ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.02.2018 19:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Նման է, որ մազութային սուլթանատի բռնապետի գործերն այնքան էլ հաջող չեն: Այսպես, Ռուսաստանի պատգամավոր, մեր ընթերցողներին քաջածանոթ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԸ փշրում է Ալիեւի այն հույսերը, որ կարող է պատերազմ սկսելու «դաբրո» ունենալ: Անդրադառնալով «Երեւանը հետ վերցնելու» եւ այլ հոխորտանքներին` Զատուլինը սառը ջուր է լցնում Ադրբեջանի գլխին. «Սակայն պատերազմական գործողությունները ելք չեն, ես չեմ ակնկալում պատերազմական գործողություններ, քանի որ պատերազմի վերսկսման մասին խոսում է Ադրբեջանը, կասեմ, որ Ադրբեջանի ներկայիս տնտեսական եւ նավթային, գազային եկամուտները թույլ չեն տա սկսել պատերազմ. դա կլինի ինքնաոչնչացում: Մյուս հանգամանքն էլ այն է, որ որեւէ գերտերություն չի աջակցի Ադրբեջանին պատերազմի վերսկսման դեպքում: Ադրբեջանը ցանկանում է նման թույլտվություն ստանալ, անկախ նրանից` կսկսի՞ պատերազմ, թե` ոչ, դա նրան թույլ կտա ավելի վստահ զգալ, սակայն որեւէ կենտրոն դա չի անի, քանի որ նման պատասխանատվություն ստանձնելու ցանկություն չունի ոչ ոք»:

ԶԱՐՄԱՆՔ

Լավ, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ նույն ռազմական դաշինքում է: Սակայն զարմանալիորեն մազութային բռնապետի փխրուն սրտին հարված են հասցնում եւ բրիտանացիները: Արցախյան հակամարտության մասին գրքեր գրած հայտնի փորձագետ ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼԸ սառնասրտորեն արձանագրում է. «Ես կարծում եմ, որ բոլորը շատ, թե քիչ հասկանում են` հակամարտության ցանկացած կարգավորման դեպքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի հսկողության տակ»: Պատկերացնո՞ւմ եք, ավանդաբար Ադրբեջանին լավ վերաբերվող բրիտանացին ինչ է ասում: Բայց ամենազարմանալին այն է, որ «տարածքները վերադարձնելու» հարցով էլ Բաքվին նա առանձնապես մեծ հույսեր չի տալիս. «Հայկական կողմը դրանք չի հանձնի, մինչեւ չլինեն անվտանգության ամուր երաշխիքներ: Ես կարծում եմ, որ 20 տարի առաջ շատ ավելի հեշտ էր լուծել այդ հարցը, քան այժմ»: Դե ինչ, ոչ այնքան հարագելի ալիեւներ, ուշացել եք, այն էլ, 20 տարով եք ուշացել:

Բայց ամենադաժան հարվածը ադրբեջանական նուրբ լարերին հասցրեց Վրաստանը, որին Բաքուն համարում է դաշնակից: Այդ երկրի նախագահ ԳԵՈՐԳԻ ՄԱՐԳՎԵԼԱՇՎԻԼԻՆ հանդիպել էր Մառնեուլիի թուրք բնակչության հետ, եւ երբ մասնակիցներից մեկը հայտարարել էր, թե Ադրբեջանում այսօր հարգում են «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը եւ վրաց նախագահին խնդրել էր մեկ րոպե լռությամբ հարգել, Մարգվելաշվիլին անտեսեց դա եւ հայտարարեց, որ Վրաստանը դեմ է հակամարտության էսկալացիային ու կողմնակից է խաղաղ կարգավորման: Այդքանից հետո Ալիեւը, թերեւս, հայտնի Պանիկովսկու պես պետք է արտասվի եւ տրտնջա:

Լավ, մի կողմ դնենք Ադրբեջանի հակահիգիենիկ թեման եւ անդրադառնանք  աղջիկներին: ՀՆԴԿԱՍՏԱՆԻ իշխանությունները զարմանալի բան են որոշել` կանանց տալ կրծքի անվճար պլաստիկ վիրահատության հնարավորություն:  Թամիլնադ նահանգի առողջապահության նախարարությունը ստեղծել է անվճար պլաստիկ վիրաբուժության կլինիկա` Սթենլիի պետական բժշկական քոլեջին կից: Նահանգի առողջապահության նախարար Վիջայա Բասկարի խոսքով` պլաստիկ վիրաբուժությունը պետք է հասանելի լինի ոչ միայն բնակչության հարուստ շերտերին: «Եթե մենք չաջակցենք, կանայք կդիմեն վտանգավոր մեթոդների կամ կխրվեն մեծ պարտքերի մեջ»,- ասել է նա: Ճիշտ է, կան բժիշկներ, որ առարկում են` բյուջեն պետք է ծախսել հիվանդությունների բուժման, այլ ոչ թե արտաքին կոսմետիկ փոփոխությունների վրա, բայց...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА