ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.02.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հարգելի երեւանցիներ, եթե հույս ունեք գարնանային առաջին գիշերը հանգիստ քնել, ապա հիմիկվանից հրաժեշտ տվեք այդ հույսին: Ո՛չ, բնական աղետ չի սպասվում, սպասվում է սակայն բնական աղետից ոչ պակաս աղմկալի զարմանալի իրադարձություն: ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ որոշել է մարտի 1-ի լույս 2-ի գիշերով բողոքի ակցիա անցկացնել ԱԱԾ-ի շենքի մոտ, նոր միայն շարժվել դեպի մարտիմեկյան ողբերգության վայր` Մյասնիկյանի արձան: Իսկ թե ինչ աստիճանի ճղճղան են ե՛ւ ինքը` Զարուհին, ե՛ւ նրա թիմակիցները, առիթ ունեցանք տեսնել Երեւանի ավագանու սկանդալային նիստին: Ինչեւէ, հուսանք, որ մայրաքաղաքն այդ գիշերով կպրծնի ընդամենը ճվճվոցներով:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց, այնուամենայնիվ, ինչքան էլ զարմանալի լինի, կա եւ բնական երեւույթ, որն ազդում է մարդկանց ինքնազգացողության եւ տրամադրության վրա: ԱՐԵՎԻ մակերեսի վրա պսակաձեւ խոռոչի գոյացման պատճառով երեկ սկսվել է մագնիսական փոթորիկ, եւ 10 ժամվա ընթացքում երկրի մագնիսական դաշտի տատանումներն աճել են 10 անգամ: Եվ այդ փոթորիկը տեւելու է եւս երկու-երեք օր, այնպես որ, շատ չզարմանաք, եթե այս օրերին տեսնեք ոչ ադեկվատ պահվածքի դրսեւորումների աճ` հատկապես քաղաքական գործիչների եւ տարատեսակ ակտիվիստների մոտ: Չէ՞ որ նրանք կատվի պես են` մարտ ամսի գալուն պես գրգռվում են, դե, եթե հավելենք նաեւ մագնիսական փոթորիկը, ապա ամեն ինչ պարզ է դառնում:

ԱԱ Ծառուկյան խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածուներին շատ բարձր գնահատեց. «Բարձրակարգ մակարդակներ են նրանք, եւ մեր ընտրությունը պետք է լինի դրական, բնականաբար»: Դե հասկանալի է, շատերն էին ԱԺ ամբիոնից գովասանք հնչեցրել թեկնածուների, ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդկային որակների մասին: Եվ դատական համակարգը շտկելու կոչ հնչեցնելուց հետո, նա Գագիկ Հարությունյանին համեմատեց Միկոյանի հետ. «Գագիկ Հարությունյանին ճանաչում եմ 1983 թվականից, որի հետ աշխատել եմ Ժողինստիտուտում: Հետաքրքիր անձնավորություն է, հայ իրականության մեջ եզակի մարդ է: Մեկ Միկոյանն է այսքան երկար իշխանության մեջ եղել, մեկ էլ` Գագիկ Հարությունյանը: Հենց այնպես չեն լինում իշխանության մեջ»: Դե ինչ, Միկոյանը պաշտոնավարել էր «Իլյիչից մինչեւ Իլյիչ», իսկ Գագիկ Հարությունյանը հասարակարգ եւ դարաշրջան հասցրեց փոխել:

Զարմանալի բան է տեղի ունենում ՆՈԲԵԼՅԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ, որը գտնվում է Նորվեգիայում: Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մրցանակի համար առաջադրվել է 217 մարդ եւ 112 կազմակերպություն: Կասեք` ի՞նչ կա որ, 329 հավակնորդ կա, ովքեր խաղաղության գործին ներդրում ունեն: Բայց Խաղաղության Նոբելյան մրցանակները մի զարմանալի հատկություն ունեն` որպես կանոն դրանք բաժին են հասնում ոչ թե արարող, այլ ավերող գործիչներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել սեփական, կամ մեկ այլ երկրի ավերման գործում: Ուստի, արձանագրելով այդ փաստը, որն ամենեւին էլ գաղտնիք չէ, մնում է մաղթել մեր երկրին, որ երբեք չունենա Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА