ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ո՞ւմ ձեռնտու չէ մեր ուժեղ լինելը...». Շուշան Պետրոսյան

02.03.2018 14:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ո՞ւմ ձեռնտու չէ  մեր ուժեղ լինելը...». Շուշան Պետրոսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ օրեր առաջ հանդես եկավ սահմանային խրամատների պատերը ամրակցնելու եւ «հողի իջնելը» կանխարգելելու նախաձեռնությամբ: Մասնավորապես` նա նշել էր, որ իրեն հայտնի է դարձել, որ որպես անհապաղ լուծում կարելի է կիրառել հասարակ տուֆից կառուցվող պատերը: Տեխնիկական նրբությունները քննարկել են հրամկազմի հետ եւ համատեղ եզրակացրել, որ 20 հազար տուֆի աղյուսներ ապահովելով` հնարավոր կլինի միջանկյալ լուծում տալ խնդրին, իսկ դրա համար անհրաժեշտ է 4 միլիոն դրամ: Հաշված օրեր անց արդեն հավաքվել է 3.440.000 դրամ, բայց պարզվեց դրան զուգահեռ էլ, նախաձեռնությունը քննադատողների պակաս չկա: Այս մասին «Իրավունքը» զրուցեց նախաձեռնության հեղինակի հետ:

«Ցանկալի կլիներ, որ ՀՀԿ-ն ու «Ելք»-ն առնվազն միանման չգործեին»

–Տիկին Պետրոսյան, հերթական անգամ մեծ աղմուկ բարձրացրեց Ձեր` բանակին նվիրված նախաձեռնությունը: Ինչո՞ւ ոմանց հանգիստ չի տալիս ազգ-բանակ գաղափարը:

– Այո, իսկապես հերթական անգամ մեծ աղմուկ բարձրացրեց բանակին նվիրված հերթական ձեռնարկս: Ազգ-Բանակ գաղափարը «ոմանց» հանգիստ չի տալիս, որովհետեւ լավն է, հասկանու՞մ եք, շատ լավը, շատ կարեւոր մեզ համար, միասնական դարձնող, իսկ միասնական լինելն արդեն ուժեղ լինել է: Եկեք ուղղակի տրամաբանենք, ո՞ւմ ձեռնտու չէ մեր ուժեղ լինելը...

– Այս անգամ լրագրողների թիրախում հայտնվեցիք Դուք` սա Ձեզ թեւաթափ անու՞մ է , թե՞ կարեւորը նախաձեռնության արդյունքն է:

– Կարծում եմ` հարցը սխալ է տրված, քանի որ լրագրողների թիրախում ոչ թե այս անգամ, այլ կրկին ես եմ (ժպտում է, -հեղինակ), իսկ թեւաթափ լինել չեմ կարող, ժամանակ չունեմ, աշխատանքը շատ է, ու, անկեղծ ասած, կարեւորը ձեռնարկների արդյունքներն են: Մինչ ապրիլյան քառօրյան սահմանամերձում հիմնականում իրագործում էի մշակույթային ծրագրեր, թշնամու` մեր ուղղաթիռը խոցելուց հետո ուզեցի իմ գնահատանքն ու խոնարհումը արտահայտել զոհված օդաչուների հիշատակին ու հետախուզական խմբի փայլուն աշխատանքն իրագործած զինվորներին: Սիդնեյում մենահամերգ ունեցա ու համերգի ողջ հասույթը հիմք դարձրի ծրագիրս իրականացնելու համար: Ինչպես նաեւ անչափ հայրենասեր մարդիկ իրենց աջակցությամբ եղան կողքիս, ու արդյունքում կառուցվեց մարզասրահ X զորամասում: Մշակույթի տուն, կինոթատրոններ բացեցի Մարտակերտում, Հաթերքում, Մարտունիում... Հետո եղավ ապրիլը, ու աշխատանքիս ոլորտը կտրուկ փոխվեց: Ասելս ի՞նչ է, ժամանակ չկա բանակի մասին սիրողական գիտելիքներով հեղեղված քննադատություններ, վերլուծություններ կարդալ ու առավել եւս` պատասխանել «սուր» հարցերի:

– Հիմա էլ Ձեզ «մեղադրում են», թե վերջին 6 տարիների Ձեր նախաձեռնությունների մասին ոչ մի տեղ չի գրվել, դրա համար էլ տուֆի թեման լայն արձագանք գտավ...

– Մի անեկդոտ հիշեցի. «Ты Чехова читал?» , «нет, я не читатель, я писатель»: Մարդկանց մի տեսակ կա, որ նախընտրում են տեսնել այն, ինչ ուզում են, ինչ պետք է եւ ո՛չ այն, ինչ իրականում կա: Տուֆի թեման, ինչպես բոլոր նմանատիպ, նախորդ եւ գալիք թեմաները միշտ արձագանք են ստացել ու կստանան: Մի մասը արձագանքում ու միանում է ձեռնարկներին` գիտակցելով Ազգ-Բանակ գաղափարի կարեւորությունը (հուրախություն ինձ, այդ «մասը» մեծամասնություն է կազմում), մի մասն էլ արձագանքում են թերահավատորեն (ինչի հիմքը, ավաղ, ունեն), զազրախոսելով, ծաղրելով, թերագնահատելով, ջանք չխնայելով` խանգարելու յուրաքանչյուր նոր նախագիծ: Աստված իրենց հետ: Ժամանակ էլ չկա, այնքան մեծ է աշխատանքի ծավալը, պետք է գործել:

Անիշխանությո՞ւն, թե՞ իշխանակռիվ

– Ամեն անգամ, երբ բանակի հետ կապված ծրագիր է իրականացվում, ակտուալ է դառնում հարցերի հարցը` ինչո՞վ է զբաղված պաշտպանության նախարարը: Կարծում եք, այս մտածելակերպով կկարողանա՞նք ավելի հզորացնել մեր բանակը:

– Պաշտպանության նախարարը զբաղված է շատ ավելի կարեւոր գործերով, որոնք հասու չեն ո՛չ ինձ , ո՛չ բանակի ոլորտում չմասնագիտացված լրագրողներին, ո՛չ բանակի հետ որեւէ աղերս չունեցող քաղաքացիներին ու հատկապես` ո՛չ տնային տնտեսուհիներին, ում անշուշտ, փառք ու պատիվ, որդիներ ծնելու, լավ դաստիարակություն ու կրթություն տալու համար, բայց բանակի մասին անգամ իրենց որդիները չեն խոսում ծառայության ընթացքում ու առավել եւս` հետո: Դուք տեսե՞լ եք, թե ինչ կարոտ կա տղերքի աչքերում, երբ իրար հետ ծառայելուց հետո հանդիպում են քաղաքում, հիշողություններով են կիսվում, ուրախանում են, տխրում են, ու հե՛նց այս պահերն է, որ կարող եք բռնացնել նրանց բանակի, ծառայության մասին խոսելիս: Առանձին դեպքեր, անշուշտ, կան, բայց դա էլ կախված է նրանից, թե ի՞նչ մշակույթի եւ դաստիարակության կրողն է երեխան: Բանակը ինքն իրենով հզոր լինելու մեխանիզմներն անշուշտ ունի, բայց կարեւոր ենք մենք բանակի կողքին, մեր ներկայությունը, խնամքը , գնահատանքը զինվորի հանդեպ շատ են կարեւոր: Ես ուղղակի վստահ եմ, որ հարցի այս մոտեցմանը դեմ խոսող անձինք երբեք խրամատում զինվորի եփած սուրճ չեն խմել, երբեք հենակետերում ներկա չեն եղել թշնամու դիրքերը վարպետորեն ներկայացնող զինվորի կողքին: Այնքան ուժ կա այդ երեխեքի մեջ, որ ուզում ես անվերջ ծառայել իրենց:

– Բանակ-տուֆ, բանակ-լվացքի մեքենա... Նման որակումներ են հնչում սոցցանցերում, ի վերջո, ինչպե՞ս անել, որ չհեղինակազրկենք այն, ինչն ամենաթանկն է Անկախ Հայաստանի Հանրապետության համար:

– Ես անկարող եմ, ես չգիտեմ, ինչպե՞ս որակավորել այս քայլերը: Ինձ համար անսահման թանկ է անկախ հայրենիքս ու միանշանակ, այդորակ ծաղրանքին ու դատարկաբանություններին արժանի չէ:

– Մինչ մենք մանր ինտրիգներով ենք զբաղված, Ալիեւի աշխատակազմը շարունակում է հոխորտալ, որ Ղարաբաղը գրավելը իրենց համար ժամերի խնդիր է: Ի՞նչ կասեք այս մասին:

– Է թող փորձեն, ինչպես արցախցին կասի` «հուվա հինչ ա՞սում»: Ի դեպ, պատերազմն անցած տղերքից շատ-շատերի երազանքն է, որ պատերազմը վերսկսվի, ու նրանք վերջնականապես ավարտին հասցնեն այս մղձավանջը: Ե՞ս: Ես խաղաղություն եմ ուզում ու ամուր բանակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА