ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.02.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Պատկերացնո՞ւմ եք քրեական քրոնիկոնի այդպիսի իրադարձություն. «Ձերբակալված ԱՎԱՆԱԿՆԵՐԸ ստորագրությամբ ազատ են արձակվել»: Ինչքան էլ զարմանալի լինի, դա իրական իրադարձություն է, որը տեղի է ունեցել մեր դարավոր թշնամու տարածքում: Թուրքիայի իրավապահ համակարգում հերթական սկանդալային որոշումն է կայացվել: Իրաքի հետ սահմանակից Ուլուդերեի բնակիչը ավանակների օգնությամբ մաքսանենգ ապրանք է ներկրել, սակայն սահմանապահների կողմից հայտնաբերվել է: Շրջանի ժանդարմերիան մաքսանենգությամբ զբաղվող բնակչին ազատ են արձակել, սակայն հրաժարվել են վերադարձնել 4 ավանակներին` հայտարարելով, որ դրանք ձերբակալված են: Ավանակների տերը բողոքել է, որից հետո ավանակներին ստորագրությամբ ազատ են արձակել` արգելելով մինչ քննության ավարտը վաճառել դրանց:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ «Հայկական վերածնունդի» համագումարից հետո այժմ պատրաստվում է նոր համագումարի, այս անգամ` «Օրինաց երկիր» կուսակցության: Ըստ կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանի` համագումարը. «Ամենայն հավանականությամբ` փետրվարի 24-ին, երեւի` կառավարության նիստերի դահլիճում»: Ընդ որում, ըստ խոսնակի, օրակարգն էլ դեռ պարզ չէ: Սակայն մամուլի «չար լեզուները» հետաքրքիր բան են պնդում` որ կուսակցապետը կուսակիցներին հրահանգել է համագումարին մարդ ապահովել իրենց շրջապատից, որպեսզի դահլիճը լցվի եւ խայտառակ չլինեն: Զարմանալի է, ժամանակին Բաղդասարյանը պնդում էր, թե իր կուսակցությունում 170 հազար մարդ կա, իսկ այսօր... Ժողովրդի խոսքով  ասած` սարի պես տղեն դարձավ պարսատիկի քար:

Շուրջ երկու շաբաթ առաջ Բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ Գառնիի «քարե սիմֆոնիան» համայնքի ենթակայությունից անցնում է Խոսրովի արգելոցի կառավարման տակ: Բայց արի ու տես, որ այդտեղ հայտնվել է ինչ-որ փայտաշեն կառույց, եւ սոցցանցերում մեր հայրենակիցները վրդովված ենթադրում էին, որ հերթական քյաբաբնոցն է սարքվում: Ինչպես արտահայտվեց բլոգեր Տիգրան Քոչարյանը` «քարերի սիմֆոնիան» դարձավ քյալերի սիմֆոնիա: Բարեբախտաբար պարզվեց, որ դա ընդամենը մեկ համերգ անցկացնելու համար ժամանակավոր կառույց է, որը դրանից հետո ապամոնտաժվելու է: Բայց ի՞նչ ասի նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Նա զարմանալիորեն ուրիշ ասելու բան չգտավ, քան հայտարարելու, որ այդ կառույցը հուշարձանից 12 մետր հեռու է: Դե ինչ ասես, ի վերջո կգա՞ այն օրը, որ ՀՀ քաղաքացիները բնության այդ հրաշք հուշարձանի համար տագնապելու առիթներ չունենան:

Իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատվիրակությունով մեկնեց Մոսկվա, ուր մասնակցելու է ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԻ 100-ամյակին նվիրված տոնակատարություններին եւ հանդիսավոր արարողություններին: Դե, բնական է, որ մեր նախարարը պետք է այդ ձեւով դաշնակից երկրի իր պաշտոնակցին շնորհավորեր տոնական առիթի կապակցությամբ: Բայց նման է, որ փետրվարի 23-ը` որպես տոնական օր, արդեն Հայաստանում գործնականում մոռացվել է: Ճիշտ է, կան մարդիկ, ոքվեր այդ օրը բաժակ են բարձրացնում, կան նաեւ մարդիկ, ովքեր կտրականապես մերժելի են համարում: Զարմանալ պետք չէ, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Բայց բոլոր դեպքերում շնորհավորում ենք բոլոր նրանց, ում համար փետրվարի 23-ը տոն է, այդ թվում` եւ ՌԴ քաղաքացի բազում հայերին:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА