ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նախագահի ընտրություններով, կառավարության փոփոխությունով ոչինչ չի փոխվելու»

02.03.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Նախագահի ընտրություններով, կառավարության փոփոխությունով ոչինչ չի փոխվելու»

Երեւանում էր Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռուս քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ՌՈՒՍԱԿՈՎԸ, ում հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու նախ հայ-ռուսական հարաբերությունների, ապա նաեւ հայաստանյան ներքին եւ արտաքին քաղաքականության մասին: Ըստ նրա` հայ-ռուսական հարաբերությունները բնականոն զարգանում են թե՛ մշակութային, ե՛ւ տնտեսական ուղղությամբ:

«Սահմանադրական փոփոխությունները կարելի է համարել վարչապետի եւ ԱԺ մեծամասնության մենամարտը»

«ԵԱՏՄ-ՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՇԱՀՈՒՄ ԵՆ...»

-Առաջին հերթին ուզում եմ ընդգծել ՀՀ կառավարության որոշումն առ այն, որ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան գալ` առանց մուտքի վիզային ռեժիմի: Այս առումով` որքանով կարողացել եմ գնահատել վիճակը` էականորեն մեծացել է զբոսաշրջիկների թիվը Հայաստանում: Օրինակ, ես Եկատերինբուրգից եմ եւ երբ նախորդ տարվա ամռանը գործուղման էի եկել Երեւան, մենք ունեինք մի ինքնաթիռ, որը շաբաթը մեկ չվերթ էր իրականացնում Եկատերինբուրգ-Երեւան ուղղությամբ: Իսկ հիմա թեպետ դեռ սեզոնը չէ, բայց արդեն փետրվար ամսին երկու չվերթ է իրականացվել: Որքան շփվել եմ տուրիստական ընկերությունների հետ, պարզվում է` հիմա շատ ռուսներ ընտրում են իրենց արձակուրդն անցկացնել առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում, հատկապես այցելել Սեւան, Ծաղկաձոր ու հանքային ջրերով հարուստ Ջերմուկ, եւ, իհարկե, Երեւան, որովհետեւ այն հինավուրց քաղաք է: Այնպես որ, կարող եմ փաստել, որ ՌԴ քաղաքացիության անձնագրերով երկիր թողնելու ՀՀ կառավարության այս որոշումը նպաստեց ռուս զբոսաշրջիկների քանակի ավելացմանը: Ինչ վերաբերում է տնտեսական առաջընթացին, մենք ԵԱՏՄ շրջանակներում լավագույնս համագործակցում ենք: Ես շփվում եմ հայ կոլեգաների հետ, եւ բոլորն էլ կարեւորում են մեծ առեւտրային շուկա ունենալը: Գիտեք, ԵԱՏՄ երկրների առանձին շուկաներն այդքան էլ արդյունավետ չէին գործում, նույնիսկ ռուսական մեծ շուկան, որպեսզի այն գրավիչ լիներ ներդողների համար, եւ նրանք արտադրություններ բացեին: Բայց 6 տարի առաջ մեր գործող նախագահ Վ. Պուտինը ձեռնամուխ եղավ ԵԱՏՄ-ի ստեղծմանը, եւ այսօր արդեն 5 երկրներ անդամ են այս միությանը: Արդյունքում Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը  եւ Ռուսաստանը միասին ունենք 182 միլիոնանոնց շուկա, որով էլ ապրում ենք: Ի դեպ, Համաշխարհային բանկի վարկանիշային ընկերությունների տվյալների համաձայն` նախորդ տարի ամենամեծ տնտեսական ցուցանիշը ԵԱՏՄ անդամ երկրներից տվել է  պաշտոնական Երեւանը` եթե չեմ սխալվում, 6-7 տոկոս տնտեսական աճ: Նույնիսկ շատ կոլեգաներ շեշտել են, որ դա հենց շնորհիվ ԵԱՏՄ-ի է եղել: Իսկ 2016-ին ամենամեծ տնտեսական աճը տվել էր Բելառուսը: Թվում է` աշխատելով ընդհանուր շուկայում` ԵԱՏՄ-ում բոլորը շահում են: Դե, էլ չեմ ասում հայ-ռուսական առանձին համագործակցությունների մասին, որոնք կան:

«ԵԿԵՔ ԱՅՍ ՀԱՐՑԸ ԹՈՂՆԵՆՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ»

«Վարչապետի ելույթում ակնհայտ հարձակումներ կային սահմանադրական կարգի նկատմամբ»

–Տպավորություն է, որ հայերն ու ռուսները միակ հարցում, որ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, պատմական որոշ դրվագներ են: Ռուս գործիչներ Մարկովը, Պրոխանովը եւ եւս մի քանի հոգի հայ ժողովրդի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հասցեին այսօր էլ շարունակում են հնչեցնել անհանդուրժելի բացասական որակումներ, ինչն իրականությանը չի համապատասխանում...

– Այդքան էլ ծանոթ չեմ այդ խնդրին: Այդ մասին լսել եմ միայն Հայաստանում, չգիտեմ` ով ինչ է ասել, բայց կա գաղափարական տարակարծություն ասվածը, եւ կա պաշտոնական տեսակետ: Իհարկե, տարբեր քաղաքագիտական, փորձագիտական տեսակետներ իրավունք ունեն գոյություն ունենալ: Սակայն, ինչ է ասել պարոն Պրոխանովը կամ պարոն Մարկովը, չգիտեմ, բայց պետք է զանազանենք փորձագիտական շրջանակի հնչեցրած անձնական կարծիքներն ու պաշտոնական դիրքորոշումները: Չեմ բացառում, որ կարող են լինել որոշ պատմական դրվագներ, որոնք կարիք ունեն քննարկման, լուծումներ գտնելու, բայց սա հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը չի փոխում: Ավելին` հարաբերությունները պետք է զարգացնել: Այս ամենը կապ չունի մեր գործընկերային հարաբերությունների հետ: Եկեք, սա թողենք գիտնականներին, թող քննարկեն: Հայաստանը մեր գործընկերն է` ԱՊՀ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, ԵԱՏՄ անդամ է, իսկ այդ կարծիքները որեւէ կապ չունեն այս ամենի հետ: Շատ բան կարող են խոսել Հայաստանում կամ Ռուսաստանում, ու եթե կան բանավեճեր, դրանք պետք է վարվեն փոխադարձ հարգանքի մթնոլորտում, մենք չենք կարող ռազմավարական մեր գործընկերությունը դրա հետ կապել:

«ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ, ՀԵՏՔԱՅԼ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

–Ե՛վ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում նախընտրական շրջան է: Այսօր ՀՀ Ազգային ժողովը կընտրի ՀՀ նոր նախագահ, այնուհետեւ մեկ ամիս անց կձեւավորվի նոր կառավարություն: Ի՞նչ կարելի է սպասել այս փոփոխություններից: 

– Համենայնդեպս, հետքայլ չի լինելու: Մեծ հաշվով մեր տնտեսական զարգացումը պրակտիկորեն կապված է ԵԱՏՄ-ի հետ: Այս տարի կայացավ ԵԱՏՄ անդամ երկների կառավարության ղեկավարների հանդիպումը, եւ այնտեղ խոսակցություն գնաց բաց առեւտրային շուկա ստեղծելու մասին` նաեւ այլ երկրների հետ, ինչպիսիք են Սինգապուրը, Իսրայելը, Վիետնամը, Եգիպտոսն ու այլ երկներ: Իհարկե, սրանք բավական հեռու շուկաներ են, բայց բացի այդ, տնտեսական առումով ԵԱՏՄ-ն լուրջ ծրագրեր ունի` կապված Չինաստանի նախաձեռնած Մետաքսի ճանապարհի հետ: Սա միլիարդավոր շուկա դուրս գալու ելք կլինի, եւ այս գործընթացը գնում է: Իհարկե, այն միշտ չէ, որ հրապարակային է: Հետեւաբար, նախագահի ընտրություններով, կառավարության փոփոխություններով ոչինչ չի փոխվելու` մեր տնտեսական զարգացումը պայմանավորված է ԵԱՏՄ-ով, ռազմական անվտանգությունը` ՀԱՊԿ-ով եւ ոչ թե անձերով: Իսկ այս միությունից Հայաստանում էլ չեն դժգոհում: Ավելին` օրինակ, Եկատերինբուրգում այսօր կարելի է գտնել ոչ միայն ավանդական հայկական կոնյակ, այլ նաեւ միլիոնավոր շշերով հայկական գինի: Հայկական որակյալ գինին գտել է իր գնորդին նաեւ մեզ մոտ, ուստի` չեմ կարծում, թե տնտեսական, ռազմավարական առումով կարող է բան փոխվել:

Եթե իշխանությունը գնա «անցումային արդարադատության» ճանապարհով, կարող է մեղադրվել սահմանադրական կարգը տապալելու մեջ

«ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՑԱ, ԵՄ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԻ ԴՆՈՒՄ...»

–Հայաստանն ընտրեց «եւ-եւ»-ի քաղաքականությունը` ինտեգրվելով ոչ միայն ԵԱՏՄ-ին, այլ նաեւ Եվրամիությանը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Որպես քաղաքագետ` կարդացել եմ այն պաշտոնական հայտարարությունները, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Հայաստանն անկախ պետություն է, եւ թելադրել, թե ում հետ ինչ համաձայնագիր կնքի, կոռեկտ չի լինի մեր կողմից: Պարզապես, կարող եմ հնչեցնել իմ քաղաքագիտական կարծիքը եւ հիշեցնել, որ Սերբիայի առաջ Եվրամիությունը պայման էր դրել, որ եթե ուզում է մտնել այդ միություն, ուրեմն` պետք է միանա հակառուսական պատժամիջոցներին: Ինչպես հասկացա, ԵՄ-ն Հայաստանի առաջ նման պայմաններ չի դնում, եւ կարող եմ ենթադրել, որ 160 միլիոն ամեն տարի ԵՄ-ից ստանալը Հայաստանի համար բավական կլորիկ գումար է: Սա լավ է, եթե այն ուղղված է լինելու երկրի տնտեսության զարգացմանը, բայց եթե դրան հաջորդելու են քաղաքական պահանջները, որոնք կհակասեն հայկական աշխարհայացքին, քրիստոնական քաղաքակրթությանը, նկատի ունեմ` յուվենալ արդարադատություն կոչվածի եւ գեյ-ամուսնությունների ընդունումը, դրանք, իհարկե, մարտահրավեր են: Սրանք անընդունելի են Ռուսաստանի եւ, վստահ եմ, նաեւ Հայաստանի համար: Հուսով եմ, որ ՀՀ-ԵՄ փոխհարաբերություններում նման հարցեր չեն ծագի: Սակայն եթե տնտեսական համագործակցությանը հաջորդելու են ակնհայտ քաղաքական պահանջներ, որ օրենքներ վերանայվեն, ապա այստեղ կարելի է լուրջ վտանգներ տեսնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Սիրիայի շուրջ ստեղծված պատերազմական թնջուկի վերաբերյալ Ա. Ռուսակովի տեսակետը կներկայացնենք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА