ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՆՈՐՄԱԼ ՎԵՐԱՀՍԿԵՔ

23.02.2018 22:50 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՆՈՐՄԱԼ ՎԵՐԱՀՍԿԵՔ

Վերջերս շրջանառության մեջ հայտնվեց էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի կազմակերպած՝ 10 տնտեսվարողի կողմից արտադրվող թթվասերի փորձաքննության եզրակացությունը, որը ցույց էր տվել, որ նմուշներից միայն 3-ն են համապատասխանել անվտանգության չափանիշներին, իսկ 7-ում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսայուղ եւ խմորասնկերի բարձր քանակ եւ այլն: Ընդ որում, դեռ 2016 թվականին էր «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն բարձրացրել թթվասերի շուկայում առկա խախատումների թեման, ու այդ ժամանակ նույնպես թթվասերի մեջ հայտնաբերվել էր աղիքային ցուպիկ:

Այսինքն՝ խնդրին այդպես էլ որեւէ լուծում տրված չէ: Եվ այդ ֆոնին ուշագրավ էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունը, թե՝ Գյուղնախարարության ու Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` ՍԱՊԾ-ն, միայնակ չի կարող վերահսկողություն սահմանել խանութում վաճառվող սննդի նկատմամբ. «Ֆիզիկապես անհնար է ամբողջ շուկայում հարյուր տոկոսով ամենօրյա հսկողություն իրականացնել, բայց յուրաքանչյուրի կողմից գտնված ցանկացած թերություն սննդի մեջ մեծ աջակցություն է ՍԱՊԾ-ին, որպեսզի վերջիններս արձագանքեն»: Բայց հետո տարօրինակ տեսք ունեն ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ թե՝ վերահսկողություն է իրականացվել կաթնամթերք արտադրող 7 ընկերություններում, որտեղ հայտնաբերվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ համակարգային բնույթի. «Համակարգային բնույթի խնդիրներից մեկը կապված է կաթի մթերման գործընթացի նկատմամբ հսկողության թույլ մակարդակը, որակական համակարգերի բացակայությունը եւ դրանց առկայութան դեպքում ոչ լիարժեք օգտագործումը եւ այլն»:

Այսպիսով, ի՞նչ կապ ունի գյուղնախարարի ասած՝ խանութներում վերահսկողությունը, եթե կաթնամթերքի ¥եւ ոչ միայն¤ որակական խնդիրները սկսվում են ամենասկզբնական փուլից՝ կաթի մթերումից: Այսինքն, երբ շատ հաճախ, առանց որեւէ որակական ստուգման, կաթն ինչ-որ կասկածելի մասնավոր մթերողների միջոցով գյուղացուց հավաքվում, հանձնվում է վերամշակողներին, ու դառնում է կաթնամթերք, պարզ չէ՞, որ երբ էլ ստուգես, օրինակ՝ աղիքային ցուպիկ կլինի: Այսինքն՝ խանութներում ստուգելու եւ «ֆիզիկապես անհնար» լինելու մասին խոսելու փոխարեն, եթե պատշաճ եւ պարբերական ստուգումներ լինեն հենց արտադրողների մոտ ու խախտումների դեպքում՝ մի քանի կոպեկ վերցնելու ու ձայները կտրելու փոխարեն, նրանց լրջորեն պատժեն, ապա հաստատ մանրածախ ցանցում էապես կնվազեն խախտումները: Հենց դա է, որ չի արվել եւ, կասկածում ենք, որ կարվի: Կասկածում ենք, քանի որ պետական որակական վերահսկողությանը մոտ կանգնած մեր աղբյուրն այս միտքը հուշեց. «Գիտեք` ինչքան են ուրախանում, որ լրատվամիջոցներում խախտումների մասին տեղեկություններ են լինում: Դա ստուգումների լավ առիթ է, իսկ ամեն մի ստուգում պատկերացնո՞ւմ եք մեղավոր արտադրողին ինչ շռայլ է դարձնում...»:

Եվ քանի որ խոսքը հասարակության առողջության վրա մեծ ազդեցություն ունեցող կաթնամթերքի մասին է, ընդգծենք նաեւ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆԻ այս գնահատականը. «Մարդկանց թվում է, եթե մթերքը պարունակում է աղիքային ցուպիկ, ապա նման խնդրի կողքով կարելի է անտարբեր անցնել: Ինչ վերաբերում է հակաբիոտիկներին, ապա ապացուցված է դրանց բացասական ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա, դրա հետեւանքով մարդը կարող է ալերգիաներ ունենալ, ընդհուպ մինչեւ ուռուցքածին երեւույթներ: Թթվասերների մեջ հայտնաբերվել էր նաեւ տրանսճարպաթթուներ, որը խիստ վտանգավոր է հատկապես երեխաների օգտագործման դեպքում»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА