ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սումգայիթյան ջարդեր` 30 տարի անց ականատեսների վերքերը չեն սպիացել

23.02.2018 22:29 ՍՈՒՄԳԱՅԻԹ 30
Սումգայիթյան ջարդեր` 30 տարի անց ականատեսների վերքերը չեն սպիացել

1988 թվականին փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակիչների նկատմամբ տեղի ունեցած զանգվածային ջարդերից անցել է 30 տարի: Սումգայիթում եւ երկու տարի անց`1990 թվականին Բաքվում հայերի կոտորածը տեղի է ունեցել ադրբեջանական իշխանությունների գիտությամբ եւ հովանավորությամբ, ամեն ինչ նախապես ծրագրված է եղել: Ադրբեջանցի խուժանի վայրագությունների հետեւանքով սպանվել են տասնյակ հայեր, վիրավորվել ու հաշմանդամ դարձել հարյուրավորները: Սումգայիթում բնակվող բազմաթիվ հայեր դարձել են փախստական, նրանց մի մասն այսօր ապրում է Հայաստանում, իսկ մյուս մասը սփռված է աշխարհով մեկ:

Սումգայիթյան ահասարսուռ դեպքերն ականատեսները դժվարանում են պատմել առանց արցունքների`սպանություններ, բռնաբարություն, ծեծ ու ջարդ, զանգվածային անկարգություններ, ահա այն ամենը ինչ հիշում են նրանք 1988 թվականի փետրվարից:
Սումգայիթյան ջարդերի ականատես ԿԱՐԻՆԵ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ 1988 թվականին 24 տարեկան է եղել: Ասում է իր համար սումգայիթյան ողբերգությոնը սկսվել է փետրվարի 26-ի երեկոյան, երբ քրոջ հետ այցելել է քաղաքի կինոթատրոն.«Կինոթատրոնում հանկարծ հայտնվեցին տարօրինակ մարդիկ ու ֆիլմն ընդհատեցին, նրանք բարձրացան բեմ եւ պահանջեցին, որ ով ներկաներից ազգությամբ հայ է ոտքի կանգնի: Այդ պահին հասկացա, որ տարօրինակ բաներ է կատարվում, անմիջապես քրոջս ասացի, որ հանգիստ լինի: Քույրս արտաքնապես հայի նման չէր, նրան ասացի, եթե այդ մարդիկ ինձ մոտ գան, լավ կլինի, որ նա տպավորություն ստեղծի որ ինձ չի ճանաչում: Բայց հանդիսատեսը պահանջեց, որ ֆիլմի ցուցադրությունը շարունակեն, ֆիլմի ավարտից հետո շատ դժվարությամբ տուն հասանք: Քանի որ ջարդարարներն արդեն փողոց էին դուրս եկել եւ չորս կողմից բղավում էին «մահ հայերին»: Ականջներիս չէի հավատում, մտածում էի արդյո՞ք երեկ ես այս մարդկանց հետ նույն հիմնարկում էի աշխատում: Տանը մայրս ասաց այն, ինչ պետք է կատարվեր հաջորդ օրը` եթե այսօր նրանք բղավում են, ապա վաղը կսկսեն սպանել, իհարկե մենք չհավատացինք մորս, ասելով , թե նման բան չի լինի…Հաջորդ օրը սկսվեց կոտորածը: Մեր տուն եկան զինված մի խումբ մարդիկ, ընտանիքիս անդամներին թաքցրեցի եւ դուռը բացեցի: Ադրբեջաներենով համարձակ հարցրեցի թե ինչ են ուզում մեզանից, նրանք էլ պատասխան չունենալով `հեռացան: Սակայն ներքեւում նրանց ղեկավարը բղավեց, թե ինչու են ձեռնունայն վերադարձել եւ զինված խումբը կրկին վերեւ բարձրացավ, բայց այս անգամ ոչ թե դուռը թակեցին, այլ  ջարդեցին ու ներս մտավ: Նրանց հարվածներն առաջինն ինձ հասան, մեր տանն էր նաեւ ազգությամբ ռուս մի աղջիկ, քույրս շուտ կողմնորոշվեց եւ վախից հայտարարեց, թե ադրբեջանցի է: Նրանց նախ ապտակեցին, ապա ասացին, որ այլեւս հայերի տուն ոտք չդնեն…ինձ ծեծելով հանեցին մինչեւ փողոց, այնուհետեւ չեմ հիշում ինչ է կատարվել, քանի որ գիտակցությունս կորցրել եմ… գիտակցության եմ եկել հիվանդանոցում, միայն հիշում եմ, որ տեղի բժիշկներն ինձ ասացին. «Այս ինչ է, մեր գազաններն են ձեզ այս օրը գցել»:Հետո բոլորիս հավաքեցին այն նույն կինոթատրոնում, որտեղ մեկ օր առաջ եղել էի, այնտեղ էլ հանդիպեցի ընտանիքիս անդամներին»:

Մայր եւ դուստր ՌԱՅԱ եւ ՌՈՒԶԱՆՆԱ  ԹՈՎՄԱՍՅԱՆՆԵՐԸ նույնպես սումգայիթյան ողբերգության ականատեսներից են, ունեցել են հարազատների կորուստ եւ միայն հրաշքով են կարողացել փրկվել ոճրագործների ձեռքից: Ժամեր շարունակ տիկին Ռուզաննայի ամուսինը` Ռաֆիկ Թովմասյանը պայքարել է զինված հրոսակախմբի դեմ եւ կյանքի գնով փրկել կնոջ եւ դուստրերի կյանքը:
Ռուզաննա Թովմասյանի համար ցավալի է հիշել մղձավանջային այդ օրերը , որովհետեւ կորցրել է ոչ միայն ամուսնուն, այլեւ շատ հարազատների.«Երբեք չեմ մոռանա այդ օրերը, հանգստան օր էր`կիրակի, բոլորս տանն էինք: Փողոցում տարօրինակ իրարանցում էր, արդեն խոսակցություններ էին շրջանառվում այն ամենի մասին, ինչ պետք է տեղի ունենար: Մայրիկիս հետ գնացինք հարեւանուհուս տուն զանգահարելու, այդ պահին մի խումբ զինված մարդիկ եկան ու ադրբեջանցի հարեւանուհուս հարցրեցին, թե այնտեղ հայ կա, նա մեզ թաքցրեց: Երբ նրանք հեռացան, որոշեցի զանգահարել ոստիկանություն, բայց որեւէ մեկը չարձագանեց, այդպես մենք 8 ժամ մնացինք հարեւանուհուս տանը: Փողոցից ու շենքից լսում էինք հայերի աղաղակները, ադրբեջանցի զինված խմբերը նրանց ծեծում ու սպանում էին: Ամուսինս եւ հայրս` Ադամյան Հրանտը մի քանի ժամ պայքարել էին զինված խմբի դեմ, ամուսնուս նրանք սպանել էին, իսկ հորս կյանքը հաջողվեց փրկել….»
Ռուզաննա Թովմասյանը 1988 թվականին 10 տարեկան է եղել, սակայն դեպքերը մանրամասն հիշում է, ասում է` այն ինչ տեղի է ունեցել այդ օրերին` իսկական Ցեղասպանություն էր, քանի որ Ադրբեջանը նպատակադրված գանցել է հայերի զանգվածային կոտորածի: Ըստ նրա, Ադրբեջանը ստեղծվել է միայն պանթուրքիստական ծրագիրը յուրացնելու  նպատակով, այն երկիրը Թուրքիայի ծնունդն է.«Կիրակի օր էր, մարդիկ հանգստանում էին եւ որեւէ մեկի մտքով չէր անցնում , որ ականատես կլինենք մի վայրագության, որը հիշելուց կսարսափենք: Բակում խաղում էինք, ադրբեջանցի ընկերուհիներից մեկը , ով իմ տարիքին էր մոտեցավ ինձ ու  ասաց, որ հայերը Արցախն են պահանջում, բայց ադրբեջանիցները նրանց պետք է կոտորեն: Այս մասին ասացի ընտանիքիս անդամներին, բայց որեւէ մեկն ինձ չհավատաց: Մեկ ժամ անց բակում հայտնվեցին 3-4 հարյուր զինված մարդիկ, որոնք վանկարկում էին «մահ հայերին», րոպեներ անց հայերի ջարդը սկսվեց… պապս եւ հայրս դիմադրեցին այդ խմբին, որի շնորհիվ կարողացանք կենդանի մնալ, բայց հայրս սպանվեց…»

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА