ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

02.03.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ժամանակին ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ գլխավորած «Երկիր ծիրանի» խմբակցությունը առաջարկել է Երեւանի ավագանուն ունենալ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի փողոց` ելնելով այն հանգամանքից, որ Վիլսոնն էր կայացրել հռչակավոր իրավարար վճիռը, որով Հայաստանին պետք է անցնեին հսկայական տարածքներ: Անշուշտ, մեր ազգին մատուցած ծառայության համար կարող է լինել այդպիսի փողոց, բայց... Հիմա էլ այդ ճղճղան խմբակցությունը անպայման ուզում է, որ Վազգեն Սարգսյանի փողոցը վերանվանվի Վիլսոնի անունով: Զարմանալով հանդերձ, բավարարվենք սոսկ նրանով, որ մեջբերենք ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքը. «Ինչպե՞ս կարելի է նման բան առաջարկել: Վազգեն Սարգսյանը ոչ միայն մեր կուսակցության առաջնորդն է, նա Ազգային հերոս է, Արցախյան հերոսամարտի սիմվոլներից մեկն է, մեր անկախ հայոց պետականության եւ հաղթանակած հայոց բանակի խորհրդանիշներից է: Նա ազգային եւ վերկուսակցական գործիչ է, եւ առնվազն աբսուրդ է վերանվանել նրա անունով փողոցը»:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, նույն Զարուհի Փոստանջյանը մարտի 1-ին մայրաքաղաքով անցկացնում էր «Երթ ընդդեմ բռնապետության», որի գիշերային հանգրվանը ԱԱԾ-ի շենքին հարող տարածքն է, եւ հարկ է նշել, որ երթը զարմանալիորեն բազմամարդ էր` մասնակցում էին հինգուկես հոգի: Բայց մեզ ոչ պակաս զարմացրեց պառկացույցերի հայտնի ռահվիրա ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ: Նա մարտիմեկյան ողբերգության զոհերի նկարներով պաստառը գրկած` պառկել էր Մյասնիկյանի արձանի մոտ: Իզուր չէ, որ անգամ տաքսիստները բավականին վաղուց փողոցում արագությունը գցող «պառկած ոստիկան» երեւույթին սկսել են կոչել նաեւ Վարդգես Գասպարի, ի վերջո, ցանկացած տեղ չէ, որ կարելի է պառկացույցով ինչ-որ բան ասել: Բայց, այնուամենայնիվ, արձանագրենք, որ այս անգամ էժան ենք պրծել` ծաղիկները ձեռքին մոտեցող ոստիկաններին Գասպարին այս անգամ չհայհոյեց եւ չսկսեց թքել նրանց վրա:

Իսկ Լոս Անջելեսում ոստիկանները սպանել են 22-ամյա ՕՐԲԵԼ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ: Նա ինքնասպանության հակում ուներ, եւ հայտարարել էր, որ ատրճանակ եւ դանակ ունի, սակայն ժամանած ոստիկանները նրա ձեռքին կեսմետրանոց մետաղաձող էին տեսել: Նազարյանը հրաժարվել էր հանձնել, եւ ոստիկանները որոշեցին, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում եւ կրակոցներով սպանել են նրան: Զարմանալին ամերիկյան ոստիկանների արարքը չէր, այլ այն, թե ինչպես դրան վերաբերվեցին հայաստանյան «պայքարիստական» շրջանակները: Նրանք շատ են սիրում ճվճվալ հայկական ոստիկանության ահավոր դաժանության մասին, սակայն ամերիկյան ոստիկանության կողմից հայ երիտասարդ սպանելուն զարմանալիորեն վերաբերվեցին շատ հանգիստ, նույնիսկ չփորձեցին վրդովվել:

Սակայն անցնենք դրական երեւույթներին: Մեզ հաճելիորեն զարմացրեց այն, որ ԿԲ նախագահ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ, կառավարությանը ներկայացրած ֆինանսական ոլորտին վերաբերող օրենսդրական փաթեթի մեջ ներկայացնելով մի օրինագիծ, որը պետք է հանցագործներին հեռու պահի ֆինանսական կազմակերպություններից: Նրա խոսքով` այս օրինագծի նպատակն է ֆինանսական հաստատություններ հանցագործությունների համար դատապարտված անձանց մուտքի եւ այդ կազմակերպությունների կապիտալում նշանակալի մասնակցության կանխարգելումը: «Ներկայումս Հայաստանում բացակայում են պատշաճ իրավական կամ նորմատիվային միջոցառումները, որոնք կկանխեն հանցագործների կամ նրանց հետ կապակցված անձանց նշանակալի մասնակցությունը ֆինանսական հաստատությունների կապիտալում, կամ նրանց կողմից բաժնետոմսերի հսկիչ փաթեթի տնօրինումը»,- նշեց ԿԲ ղեկավարը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА