ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՐԱՄՓԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՀԵՏ

21.02.2018 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԹՐԱՄՓԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՀԵՏ

Հայտարարությունը, որով նախօրեին հանդես եկավ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլին, անշուշտ ամենալուրջ ուշադրության կարիքն ունի: Նկատի առնելով, որ Չավուշօղլին, ոչ ավել, ոչ պակաս, հարեւան Սիրիային սպառնաց պատերազմով:

Թրամփը նախքան Պուտինին հանդիպելը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

 

ԻՆՉ ԷՐ ԱԿՆԱՐԿՈՒՄ ՉԱՎՈՒՇՕՂԼԻՆ

Այսպես, Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով, եթե պաշտոնական Դամասկոսն աջակցի Աֆրինի քրդական խմբավորումներին, ապա երկու երկրները պատերազմից չեն խուսափի: Սակայն այդ բաց տեքստով սպառնալիքը բավականին հետաքրքիր տողատակեր ունի: Բայց նախ հարցին նայենք այն տեսանկյունից, թե որքանո՞վ լուրջ կարող են լինել Չավուշօղլուի սպառնալիքները: Եթե Դամասկոսը որոշի ռեալ օժանդակություն ցույց տալ Աֆրինի քրդերին, ապա նման որոշումը հաստատ առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու, ավելի կոնկրետ՝ Մոսկվայի «դաբրոյի» չի լինի: Այսինքն, երբ Չավուշօղլին պատերազմ է խոստանում Դամասկոսին, անուղղակիորեն այդ սպառնալիքը հասցեագրված է նաեւ Մոսկվային: Ու ասել, թե Անկարան ներկայիս բարդ իրավիճակում կհամարձակվեր կամ՝ առնվազն շահագրգռված կլիներ սպառնալ ռուսներին, միամտություն կլիներ: Առավել եւս, որ նույն օրը կայացավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, որի ընթացքում, ի թիվս սիրիական եւ այլ խնդիրների, քննարկվել էր նաեւ Աֆրինի թեման: Ընդ որում, հեռախոսազրույցի հետ կապված պաշտոնական հաղորդագրությունները հիմնականում այն տրամաբանությամբ են, որ նախագահները գործնական-գործընկերային եւ ոչ թե՝ թշնամական բնույթի շփում են ունեցել:

Այսպիսով՝ դժվար է ասել, թե Չավուշօղլուի սպառնալիքը լուրջ էր: Բայց այդ դեպքում ինչո՞ւ է նա խոսում Սիրիայի հետ պատերազմից: Բայց նայենք, թե ինչ է ասում Չավուշօղլին: Ըստ նրա, Անկարան դեմ չի լինի, որ սիրիական բանակը մտնի Աֆրին: Բայց այն պայմանով, որ այդ հատվածից մաքրի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) ուժերը: Թե ինչու, հասկանալի է. YPG-ն եւ մյուս քրդական ուժերը, որոնք զինվել եւ զինվում են Վաշինգտոնի աջակցությամբ, մահացու վտանգ են Թուրքիայի համար: Ենթադրելի է, որ մասնավորապես ռուսների հետ տարաբնույթ կուլուարային քննարկումներում Անկարան քանիցս այդ հարցն օրակարգ է բերել այն հիմնավորմամբ, որ եթե սիրիական ուժերը ներկայումս ի զորու չեն չեզոքացնել այդ վտանգը, դա կանի Անկարան: Եվ Չավուշօղլին էլ, ըստ էության, հենց դա է ասում: Ընդ որում նաեւ, որ խոսքը ոչ թե միայն Աֆրինի, այլ Թուրքիային սահմանակից սիրիական մյուս քրդապատկան տարածքների մասին է: Եվ մյուս կողմից. ռուսները կարո՞ղ են երաշխիքներ տալ Անկարային, որ քրդական ուժերը նրանց չեն սպառնում: Հասկանալի է՝ ոչ, քանի դեռ քրդերը սերտորեն համագործակցում են Վաշինգտոնի հետ: Նման երաշխիքների համար պետք էր, որ քրդերը զինաթափվեին կամ նրանց մարտական ուժերն անցնեին սիրիական բանակի լիակատար վերահսկողության տակ: Մասնավորապես` Աֆրինում քրդերը հրաժարվեցին, եւ արդյունքում՝ ինչպես Մոսկվան, այնպես էլ՝ Դամասկոսը եւ Թեհրանը, չհաշված հռետորաբանությունը, գործնականում չեզոք մնացին թուրքական ներխուժման հարցում: Ընդ որում, հարձակման սկզբնական փուլում թուրքերի դանդաղ տեղաշարժը քրդերի մոտ տպավորություն ստեղծեց, որ միգուցե կկարողանան սեփական ուժերով դիմադրել, եւ Դամասկոսի վերահսկողության եւ հովանու տակ անցնելու կոչերը մնացին անարդյունք: Բայց ահա վերջին օրերին իրավիճակը սկսել է կտրուկ փոխվել: Թուրքիան, ինչպես ժամանակին ենթադրելու առիթ ունեցել էինք, նախնական անհաջողություններից հետո բավականին մեծ ուժեր է կենտրոնացրել ու հիմա ակտիվորեն առաջ են շարժվում Աֆրինում: Եվ այս իրավիճակում Չավուշօղլուի հիշատակված հայտարարությունը, թերեւս, հենց քրդերին ուղղված մեսիջ էր. զինաթափվելու եւ տարածաշրջանը Դամասկոսի վերահսկողության տակ վերադարձնելու դեպքում, երբ նաեւ ռուսները կկարողանան Անկարային անվտանգության երաշխիքներ տալ, Աֆրինում թուրքական հարձակումը, ըստ ամենայնի, կկանգնի:

Լավ սկիզբ է. Թրամփը գոհ է Պուտինի հետ բանակցություններից

 

ՔՐԴԵՐՆ ԷԼ ՀԱՎԱՏԱՑԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ՈՒ...

Սակայն Աֆրինը խնդրի մի մասն է, այն էլ՝ փոքր: Չավուշօղլին ամենեւին էլ պատահական չէ նույն բանն ասում նաեւ սահմանակից քրդապատկան մյուս տարածքների, այդ թվում՝ Եփրատ գետից արեւմուտք գտնվող Մանբիջի տարածաշրջանի եւ ողջ արեւելյան Եփրատի գոտու մասին: Հենց այստեղ է, որ կենտրոնացած են հիմնական քրդական ուժերը, այստեղ են ամերիկյան բազաները: Ընդ որում, նույն Մանբիջի հետ կապված ամերիկացիները վերջերս սպառնացին Անկարային, որ պատասխան կրակ կբացեն, եթե թուրքերն այս գոտի մտնեն: Բացի այդ, հիշեցնենք, որ կրկին Եփրատից արեւելք ընկած այդ գոտում օրերս ամերիկյան ավիացիան հարձակում գործեց ոչ միայն սիրիական բանակային ուժերի, այլ նաեւ Դեր-Զորի հատվածում գործող կամավորական ուժերի վրա, որոնց թվում կային նաեւ ռուս կամավորականներ: Ընդ որում, այդ հարձակման արդյունքում զոհվեցին նաեւ ռուսներ: Սրան զուգահեռ, մեկ հանգամանք եւս պետք է հաշվի առնել: Վերջին ժամանակներս սիրիական բանակի հիմնական հարվածն ուղղված էր Աֆրինից հարավ գտնվող Իդլիբի տարածաշրջանի հետ: Ընդ որում, Իդլիբում գործում են նաեւ խմբավորումներ, որոնք սերտ կապերի մեջ են Անկարայի հետ: Անկարան, թեեւ ակնհայտորեն դժգոհ էր այդ օպերացիայից, այնուամենայնիվ՝ այն կանգնեցնելու հարցում լծակներ չգտավ: Բայց ահա Դեր-Զորի հիշատակված պատմությունից հետո Իդլիբ մուտք գործեցին թուրքական դիտորդական խմբեր այն բացատրությամբ, թե կկանգնեցնեն սիրիական ուժերի ուղղությամբ գրոհայինների ակտիվությունը: Միաժամանակ՝ Իդլիբի դեմ գործող սիրիական բանակի էլիտար ստորաբաժանումները դուրս եկան այդ ուղղությունից, ինչն ակնարկում է Անկարայի հետ առկա պայմանավորվածությունների մասին: Ընդ որում, սիրիական ուժերը մասամբ տեղակայվել են Դեր-Զորի գոտում, մասամբ էլ՝ Դամասկոսի մոտ՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող մայրաքաղաքի արվարձանային Արեւելյան Գուտա կոչվող գոտու հատվածում: Այստեղ արդեն իսկ սիրիական ուժերը անցնում են հարձակման: Ենթադրվում է, որ առաջիկա օրերին կսկսեն լիկվիդացնել մայրաքաղաքի համար բավականին լուրջ վտանգ ներկայացնող Արեւելյան Գուտան եւ նման մի քանի այլ հատվածներ, ապա, թիկունքը մաքրելով, իրենց հերթին կկենտրոնանան Դեր-Զորի հատվածում:

Եվ այս ամենի հետ միաժամանակ, թերեւս կլուծվի նաեւ Աֆրինի խնդիրը: Ի՞նչ տեսքով, դեռ դժվար է ասել: Կա՛մ՝ Թուրքիան կօկուպացնի այդ տարածաշրջանը, կա՛մ՝ քրդերը կհամաձայնեն ամերիկացիներից ստացած զենքը հանձնել եւ վերադառնալ Դամասկոսի վերահսկողության տակ: Երրորդ տարբերակը, որ քրդերը կկարողանան դիմակայել թուրքական բանակին, գրեթե հավանականություն չունի: Բայց երկու հիմնական տարբերակներից որի ուղղությամբ էլ իրավիճակը զարգանա, դա դաս է դառնում քրդական մյուս տարածքների համար: Հավատալով Վաշինգտոնին` քրդերն իրենց համար վատագույն պայմաններով կորցնում են Աֆրինը: Այսինքն, կշարունակե՞ն հավատալ Վաշինգտոնին՝ նույն ռիսկի տակ դնելով նաեւ Մանբիջի եւ արեւելյան Եփրատի ողջ հատվածը: Իսկ որոշում կայացնելիս պետք է նաեւ հաշվի առնել, որ հնարավոր է՝ միաժամանակ ստիպված լինեն կռվել ինչպես թուրքական, այնպես էլ՝ սիրիական ուժերի դեմ: Վերջապես, Դեր-Զորի հատվածում ռուս կամավորականների վրա հարձակումից հետո ռուսական ուժերը եւս հազիվ թե դիտորդի դերում մնան:

Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին խորհուրդ է տվել դատի տալ ԵՄ-ին

Միաժամանակ, քրդերի որոշման վրա ազդող հանգամանք կարող է լինել, թե ամերիկացիները պատրա՞ստ են անձամբ ներգրավվել մարտական գործողությունների մեջ:

 

ԹՐԱՄՓԸ՝ ԱՄՆ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԱՀ

Ռուս կամավորականների վրա ամերիկյան ավիացիայի հարձակումը, ինչ խոսք, ցույց տվեց, որ Վաշինգտոնը գնում է իրավիճակի շիկացման: Այդ միջադեպին հաջորդեցին տարբեր մակարդակի բանակցություններ: Սակայն անցած շաբաթ կայացած Մյունխենի հայտնի հավաքի ժամանակ նույնպես ամերիկյան ներկայացուցիչները աչքի ընկան միանգամայն ռազմատենչ հայտարարություններով: Ավելին, Սիրիային զուգահեռ Վաշինգտոնը բացահայտորեն սրում է նաեւ Դոնբասի շուրջ իրավիճակը, որտեղ եւս խոսվում է նոր պատերազմի հեռանկարից: Թե որն է Վաշինգտոնի ռազմատենչության իմաստը, դժվար չէ կռահել. ԱՄՆ-ն այն արագությամբ է զիջում իր գլոբալ դիրքերը, որ այդ նահանջը կասեցնելու միակ ռեալ տարբերակ է դարձել ռազմական բախումները: Այլ բան, որ սիրիական բանակն ի զորու է հաղթել քրդերին, Դոնբասը, որի միայն տանկերի քանակը 600-ի է հասնում` ուկրաինական բանակին: Մինչդեռ, եթե ԱՄՆ-ի հովանավորյալները պարտվեն, դա շատ ավելի է վատացնելու Վաշինգտոնի աշխարհաքաղաքական դիրքերը: Իսկ չպարտվելու միակ շանսն այն է, որ ԱՄՆ-ն առաջին դեմքով ներգրավվի այդ բախումների մեջ, նկատի առնելով, որ ներկայումս հազիվ թե գտնվի մեկը, որ համաձայնվի Վաշինգտոնի համար կրակից շագանակ հանողի դեր ստանձնել:

Այսպիսով, ամեն ինչ հասել է միանգամայն պարզ մեկ հարցի՝ Թրամփը պատրա՞ստ է անձամբ պատերազմել, հաշվի առնելով նաեւ, որ մեծ է ուղղակիորեն ռուսական բանակի հետ բախվելու հեռանկարը: Իհարկե՝ տրամաբանությունից  բավականին շեղված ամերիկյան քայլերի մասին կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Բայց նաեւ որոշ հանգամանքներ չի կարելի աչքաթող անել: Օրինակ, ինչպես ցույց են տալիս ամերիկյան քաղաքական փորձագետների մեջ անցկացված հարցումները, մեկ տարվա գործունեությամբ ԱՄՆ վատագույն նախագահ է ճանաչվել Թրամփը՝ 100 հնարավորից ստանալով ընդամենը 12,34 բալ: Այն դեպքում, երբ Օբաման ուներ 71 բալ: Նման խայտառակ վարկանիշի պարագայում՝ հնարավո՞ր է պատերազմի գնալ, որը լուրջ կորուստներ է խոստանում: Հաշվի առնելով նաեւ «Վալդայ» բանավեճային հեղինակավոր ակումբում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԱՄՆ-ին ուղղված կոչը՝ Սիրիայում «կրակի հետ չխաղալ»: Չնայած, ինքն իրեն քաղաքական հանճար համարող Թրամփից ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց նաեւ հայտնի դարձավ, որ օրերս ՌԴ-ում ամերիկյան դեսպան Ջոն Հանթսմանն իր խնդրանքով հանդիպում է ունեցել ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ՝ քննարկելով բոլոր ծանր հարցերը՝ Ուկրաինան, Սիրիան, Հյուսիսային Կորեան եւ այլն: Իսկ դա ակնարկ է, որ հերթական անգամ աշխարհով մեկ սուր ճոճելուց հետո Թրամփը կարող է նորից անցնել նահանջի:

Թրամփը վստահ է՝ բոլորն են ցանկանում նրա առաջադրումը 2020 թվականի նախագահական ընտրություններին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА