ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առաջին փոխվարչապետի պաշտոնը ո՛չ ցավոտ, ո՛չ էլ մտահոգիչ հարց է, այլ հարմար առիթ է խոսելու»

09.02.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Առաջին փոխվարչապետի պաշտոնը ո՛չ ցավոտ,  ո՛չ էլ մտահոգիչ հարց է, այլ հարմար առիթ է խոսելու»

Այս շաբաթ խորհրդարանում քննարկված օրենսդրական նախագծերի, ԱԺ ամբիոնից հնչեցված քաղաքական շեշտադրումների եւ ընդհանրապես` ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

«Բիզնեսը եւ քաղաքականությունն անհամատեղելի են». կոալիցիա  «Ծառուկյան» դաշինքի հետ չե՞ն կազմի

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՏԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

–Երեկ ԱԺ-ում Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքի նախագիծը դարձավ բուռն քննարկման առարկա: Մասնավորապես` ընդդիմադիր «Ելքը» ցավոտ է ընդունում, որ այդ կազմում ներառված է առաջին փոխվարչապետը` պատճառաբանելով, թե նման պաշտոն Սահմանադրության մեջ ամրագրված չէ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ հենց այս պաշտոնը մտահոգիչ դարձավ նրանց համար:

– Առաջին փոխվարչապետի պաշտոնը ո՛չ ցավոտ է, ո՛չ էլ մտահոգիչ, այլ ընդամենը հարմար առիթ է խոսելու, որեւիցե քաղաքական շեշտադրում անելու համար: Իրականում իրենց ոչ էլ հետաքրքիր է: Այդ հարցերին տրվեց հստակ մասնագիտական պատասխան` իրավաբանների, սահմանադրական իրավունքի մասնագետների, վերջիվերջո, Սահմանադրության վրա անմիջապես աշխատած, այն ստեղծած մարդկանց կողմից: Հետեւաբար, այդ դաշտում, կարծում եմ, այլեւս ասելիք չկա, մասնավորապես` ոչ մասնագետների կողմից:

– ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ամբիոնից բղավում էր, որ սրանով փորձ է արվում կոնկրետ մարդկանց հագով պաշտոններ կարել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ցանկացած պատգամավոր ազատ է` իր քաղաքական հետեւություններն անելու մեջ, եւ ես պարտավոր չեմ յուրաքանչյուրի նման եզրահանգումները, կանխատեսումները փորձել բացատրել, հիմնավորել կամ հերքել: Դա իրենց գործն է, իրենք դա անում են: Ինձ ճիշտ հասկացեք, երբ անընդհատ հարց է տրվում` ինչո՞ւ նա կամ մեկ ուրիշը այսպես ասաց, այսպես մեկնաբանեց, ստացվում է, որ քաղաքական մեծամասնությունը դառնում է փոքրամասնության տեսակետների մեկնաբանողը: Քաղաքական օրակարգն իրենք չեն սահմանում, փառք Աստծո, քաղաքական օրակարգի տերը քաղաքական մեծամասնությունն է:

«ՆԱԽԱԳԱՀԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԵՎԻՑԵ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ»

–Անդրադառնանք ՀՀԿ-ի կողմից առաջադրված, բայց դեռեւս իր համաձայնությունը չտված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, որը դեռեւս շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր շրջանակների հետ: Այնուամենայնիվ, կարո՞ղ է ինչ-որ բան խանգարել նրա առաջադրմանը:

– Երկու անգամ մասնակցել եմ այդ հարցի քննարկմանը. մեկը ՀՀԿ գործադիր մարմնի, մյուսը` խմբակցության մակարդակով արդեն Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ե՛վ մեր խմբակցության, ե՛ւ մեր կուսակցության ղեկավար մարմնի տեսակետից` որեւէ խոչընդոտ չկա եւ չի կարող լինել Արմեն Սարգսյանի առաջադրվելու եւ ընտրվելու կապակցությամբ: Այն, ինչ տեղի է ունենում, շատ նորմալ գործընթաց է: Նկատի ունենալով ՀՀ  նախագահին վերապահված սահմանադրական լիազորությունները եւ այն, որ ինքը բոլորի նախագահն է լինելու, քանի որ այդ պաշտոնն այլեւս ապաքաղաքական, ապակուսակցական է դառնում, որպես քաղաքակիրթ մարդ, բնական է, որ հավասարապես պետք է ցանկություն ունենար շփվել բոլոր քաղաքական ուժերի, կուսակցությունների հետ: Անկախ նրանից, թե որ կուսակցությունն է առաջադրում իր թեկնածությունը, պարզ է, որ նա կցանկանա ստանալ բոլորի բարոյական աջակցությունը, ինչը ե՛ւ նորմալ է, ե՛ւ քաղաքակիրթ:

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին

– Վերջին մի քանի օրենսդրական նախագծերով, որոնք բերվեցին խորհրդարան, տպավորություն է, որ նախագահի լիազորություններն ավելի են սահմանափակում, ու դրանք տեղափոխվում են վարչապետի իրավասության շրջանակ: Ի վերջո, ի դեմս Արմեն Սարգսյանի` կունենանք «Անգլիայի թագուհու» պես մի պաշտոնյայի՞, թե՞ առավել նվազ կամ ավելի մեծ լծակներ ունեցող մեկի:

– Չէի ուզենա, որ օգտագործվեր եզրույթ, թե մի քանի օրենքներ սահմանափակում են նախագահի լիազորությունները: Նախագահի սահմանադրական լիազորությունները որեւիցե օրենք եւ որեւցիե մեկը չի կարող սահմանափակել, քանի որ այն շատ հստակ ամրագրված է Սահմանադրության մեջ: Եվ նա ո՛չ ավելին կարող է անել, ո՛չ էլ պակաս: Ընդ որում` Սահմանադրության մեջ այն աստիճանի հստակությամբ է գրված այդ ամենը, որ որեւիցե մեկը, որեւէ մտահոգություն թող չունենա: Իհարկե, ոմանք փորձում են նսեմացնել այդ կարգավիճակը, այն դարձնել անկարեւոր, ոմանք էլ, միգուցե, հին իներցիայով չափից ավել են փորձում ոչ թե կարեւորել, այլ իրենց պատկերացմամբ` լրացուցիչ պետական կառավարչական գործառույթներ վերագրել նախագահին: Մինչդեռ կոնկրետ խորհրդարանական հանրապետության կառավարման դեպքում նախագահը չի ունենում նման լիազորություններ:

«ՇԱՏ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ, ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ»

–Այս դեպքում ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա հանրությունը ՀՀ նախագահից:

– Միշտ ասել եմ, որ հաճախ անձն է զարդարում պաշտոնը: Արմեն Սարգսյանն այն մարդն է, որը հաստատ այդ պաշտոնը զարդարելու է: Իր խարիզմայով, հնարավորություններով, կապերով, ինտելեկտով, ներկայացուցչական իր տեսքով` նա կարող է ավելին անել: Այսինքն` բացի այն, որ Սահմանադրությամբ ունի այդ լիազորությունները, այլ նաեւ արդեն իր անձնական հնարավորություններով կարող է լրացուցիչ փայլ եւ իմաստ տալ նախագահական այդ պաշտոնին: Վերջիվերջո, Արմեն Սարգսյանի առաջադրումը մեր կողմից, ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ քաղաքակրթական էր: Բոլոր իմ գործընկերների ու լրագրողների ուշադրությունը ուզում եմ հրավիրել հետեւյալ փաստի վրա. ուղիղ երկու տարի առաջ` փետրվարի 12-ին, հնչեցված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը համարում եմ մեր երկրի համար շատ կարեւոր, որովհետեւ այն սկզբունքային էր եւ որոշ առումով` շրջադարձային: Այնտեղ հստակ շարադրվեցին պետական պաշտոնյայի կերպարի մասին պատկերացումները եւ պահանջները: Այդ օրվանից շատ կտրուկ ձեւով ընթացան բարեփոխումները, եւ դրանք շարունակվեցին նոր որակի վարչապետի եւ նոր որակի կառավարության ձեւավորմամբ եւ հիմա էլ քաղաքակրթական նախագահի առաջադրմամբ: Սա երկու տարի առաջ սկսված կտրուկ բարեփոխումների տրամաբանական շարունակությունն է: Հենց այնպես որեւիցե բան այս քաղաքական կուրսից դուրս, ոչինչ չի կատարվում մեր երկրում: Ինչ մտածվել է, ասվել է, հայտարարվել է երկու տարի առաջ, հետեւողականորեն իրականացվում է: Այնպես որ, պատահական չէր Արմեն Սարգսյանի առաջադրումը, հետեւաբար, որեւէ պատահական գործ չի կարող խանգարել նրան` պաշտոնապես առաջադրվելու եւ ընտրվելու հարցում:

«Վսյո». Սամվել Ալեքսանյանը քաղաքականությունից դո՞ւրս է գալիս (Տեսանյութ)

– Քաղաքական գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե ով կստանձնի վարչապետի ու առաջին փոխվարչապետի պաշտոնները: Մի մասի համար այն ակնհայտ է, մյուսների համար` վիճահարույց: Ապրիլից հետո` առհասարակ կառավարության կազմում մեծ փոփոխությունների, նոր դեմքերի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

– Ինչ վերաբերում է կառավարության կազմում նոր դեմքերին ու մնացած բոլոր խնդիրներին, որ մեր հանրությանը, մասնավորապես` քաղաքական դաշտին եւ լրատվությանը խիստ հետաքրքրում է, չեմ ուզում դատողությունների մակարդակով խոսել դրանց մասին: Երբ ժամանակին հարցնում էին` ո՞վ է լինելու ՀՀ նախագահ, ասում էի` սպասեք: Իսկ ի՞նչ կարիք կար մեկ շաբաթ առաջ ինչ-որ բան ասելու նպատակով անուններ հնչեցնել, հինգ օր հետո կամ մեկ շաբաթ անց էլ փորձել հերքել կամ ապացուցել, թե ինչու քո ասածը սխալ դուրս եկավ: Չեմ ուզում մտնել կանխատեսումների դաշտ: Շատ կարճ ժամանակ է մնացել, ամեն ինչ պարզ կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА