալի է գալիս ու չի հասցնում վերադասավորվել, չի հասցնում լուրջ քարոզարշավ անել, ունենալ անհրաժեշտ թեկնածուներ եւ լուրջ ընտրապայքարի մեջ մտնել: Այս ամենը հաշվի առնելով` ակնհայտ է, որ ընտրությունների առաջ գցելը միանշանակ Ալիեւի ռեժիմի օգտին է:

– Այս օրերին նաեւ տեսակետ շրջանառվեց, որ Ադրբեջանի նախագահի ընտրությունների հապշտապությունը կարող է պայմանավորված լինել Արցախյան սահմանում հնարավոր նոր զարգացումներով: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չեմ կարծում: Արցախում իրավիճակային զարգացումները Ադրբեջանի ընտրական գործընթացի հետ չեմ ուզում կապել: Ի վերջո, պարզից էլ պարզ է, որ ալիեւյան ավտորիտար ռեժիմի պայմաններում այսպես, թե այնպես նա է ընտրվելու նախագահ, ավելի շուտ` ինքն իրեն նշանակելու է, ընդ որում` արդեն 4-րդ անգամ ու ավելի երկարաժամկետ: Հետեւաբար, չեմ կարծում, որ այս հապճեպությունը ընտրությունների առումով կապ ունի արցախյան հակամարտության հետ: Եթե տեսականորեն ենթադրենք, որ Ալիեւը կարող էր, օրինակ, հոկտեմբերին չընտրվել եւ արցախյան հիմնախնդրի հետ կապված լուծման տարբերակի համար հապճեպություն է ցուցաբերում, որպեսզի վերահաստատի իր իշխանությունը եւ այդ խնդիրները լուծի, այդպես չէ: Բնականաբար, եթե որեւէ այլ ֆորսմաժորային իրավիճակ չառաջանար, նա ընտրվելու էր հոկտեմբերին: Ամեն դեպքում, ես այդ կարծիքը չեմ կիսում կամ թույլ տեսակետ եմ համարում:

«ԷՐԴՈՂԱՆԻ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է»

–Անդրադառնանք նաեւ մեր մյուս անկանխատեսելի հարեւանին. Էրդողանը ընդամենն ամիսներ առաջ մատ էր թափ տալիս Եվրամիության վրա, իսկ հիմա հանդիպում է Հռոմի պապին ու Ֆրանսիայի նախագահին եւ խոսում ԵՄ լիիրավ անդամ դառնալու ցանկության մասին: Ինչո՞ւ Թուրքիան որոշեց կրկին թակել Եվրոպայի դուռը:

«Վսյո». Սամվել Ալեքսանյանը քաղաքականությունից դո՞ւրս է գալիս (Տեսանյութ)

– Էրդողանը, հատկապես իր վերջին նախագահական ընտրությունից հետո, դիտարկվում է որպես անվերահսկելի պետական, քաղաքական գործիչ, բայց նրա կտրուկ շրջադարձերը` քաղաքական կուրսի հետ կապված, միշտ կանխատեսելի են: Այնպես որ, Էրդողանի անկանխատեսելիությունը կանխատեսելի է: Եվ, այո՛, մի կողմից իր թիմը` սկսած վարչապետից վերջացրած արտգործնախարարով, վերջին շրջանում անընդհատ նսեմեցրել են ԵՄ-ին անդամակցելու թուրքական պետության մղումները` համարելով, որ այն իրենց համար առաջնային նշանակություն չունի, եւ իրենց  տարածաշրջանային քաղաքանության առաջնայնությունը ազգակիցների, կրոնակիցների խնդիրներին հետամուտ լինելն է: Ավելին` նրանք որոշակի հակվածություն ցուցաբերեցին դեպի Ռուսաստան` նյարդայնացնելով ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ԱՄՆ-ին եւ ընդհանրապես` ՆԱՏՕ-ին: Եվ հիմա արդեն Հռոմի պապի հետ հանդիպման շրջանակներում Էրդողանը կրկին խոսում է այն մասին, որ ԵՄ անդամակցությունը Թուրքիայի գերակա արտաքին քաղաքական խնդիրն է: Կարող է երեկոյան էլ մեկ ուրիշ բան ասի` պայմանավորված, օրինակ, ամերիկացիների կողմից Աֆրինի քրդերի նկատմամբ որեւէ ժեստ կատարելու գործընթացով: Այս ամենը խոսում է ամուր, հիմնարար եւ կայուն քաղաքական գծի բացակայության մասին:

– Ի դեպ, Սիրիայի հյուսիսարեւմտյան մասում գտնվող Աֆրինում այս օրերին շարունակվում են թեժ մարտերը` թուրքական բանակի եւ Սիրիայի քրդական ուժերի միջեւ: Ընդ որում` այս անգամ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, կարծես, ձեռքները լվացել են, իսկ Թուրքիան անում է այն, ինչ ուզում է: Ի՞նչ վտանգներ եք այստեղից տեսնում մեզ համար, հատկապես, որ Աֆրինն ուղիղ գծով Երեւանից հեռու է ընդամենը 700 կմ-ով:

– Վտանգը գլոբալ է: Բնական է, ինչքան հզորանա Թուրքիան, այնքան դա չի բխում Հայաստանի շահերից: Եվ սա ակնհայտ է, ու մենք թաքցնելու որեւէ խնդիր չունենք: Բայց նաեւ այս հարցում որեւէ ակտիվություն ցուցաբերելու անհրաժեշտություն եւս չունենք, որովհետեւ կան բուն տարածաշրջանային երկրներ, որոնց շահերն անմիջականորեն են շոշափվում, սակայն անգամ նրանք են պասիվ: Օրինակ, նույն Սիրիան, որի պաշտոնական ղեկավարությունը` Ասադի գլխավորությամբ, ընդամենը մեկ-երկու հպանցիկ հայտարարություններ արեցին, որ Թուրքիան խախտել է միջպետական սահմանը եւ սպառնում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Միայն երկու օր առաջ վերջապես Իրանը արձագանքեց` իբր դատապարտելով Թուրքիայի գործողություններն Աֆրինում: Մինչդեռ Թուրքիան այնտեղ ջարդ է կազմակերպում խաղաղ բնակչության նկատմամբ, էթնիկ զտում է իրականացնում եւ կոնկրետ տարածքը մաքրում է քրդերից` հայրենազրկելով: Այստեղ լուրջ միջազգային բնույթի հանցագործություն է կատարվում, իսկ ԱՄՆ-ն, հավանաբար, քաղաքական պայմանավորվածություններից կամ շահերից ելնելով` կոշտ չի արձագանքում, թեպետ կան կարծիքներ, որ նրանք օժանդակում են Աֆրինի քուրդ զինյալներին: Ռուսաստանը եւս իր հերթին հետ քաշվեց` Աֆրինի օդանավակայանից իր զինուժը դուրս բերելով: Ավելի շուտ խոսեցին ԵՄ երկրներն ընդդեմ Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների: Սակայն թուրքերը կրկին իրենց վարքագծին համապատասխան հայտարարեցին, որ Աֆրինն իրենց համար կարեւորագույն տեղ է, եւ կոպիտ ասած` ոչ մեկի խոսքը բանի տեղ չեն դնելու, իրենց պետք է այն, անելու են` ինչ ուզում են: Աֆրինում մեզ համար կարեւոր պետք է լինի մի քանի շեշտադրում. նախ քրդական բնակչությանը ցեղասպան քաղաքականության զոհ չդառնալը, որի համար Հայաստանը միշտ պետք է պայքարի` որպես ցեղասպանված ժողովրդի վերապրած սերունդ,  երկրորդ` հարցը պետք է դիտարկել քրդական մղումներն իրենց ազգային կյանքը` մշակութային շրջանակներում կառավարելու հնարավորության տեսանկյունից, եւ երրորդ` Սիրիայի տարածքային ամբողջականության հարցը: Այս բոլոր արժեքների համադրման արդյունքում խաղաղ բանակցային գործընթացի միջոցով պետք է խնդիրը լուծվի, որի մասին ՀՀ արտաքին գերատեսչությունը միշտ է հայտարարել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА