ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գումբուրդոյի հայկական եկեղեցու խնդրի լուծումը վրացական կողմը ձգձգում է

23.02.2018 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գումբուրդոյի հայկական եկեղեցու խնդրի լուծումը վրացական կողմը ձգձգում է

Անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրելն ավարտվել էր բախումով: Ոստիկանները օդ էին կրակել եւ մահակներով դաժանաբար ծեծել տեղի հայ բնակիչներին, ովքեր ցանկացել են մտնել եկեղեցու բակ: Ամիսներ անց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՎԱԶԳԵՆ եպիսկոպոս ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ հարցը դեռ վերջնական լուծված չէ. «Պարզապես, այդ օրերին լարվածությունը մի փոքր ավելի արագ մեղմելու անհրաժեշտություն կար, եւ կարծես թե, ընդհանուր ուժերով հաջողվեց հանդարտեցնել` շնորհիվ հենց տեղի ժողովրդի բարձր գիտակցության: Գումբուրդոյի հայությունը շատ շնորհքով, հավատավոր ու կրոնական ժողովուրդ է, այդ գյուղում մեծ սրբություններ են պահպանվում: Աշխատանքային խումբը եռակողմ էր` վրաց պատրիարքարան, վրաց կառավարություն եւ վիրահայոց թեմ: Ցավոք, վրացական կողմի հետ բանավոր այն պայմանավորվածությունները, որոնք հետո պիտի վերածվեին գրավորի, ինչ-ինչ հանգամանքներով ձգձգվում են: Մեր ժողովրդին պիտի տրվեն երաշխիքներ, որ այդ ոսկորները այնտեղից հանելուց հետո պիտի հետ բերվեն: Քանի որ այդ երաշխիքները դեռ գրավոր հստակ տրված չեն, առայժմ ոսկորները տեղում են, իսկ խաչքարը պատրաստ է, դեռ տեղադրված չէ, որովհետեւ անպայման պետք է լինի սեփականատիրոջ թույլտվությունը, իսկ  տարածքի սեփականատերը վրաց Ուղղափառ եկեղեցին է: Մեր ժողովուրդն էլ սպասում է, որպես օրինապահ իրեն թույլ չի տալիս, որ անօրինական գործունեություն ծավալի: Ամեն պատեհ առիթով վրաց իշխանավորներին եւ պատրիարքարանի ներկայացուցիչներին այս մասին հիշեցնում ենք: Հավանաբար, առայժմ խնդիրներ կան, որ պետք է լուծեն, բայց միեւնույնն է դա լուծում պիտի ստանա, քանի որ առանց այդ երաշխիքների, ժողովուրդը չի համաձայնի, որ այդ ոսկորները այնտեղից դուրս գան: Իսկ եթե մնաց այնտեղ, բնականաբար, այդ ոսկորների վրա պիտի շիրմաքար դրվի, իսկ այդ խաչքարը հենց շիրմաքար էր, այնպես որ դեռ մենք այնտեղ անելիքներ ունենք: Իսկ այդ ամենը պետք է լինի  Գումբուրդոյի հայ ժողովրդի հավաքական համաձայնությամբ»:

«Հայ Եկեղեցու մեջ ծագած տագնապները փողոցում չէ, որ պետք է լուծվեն». ՌԱԿ-ի կոչը

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА