ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԾ ՀԱՅՆ ՈՒ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԶՈՐԱՎԱՐԸ

14.02.2018 22:30 ՄՇԱԿՈՒՅԹ
ՄԵԾ ՀԱՅՆ ՈՒ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԶՈՐԱՎԱՐԸ

ՄԻՔԱՅԵԼ ԼՈՐԻՍ-ՄԵԼԻՔՈՎԸ մեր ժողովրդի այն արժանավոր զավակներից է, ով մինչեւ վերջ այրվեց հանուն հայության եւ հայրենիքի: Օրերս Հայ բարեգործական ընդհանուր միության Երեւանյան գրասենյակում նրան նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Այստեղ տեղի ունեցավ Միքայել Լորիս-Մելիքովի «Անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը, նվիրյալ հայորդին» եւ նրան նվիրված «Կենսագրական ակնարկ» գրքերի շնորհանդեսը եւ «Մեծ հայն ու անպարտելի զորավարը» տեսաֆիլմի առաջնադիտումը:

Մոսկվայի Կարմիր հրապարարկում մայիսյան եռատոնին հայերեն են երգում (Տեսանյութ)

 

«ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿԸ» ԼՈՐԻՍ-ՄԵԼԻՔՈՎԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է

Միջոցառման հանդիսավար ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ասաց, որ անպարտելի զորավարի եւ մեծ հայի՝ Միքայել Լորիս-Մելիքովի հեղինակած նյութերը հայերեն հրատարակելու գաղափարը ծնունդ է առել «Արարատ» հեռուստաընկերության «Հայորդիներ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ, երբ ինքը՝ վարողը, զրուցակիցները՝ պատմաբան Տիգրան Պետրոսյանցը եւ Սերգո Երիցյանը խոսել են այն մասին, որ Միքայել Լորիս-Մելիքովի ստեղծագործությունները պետք է թարգմանվեն հայերեն. «Եթերում նրանք խոստացան, որ դա իրականություն կդառնա: Այսօր այդ մտահղացման եւ այլ ջանքերի արդյունքում ունենք «Միքայել Լորիս-Մելիքով. անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը, նվիրյալ հայորդին» գիրքը, որի հայերեն թարգմանությունն իրականացրել է Ռուզան Շահվերդյանը»:

Գիրքը տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, տպագրությունն իրականացրել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը` ի դեմս  գործարար Գագիկ  Աղաջանյանի: Այս  նույն գրքում տեղ գտած «Կենսագրական ակնարկը» անհրաժեշտ համարվեց ներկայացնել առանձին գրքով` հայերեն եւ ռուսերեն լեզուներով, որը Լորիս-Մելիքովի մահվանից հետո լույս է տեսել Թիֆլիսում 1889 թվականի հունվարին, եւ այն Միքայել Լորիս-Մելիքովի կյանքի եւ գործունեության պատմությունն է:

 

«ՆԱ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒ ԾՆՆԴԱՎԱՅՐԻՆ»

Նոր հրատարակությունները ներկայացրեց գրքերի կազմող եւ խմբագիր` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ. «Երբ սկսեցինք տեսաֆիլմի նախապատրաստական աշխատանքները, պարզվեց, որ Միքայել Լորիս-Մելիքովն ունի իր կողմից հեղինակած բազմաթիվ հոդվածներ, գրառումներ, մտորումներ, խոհեր: Այս ամենը հավաքեցին, ժողովեցին մեկտեղ, եւ առաջ եկավ այն հայերեն թարգմանելու եւ ընթերցողին ներկայացնելու մտահղացումը: Հիմա կարծում եմ, որ նպատակին հասել ենք, եւ ընթերցողը հնարավորություն կունենա հաղորդակցվել Միքայել Լորիս-Մելիքովի հետ` իր մայրենիով»,- ասաց Սերգո Երիցյանը եւ հավելեց. «Իսկ նրա մտքերը շատ խորն ու բովանդակալից են, ուր խտացվում են համամարդկային արժեքները: Չէ՞ որ նա տիրապետում էր իր մայրենիին, նվիրված էր իր ժողովրդին ու ծննդավայրին»:

Ովքեր են ռուսական շոուբիզնեսի ամենահայտնի հինգ զույգերը տարիքային մեծ տարբերությամբ (Լուսանկարներ)

 

«ԼՈՐԻՍ-ՄԵԼԻՔՈՎԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՄԵՏՐԵՐ ԵՆ»

Հայաստանի հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ողջունելով նման կարեւոր գրքերի ու տեսաֆիլմի ծնունդը, ասաց. «Մեր ապրած ժամանակը պարբերաբար պետք է չափել Լորիս-Մելիքովի նման վառ ու խոր անհատականությունների ապրած կյանքի անդրադարձերով: Այդ դեպքում մենք ոչ միայն կհասկանանք, թե որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք հասել, այլեւ` ո՞ւր ենք գնում: Լորիս-Մելիքովի նման մարդիկ պատմության բարոմետրեր են, ուրեմն նրանց թողած դասերը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել՝ հանուն մեր ժողովրդի ապագայի»:

 

«ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԱՆՑՅԱԼԸ»

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի անդամ, պատմաբան ԳԱԳԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, ով ծագումով թիֆլիսցի է, եւ պարբերաբար ծաղիկներ է խոնարհում Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում գտնվող Միքայել Լորիս-Մելիքովի եւ նրա զինակիցների գերեզմանին, ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է կանգնել նման նախաձեռնությունների կողքին, քանի որ դրանով մեր սերունդներին ենք վերադարձնում անցյալը, որտեղից շատ բան ունենք քաղելու, սովորելու, ուրիշ բան չլինի այն նվիրվածությունը, որ այդ մարդիկ ունեին իրենց հայրենիքի եւ ժողովրդի նկատմամբ: Այս ամենից պետք է ոչ միայն դասեր քաղել, այլեւ դարձնել գործելակերպ»:

Մանկական մրցույթում վիճում են մեծերը

 

«ԿԱՐԾԻՔԸ» ԱՆՑԵԼ Է ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ

Ի դեպ, ներկայացվող գրքերին նախորդել է «Կարծիք» ստեղծագործական խմբի կողմից «Միքայել Լորիս-Մելիքով. մեծ հայն ու անպարտելի զորավարը» տեսաֆիլմի նկարահանումները եւ ստեղծումը: Դահլիճում էին ստեղծագործական խմբի անդամները՝ Սերգո Երիցյանը, Հրաչյա Պապինյանը, Սամվել Գալստյանը, Կարինե Տիտանյանը:

Տեսաֆիլմի դիտումից հետո «Կարծիք» ստեղծագործական խմբի ղեկավար Սերգո Երիցյանն ասաց, որ խումբը հանդիսատեսին է ներկայացրել հերթական  ֆիլմը` ձգտելով կերտել ամբողջական կերպար` այս դեպքում ի դեմս Միքայել Լորիս-Մելիքովի զորահրամանատարական հրաշքներով, հասարակության ազատական մոտեցումներով, ազգայինի նկատմամբ անսահման նվիրումով, անգամ թաքուն երազանքներով. «Էրզրումը Հայաստանի մայրաքաղաքն է: Ունեմ երազանք Հայաստանի մայրաքաղաք Էրզրումում ստեղծված տեսնել Մոսկվայի Լազարյան ճեմարանի նման մի ուսումնական հաստատություն»,- ասաց Ս. Երիցյանն ու հավելեց, որ իր նպատակին հասնելու համար ստեղծագործական խումբը երկար ճանապարհ է անցել` Երեւան-Կարս-Անի-Թբիլիսի-Սարատով- Սանկտ Պետերբուրգ երթուղով, անցել մեր մեծ հայրենակցի ոտնահետքերով: Շնորհանդեսին ներկա էր Հայաստանում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Նինո Ափցիաուրին, ով կարեւորեց նման ոգեկոչումները, մանավանդ այն գործիչների, ովքեր բարձր են պահել իրենց ծննդավայրի պատիվն ու արժանապատվությունը, լավ հասկացել բազմազգ միջավայրում նուրբ ու բարեկամական փոխհարաբերությունների նշանակությունը:

 Գրքերի եւ տեսաֆիլմի շնորհանդեսը վերածվեց ազգային ոգու դրսեւորման մի մեծ տոնահանդեսի:

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА