o C     27. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔ ՉԳՆԵԼՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ԴԵՌ ԻՐԵՆ ԶԳԱՑՆԵԼ ԿՏԱ

16.02.2018 19:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔ ՉԳՆԵԼՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ԴԵՌ ԻՐԵՆ ԶԳԱՑՆԵԼ ԿՏԱ

Եվ այսպես, սկսվում է պրակտիկ շրջանառության մեջ մտնել այն գործընթացը, որը սպասելի դարձավ եւ որի մասին խոսելու առիթ ունեցանք, երբ ԱՄՆ-ը հաստատեց ՌԴ-ի դեմ վերջին պատժամիջոցները: Հիշեցնենք, պատժամիջոցների թիրախում էր ռուսական զինարտադրողները, եւ Վաշինգտոնը դեռ այն ժամանակ էր ակնարկում, որ կարող է պատժամիջոցների տակ հայտնվել նաեւ ռուսական զենք արտադրողների հետ գործարքներ ունեցողները:

Ինչպես է ռուսական ավիացիան ոչնչացնում թուրքական տանկերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

ԱՄՆ-Ի ՊԱՀԱՆՋՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԲԱՔՎԻՆ

Այդ համատեքստում, նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱՄՆ դեսպանատունը սկսել է սպառնալ մեր երկրին: Ավելի ճիշտ, սպառնալիքներ հղվում են շատերին, այդ թվում՝ Հայաստանին: Համենայնդեպս, դեսպանատնից մեկնաբանել են. «Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին եւ մասնավոր ընկերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքների դեպքում հնարավոր է պատժամիջոցների կիրառում...»:

Թե որն է այս սպառնալիքի գլոբալ իմաստը, դեռ կհասնենք: Մինչ այդ, փորձենք հասկանալ, թե այն ինչ եղանակ է փոխում հարավկովկասյան տարածաշրջանում: Իհարկե, նախ կա այն հարցը, թե ամերիկյան այս սպառնալիքը որքանո՞վ գործնական էֆեկտ կարող է ունենալ: Բայց եթե ընդունենք, որ այն կարող է լիարժեք էֆեկտիվությամբ գործել, ապա հարավկովկասյան տարածաշրջանում այն հետեւյալ իրավիճակն է խոստանում: Սկսենք նրանից, թե Հայաստանը ամերիկյան պատժամիջոցային «ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքներ» ունի՞: Իհարկե, նախ հասկանալ է պետք, թե ինչ են հասկանում ամերիկացիները «նշանակալի գործարքներ» ասելով:

Իհարկե, զենքի գնումը, դրա ծավալները հիմնականում քիչ երեւացող են: Սակայն Հայաստանը ՌԴ-ից այս վերջին տարիներին մոտ 200-300 միլիոն դոլար վարկ ստացավ՝ զենքի համար: Այսինքն, կարելի է ենթադրել, որ մեր պայմանագրերը տարեկան մոտ 200 միլիոնի կարգի են: Այն դեպքում, երբ Ադրբեջանի համար այդ ցուցանիշը առնվազն 10 անգամ ավելի մեծ է: Իհարկե, ցանկության դեպքում Վաշինգտոնը կարող է հայաստանյան պայմանագրերը եւս «նշանակալի» համարել: Բայց այդ դեպքում, ադրբեջանականները առավել քան «նշանակալի» են: Այսինքն, եթե գործի ամենածայրահեղ տարբերակը, այն է՝ ամերիկյան պահանջներն էֆեկտիվ լինեն, դրանց բոլորը ենթարկվեն, այդ թվում՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, ապա նման իրավիճակն, անշուշտ, մեր օգտին կլինի: Նկատի ունենք, որ եթե Ադրբեջանը ռուսական զենքը գնում է, ապա Հայաստանը նաեւ ստանում է տարբեր այլ պայմանագրերի շրջանակներում: Ընդ որում, այդ ծրագրերը ոչ թե պատժամիջոցների տակ գտնվող զենք արտադրող ընկերությունների հետ են, այլ՝ ռուսական պետության ու բանակի: Այսինքն, Հայաստանը կշարունակի զենք ստանալ այդ կերպ: Սակայն մյուս կողմից, եթե Ադրբեջանը զենքի համար կանխիկ փող է վճարում, ապա կարող է ռուսների փոխարեն պայմանագրեր կնքել այլ, ասենք՝ իսրայելյան կամ ամերիկյան արտադրողների հետ: Բայց դա Մոսկվայում կընկալվի այնպիսի ծանր թշնամական քայլ, որ Բաքուն հազիվ թե դրան համարձակվի գնալ: Կամ պետք է բանի տեղ չդնի վաշինգտոնյան սպառնալիքները, որն էլ իր հերթին է ծանր հետեւանքներ խոստանում: Արդյունքում, եթե ԱՄՆ-ի սկսած այս գործընթացը կնճռոտ է Հայաստանի համար, ապա Ադրբեջանի համար այն կարող է մինչեւ իսկ մղձավանջային դառնալ, ինչը, իհարկե, մեր օգտին է:

 

ՆՈՐ ԳԼՈԲԱԼ ՃՆՇՄԱՆ ՓՈՐՁ

Ասվածը, կրկնենք, հարցի մակերեսային կողմն է, եթե ամերիկյան պահանջներն էֆեկտիվ լինեն: Բայց կլինե՞ն այդպիսին: Այս հարցին մոտենալու համար նախ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է Վաշինգտոնը գնում այդ քայլին:

Ինչ խոսք, մի կողմից, ԱՄՆ-ն այսպիսով փորձում է համաշխարհային զենքի շուկայում հնարավորինս չեզոքացնել բավականին ակտիվ կերպով երբեմնի դիրքերը վերականգնող ՌԴ-ին: Սակայն սա հազիվ թե գլխավոր նպատակը լինի: Վաշինգտոնի համար, թերեւս, շատ ավելի լուրջ խնդիր է, որ քաղաքական հարթակում է զիջում դիրքերը: Նախ՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու աղմկոտ հարցով, ապա՝ այս վերջին հակառուսական պատժամիջոցների հետ կապված անգամ դաշնակիցները Վաշինգտոնին մենակ թողեցին: Վաշինգտոնը նախ սպառնաց, որ իր օգտին հանդես չեկողներին կզրկի ֆինանսավորումից, որը, սակայն, որեւէ էական էֆեկտ չունեցավ: Այն տպավորությունն է, որ հիմա էլ սկսել է բոլորին պատժամիջոցներով սպառնալ, թե՝ ռուսներից զենք չգնեք: Ու բոլորն էլ հասկանում են. եթե այս մեխանիզմը գործի, ապա Վաշինգտոնը վաղն էլ կարող է սպառնալ, թե՝ ռուսներից գազ չգնեք, նավթ չգնեք, ցորեն չգնեք եւ այդպես շարունակ: Բայց խնդրին նաեւ այս կողմից նայենք: Ռուսական զենքի հիմնական ներկրողներն են ¥մոտ 65-70 տոկոսը¤ Հնդկաստանը, Չինաստանը, Վիետնամը եւ այլն: Եվ կամաց-կամաց զենքի, այդ թվում՝ C-400-ների գնման հայտ են ներկայացնում Մերձավոր Արեւելքի երկրները, որը ԱՄՆ-ի ավանդական շուկան է: Վերջապես, շնորհիվ նույն C-400-ների գործարքի, Թուրքիան եւս դառնում է ռուսական զենքի բավականին խոշոր ներկրող: Ադրբեջանը, թեեւ իր ներկրումների մոտ 70 տոկոսն իրականացնում է Ռուսաստանից, սակայն բացարձակ ծավալներով զիջում է առաջատարներին ¥չնայած, դրանով հանդերձ էլ Ադրբեջանը ռուսական զենք գնող պետությունների առաջին տասնյակում է, ինչը եւս հուշում է, որ Վաշինգտոնի սպառնալիքները մեր համեմատ, բազմապատիկ ավելի հասցեագրված են Բաքվին¤: Այսինքն, վաշինգտոնյան սպառնալիքները հիմնականում ուղղված են հենց խոշոր գնորդներին: Ուրեմն, ԱՄՆ-ն պատրա՞ստ է զենքի պատճառով պատժամիջոցային պատերազմներ սկսել Հնդկաստանի, Չինաստանի, վերջապես՝ Թուրքիայի ու ՌԴ-ից զենք գնել պատրաստվող Մերձավոր Արեւելքի մյուս երկրների հետ: Չինաստանի եւ Հնդկաստանի պարագայում սպառնալիքներն անգամ արդեն իսկ անլուրջ տեսք ունեն: Իսկ ահա Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի պարագայում իրավիճակը կարող է հետաքրքիր լինել:

Սիրիայում գրոհայիններն անօդաչու սարքեր են արձակել «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ուղղությամբ

 

ԹԻԼԵՐՍՈՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՅՑԸ

Մասնավորապես, Թուրքիայի նկատմամբ C-400-ների հարցով Վաշինգտոնը կարո՞ղ է պատժամիջոցներ սկսել: Այս ուղղությամբ վիճակն առանց այդ էլ այնքան է սրվել, որ զենք գնել-չգնելու թեմաներն երկրորդ պլանում են: Այդ թվում, թուրք-ամերիկյան հարաբերությունները, կապված քրդերի հետ, այն տեղն են հասել, որ Անկարան բացահայտորեն սպառնում է քրդերի հետ միասին ոչնչացնել նրանց հետ գտնվող ամերիկյան զինվորականներին: Նույն ամերիկյան զինվորականներն իրենց հերթին են խոստանում ոչնչացնել ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցին, եթե նրանք հարձակվեն քրդերի վրա, Էրդողանն էլ, ի պատասխան, Վաշինգտոնին «օսմանյան ապտակ» է խոստանում: Եվ ասել, թե խոսքը միայն ռազմական հռետորաբանության մասին է, միամտություն կլիներ: Փաստն այն է, որ նույն ամերիկյան զենքով, կոնկրետ դեպքում՝ հակաօդային հրթիռներով քրդերը ոչնչացնում են թուրքական ավիացիան: Եվ վերջին դեպքում ոչնչացվել էր այն անօդաչու ինքնաթիռը, որի վրա հպարտորեն իր ստորագրությունն էր դրել Էրդողանը:

Այսպիսով, երեկ մեկնարկած ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի երկօրյա թուրքական այցը կարո՞ղ է Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում դրական տեղաշարժեր առաջ բերել: Ոչինչ չի բացառվում, սակայն ավելի վաղ Անկարան իր նախապայմանները ներկայացրեց. ԱՄՆ-ը պետք է հրաժարվի քրդերին օգնելուց եւ հանձնի Գյուլենին: Այն դեպքում, երբ Պենտագոնը, զուգահեռաբար, Կոնգրեսին առաջարկ ներկայացրեց՝ գալիք տարվա համար եւս քրդերին ռազմական օգնություն տրամադրելու համար, հատկացնել 300 միլիոն դոլար: Հիմնավորումը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարն է, այն դեպքում, երբ այդ խմբավորումը գործնականում ոչնչացված է: Այն դեպքում, երբ մինչ այժմ միայն նկատվել է ամերիկյան հովանոցի ներքո քրդերի եւ ԻՊ-ի համագործակցություն: Այսինքն, որ նման ամեն մի ֆինանսական հատկացում ուղղված է նախ՝ Սիրիայի, ապա նաեւ Թուրքիայի դեմ, հայտնի պատմություն է: Հետեւաբար՝ Թիլերսոնի այցը կարո՞ղ է թուրք-ամերիկյան հարաբերություններում որեւէ բան փոխել, առնվազն կասկածելի է:

Այսպիսով, եթե վերադառնանք ռուսական զենքի հետ կապված ամերիկյան սպառնալիքների պատմությանը, ապա այդ գործընթացը Վաշինգտոնը, թերեւս, հիմնականում կփորձի քաղաքական խաղաքարի վերածել ոչ թե այդ զենքի խոշոր գնորդների դեմ, այլ, ըստ ամենայնի, հենց Մերձավոր Արեւելքի մեծ տարածաշրջանում: Տարածաշրջանային երկրներից որո՞նք կենթարկվեն, որո՞նք չեն ենթարկվի, թերեւս դրա հիման վրա կձեւավորվի եւս մեկ բաժանարար գիծ, բայց արդեն ռազմականացված բնույթի: Այդ վերջնական բարիկադավորման խնդիրը, անշուշտ, նաեւ Հարավային Կովկասին է վերաբերում, այսինքն՝ ռուսական զենքի պատմությունը Հայաստանում եւ Ադրբեջանում դեռ իրեն զգացնել կտա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА