ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՏԱՐՎԱԾԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐՆ ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆՔ»

28.02.2018 22:00 ՍՈՒՄԳԱՅԻԹ 30
«ԿԱՏԱՐՎԱԾԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐՆ ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆՔ»

30 տարի առաջ այս օրը Սումգայիթում տեղի ունեցան պետականորեն կազմակերպված սպանություններ եւ բռնություններ, բռնի տեղահանվեցին եւ ունեզրկվեցին հարյուրավոր մեր հայրենակիցներ, իսկ բռնությունները շարունակվեցին հայաբնակ Բաքվում, Գանձակում եւ բոլոր այն բնակավայրերում, որտեղ հայեր էին ապրում: Սումգայիթում տեղի ունեցածը բացահայտ հայատյացության հետեւանք էր, որն այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական գնահատականի չի արժանացել միջազգային հանրության կողմից: Իսկ թե ինչո՞ւ, հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից, ով ասաց.

«ԲՌՆԱԲԱՐԵՑԻՆ, ԱՊԱ ԴԱՆԱԿՈՎ ՎԻՐԱՎՈՐԵՑԻՆ 16-ԱՄՅԱ ԶԱՐՄՈՒՀՈՒՍ»

-1988 թվականին Սումգայիթի եւ դրան հաջորդած ոճրագործությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպանական գործողություններ: Եթե նախկինում գուցե բացակայում էին լիարժեք փաստերը առ այն, որ ջարդերը կազմակերպվել են նախապես՝ պետության կառավարման բարձրագույն մարմնի կողմից, ապա այսօր, քիչ-քիչ այդ փաստերը ի հայտ են գալիս: Այսինքն, կատարվածը ցեղասպանություն որակելու բոլոր հիմքերն այսօր ունենք: Եվ մինչեւ1988 թվականի ջարդերը չորակվեն՝ որպես ցեղասպանություն, փոխհատուցման մասին խոսելն անիմաստ է: Դրա համար առաջին անհրաժեշտ քայլն այն պետք է լինի, որ Սումգայիթում հայերի հետ կատարվածը որակվի՝ որպես ցեղասպանություն:

Հատկապես, որ վերջերս սումգայիթյան ջարդերին առնչվող մի շարք նոր փաստեր եկան: Դրանք վկայում են, որ այդ հանցագործությունը պատրաստվել է այն ժամանակվա Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմնի կողմից: Որը մեկ անգամ եւս գալիս է փաստելու եւ ապացուցելու միջազգային հանրությանը, որ կատարվածն իրոք գենոցիդ էր: Նորից եմ կրկնում, այո, կան շատ լուրջ փաստեր, որոնք, ցավոք, նոր են ի հայտ գալիս: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ այսօր ինչպես երբեւէ, մենք պետք է օգտագործենք բոլոր նոր ի հայտ եկած փաստերը եւ դիմենք միջազգային ատյաններին, որ սումգայիթյան ջարդերը որակվեն՝ որպես ցեղասպանություն:

- Խոսեցիք նոր փաստերից: Կմանրամասնե՞ք, ի՞նչի մասին է խոսքը:

- Վերջերս այն ժամանակվա՝ խորհրդային շրջանում ստեղծված հատուկ քննչական խմբի ղեկավարը հարցազրույց էր տվել եւ հրապարակավ հայտարարել, որ այն ժամանակ իրենք փաստեր էին ձեռք բերել, որ տվյալ հանցագործությունը նախապատրաստվել է ամենաբարձր ատյանների կողմից: Նա նույն հարցազրույցում նշել է նաեւ, որ ժամանակին իրենց թույլ չեն տվել այդ փաստերը ջրի երես հանել եւ հրապարակել: Հենց այդ փաստերը մենք պետք է օգտագործենք այսօր` ճիշտ եւ տեղին: Այնպես որ, հիմա իսկական ժամանակն է` սումգայիթյան ջարդերը ճանաչել որպես ցեղասպանություն:

Ինչ խոսք, դրա համար մեզ ահռելի աշխատանք է անհրաժեշտ իրականացնել: Առաջին հերթին անհրաժեշտ է մասնագիտական խմբեր ստեղծել, որպեսզի եղած եւ նոր ի հայտ եկող փաստերը ձեռք բերվեն, հրապարակվեն, ապա՝ հրամցվեն միջազգային հանրությանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА