ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճոյտը նպատակ ունի իր նոր ֆիլմը ցուցադրել Ադրբեջանում

09.02.2018 16:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Ճոյտը նպատակ ունի իր նոր ֆիլմը ցուցադրել Ադրբեջանում

ԱԺ նախկին պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ (Ճոյտ) շարունակում է նկարահանել ֆիլմեր եւ համադրել մշակույթն ու քաղաքականությունը: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում հավաստիացրեց նախկին պատգամավորը` քաղաքականությամբ զբաղվելը չի թողել, քանի որ սիրում է հասարակական աշխատանք կատարել, դրան զուգահեռ սիրում է նաեւ ֆիլմեր նկարահանել, որոնց սցենարները գրում է հենց ինքը: Հակոբ Հակոբյանը կինոմատոգրաֆիայում կատարել է իր հերթական փորձը, ներկայացնելով երկրորդ ֆիլմը, այն անվանելով «Մենք հարեւաններ ենք»: Ըստ Հակոբ Հակոբյանի` ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա եւ պատմում է հայի ու ադրբեջացնու բարեկամության մասին. «Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում`Հայանիստ գյուղում, որտեղ ժամանակին հայն ու ադրբեջանցին ապրել են կողք -կողքի: Փորձելու ենք աշխարհին ինչ-որ կերպ ցույց տալ, որ մենք խաղաղության կողմնակիցն ենք եւ կռիվ ու պատերազմ չենք ուզում, ինչպես ասում է մեր քաղաքական մեծամասնությունը, այդ կարծիքը կիսում եմ: Մենք պաշտպանվելու իրավունք ունենք,  եթե փորձեն մեզ վրա հարձակվել,  բնականաբար մենք էլ կհարձակվենք: Այս ֆիլմով ցույց ենք տալիս, որ մենք այն երկիրն ենք, որը ցանկանում է հարցերը լուծել խաղաղ ճանապարհով»,-նշեց Հ. Հակոբյանը:
«Իրավունքի» դիտարկմանը, թե հայն ու ադրբեջանցին կարո՞ղ են բարեկամաբար կողք- կողքի ապրել` Հ. Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանի հասարակ ժողովուրդը մեղավոր չէ իր իշխանության համար. «Նրանք մեղավոր չեն, որ այսօր Ալիեւը վարում է նման քաղաքականություն, ժողովրդին պետք չէ խառնել քաղաքական կեղտոտ գործընթացների մեջ»,-ընդգծեց մեր զրուցակիցն եւ հավելեց, որ սպասում են շահեկան ժամանակի, որպեսզի այն ցուցադրեն.«Շահեկան ժամանակ ասելով, նկատի ունեմ այն, երբ մեր եևկու ժողովուրդները կիսապատրաստ կլինեն զիջումների եւ խաղաղության»:
Հարցին, թե հնարավո՞ր է ֆիլմը ցուցադրվի նաեւ Ադրբեջանում, Հակոբ Հակոբյանը պատասխանեց.«Այդ նպատակի համար հատուկ աշխատանքներ ենք տանում Մոսկվայի մեր գործընկերների հետո, որոնք Ադրբեջանի հետ փորձում են բանակցել, որպեսզի ֆիլմը ադրբեջաներեն թարգմանենք ու ուղարկենք Ադրբեջան: Բայց լավ կլինի, որ էտ «ֆլեշկեն» տանք մեր նախագահին, որ նա Ալիեւին տա ու ասի` էս ֆիլմը նայեք»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը:

​​​​​​​Նոր զուգերգ՝ Հակոբ Հակոբյանից եւ Արմեն Հովհաննիսյանից (Պրեմիերա)


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА