ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պիտի պատրաստ լինենք ե՛վ օրհնության, ե՛վ անեծքի»

02.03.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պիտի պատրաստ լինենք ե՛վ օրհնության, ե՛վ անեծքի»

Նախորդ տարվա աշնանը Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին լուրերը ծանր ընդունվեց թե՛ ջավախահայերի, թե՛ հայ հանրության կողմից: Այդ շրջանում ջավախքցիների մեջ առաջացել են առաջնորդական փոխանորդության հետագա ճակատագրի հետ կապված տարակուսանք եւ մտահոգություններ, թե Սամցխե-Ջավախքում եւ Ծալկայում 50-60 գործող Հայ Առաքելական եկեղեցիներ կան եւ, բնականաբար, փոխանորդության կազմալուծումը հոգեւոր կյանքի վրա խիստ բացասաբար կանդրադառնա: Ամիսներ անց առաջնորդական փոխանորդությունում դեռ Տեր Բաբկեն վարդապետ Սալիբեկյանին փոխարինող չի նշանակվել: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՎԱԶԳԵՆ եպիսկոպոս ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում այս ամենը որակեց որպես բնական ընթացք:

«Մեր սուգն ի ցույց չպետք է դնենք, դա կեղծավորություն է». Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյան

«ԿԱՐՈՂ Է ՍԽԱԼ ԸՆԿԱԼԵՆ, ԲԱՅՑ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱ Է»

–Բաբկեն վարդապետը Վեհափառ հայրապետի բարձր տնօրինությամբ` տեղափոխվեց Մայր աթոռ եւ այսօր նա ծառայության է անցել Հռիփսիմե վանքում, որպես վանահայր: Սա բնական ընթացք է, որովհետեւ ամեն վայրկյան մեզ էլ կարող են տեղափոխել: Ցանկացած հոգեւորականի Վեհափառը որտեղ ցանկանա, բնական է, ելնելով այդտեղի իրավիճակներից, կտեղափոխի: Ինչ վերաբերում է առաջնորդական փոխանորդությանը, պիտի ասեմ, որ մեր քահանաները ամբողջությամբ լրացնում են այնտեղի պահանջները թե՛ Ախալքալակում, թե՛ Նինոծմինդայում, թե՛ Ծալկայում կամ Ախալցխայում: Այնպես որ, որպես Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ հիմա ավելի հաճախակի ենք գտնվում Ջավախքում` պատարագներ մատուցելով, միջոցառումներ կազմակերպելով եւ մասնակցելով: Դրանց անմիջական կառավարումն այս պահին ավելի արդարացված է, քանի որ ուղիղ կապի մեջ ենք տեղի իշխանությունների, քահանաների, հայ հասարակական կառույցների ակտիվ գործիչների հետ եւ, կարծես թե, ամեն ինչ իր հունով ընթանում է: Ինչպես նշանակվում ենք, այնպես էլ ազատվում ենք, դա բնական է, կարող է երբեմն դա ցավալի լինել, ոմանք` սխալ ընկալեն, բայց իրողությունը սա է:

– Այսինքն` Հայր Բաբկենին փոխարինող դեռ չի՞ լինի:

– Ինքս էլ չգիտեմ, դեռ ծառայությունն իրականացնում են տեղի քահանաները, նոր նշանակման հարցը, երեւի, ընթացքում կլուծվի, երբ կգա դրա պահանջարկը: Ճիշտն ասած, այսօր այնտեղ ավելի շատ ունենք քահանաների կարիք, քան վարչական որեւէ պաշտոնի: Քահանա կա 25 համայնք է հովվում, տրամադրության տակ կա գործող 12 եկեղեցի, որպեսզի պատարագ անի: Դրա համար այնտեղ Ջրօրհնեքը տեւում է մեկ շաբաթից ավելի, որ քահանաները հասցնեն ամեն մի գյուղում լինել: Բայց Էջմիածնի կողմից կամաց-կամաց արդեն լրացվում է այդ բացը, վերջերս Վեհափառ հայրապետի տնօրինությամբ` մեզ մոտ` Թբիլիսիում, քահանա նշանակվեց, այս պահին Թբիլիսիում էլ քահանայի խիստ կարիք ունենք: Բայց ապագայում արդեն բոլոր նշանակվողները ծառայության կգնան Սամցխե Ջավախք եւ Ծալկա: Վրաստանը Կովկասի կենտրոնն է, դրա համար մենք մարդկային ռեսուրսի կարիք ունենք, առաջին հերթին` կրթված հոգեւորականների: Այս առումով ասեմ, որ անգործ չենք նստել, ուսման նպատակով մարդիկ ենք ուղարկել Էջմիածին: Այս պահին այնտեղ ունենք 5 ուսանող: Այսինքն` քարոզում ենք, որ վրացահայությունից գնան ուսման, մանավանդ, որ հիմա շատ մեծ աշխատանք ենք տանում, որ Սամցխե Ջավախքից ուղարկենք: Ախալցխայից գնում են, բայց չեմ կարող ասել, թե ինչու Նինոծմինդայից ու Ախալքալակից դեռ չի ստացվում: Հիմա մեր քահանաներն աշխատում են այդ ուղղությամբ, շատ լավ դպիրներ ունենք, եւ հուսով եմ, որ իրենցից ոմանք կընտրեն դեպի հոգեւոր ճանապարհը եւ կգնան ծառայության:

«Եթե սխալվում եմ, թող ինձ ուղղեն». վարչապետը չի՞ տիրապետում իրավիճակին

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՎԱՔՎԱԾ Է ԻՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՈՒՐՋ»

–Սրբազան հայր, բացի հայապահպանությունից, այսօր ի՞նչ խնդիրներ կան համայնքում:

– Վրացահայությունը, ինչպես եւ Սփյուռքի տարբեր համայնքներում, գրեթե ունի նույն խնդիրները: Թեեւ վրացահայությունը համարվում է հին հայություն եւ, ի տարբերություն Սփյուռքի մյուս համայնքների, Հայաստանից այստեղ ներգաղթողներ չկան, որպեսզի համայնքի մեջ թարմություն մտնի: Ուստի` համայնքի հիմնական հարցերը բնականաբար սոցիալական խնդիրներն են` աշխատատեղեր, կրթությունից հետո ինքնադրսեւորման հնարավորություն, որը մեզ նման փոքր երկրներում շատ անգամ չեն բավարարում, ուստի` որոշ երիտասարդներ փորձում են իրենց գիտելիքներն ու կարողությունները սպառել նաեւ արտասահմանում: Կարելի է ասել` հիմնական մարտահրավերը սոցիալական խնդիրն է, որ ժողովուրդը կարողանա իր ապրուստը հայթայթի եւ արտագնա աշխատանքների չգնա կամ չհեռանա երկրից: Մյուսը, բնականաբար, հայ ինքնության պահպանությունն է: Թբիլիսիում գործում է ընդամենը երկու հայկական եկեղեցի` նախախորհրդային տարիների 26-ի դիմաց: Բնական է` ոչ բոլորը կարող են հասնել հին կենտրոն, նրանցից ոմանք կարող են գնալ իրենց բնակավայրին մոտ եկեղեցի, ոմանք, վրացիների հետ ընկերանալով, տարբեր իրավիճակներից ելնելով, կարող են մկրտվել վրացական եկեղեցում եւ դառնալ վրաց ուղղափառ եկեղեցու հետեւորդը, սա մեզ համար կորուստ է: Ինչպես նաեւ խառնամուսնությունները, որոնք քիչ չեն, եւ Հայաստանից դուրս դա բնական է: Մյուս մարտահրավերը երկրից շատերի հեռանալն է, որ կյանքի լավ պայմաններ փնտրելու ճանապարհին ԱՄՆ, Եվրոպա կամ Ռուսաստան են գնում` արտագնա աշխատանքի: Վրաստանի հայությունը` Թբիլիսիում, Սամցխե Ջավախքում, Ծալկայում, Բաթումիում, Աջարիայում տարբեր խնդիրներ ունի, մենք էլ, որպես հայոց եկեղեցի, փորձում ենք մշակութային գործունեությամբ, հոգեւորով պահպանել ե՛ւ հայկական ինքնությունը, ե՛ւ մեր ժողովրդի ներդաշնակությունը` վրաց եկեղեցու եւ վրաց հասարակության հետ ներդաշնակությունը:

– Որքա՞ն հաճախ են հայկական եկեղեցիներում մկրտություններ, պսակադրության արարողություններ լինում, եւ համայնքը որքանո՞վ է մասնակից լինում պատարագներին ու ժամերգություններին:

– Բնականաբար, կիրակի օրերին է ավելի շատ մարդաշատ լինում եկեղեցին: Օրինակ` Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին ավելի մարդաշատ է լինում, քանի որ այնտեղ տրանսպորտային հանգույցը շատ է, եւ շատերի համար, մանավանդ մեծահասակների համար ավելի հեշտ է այդ եկեղեցին գնալը: Շաբաթվա ընթացքում ծեսերին, արարողություններին կամ ուղղակի մարդիկ գալիս են իրենց աղոթքի, մոմը վառելու, իսկ մեծ տոներին` Սուրբ Ծննդյանը, Ջրօրհնեքին, Սուրբ Զատիկին, Ծաղկազարդին ավելի մարդաշատ է լինում: Տոները փորձում ենք այնպես կազմակերպել, որ մարդաշատ դարձնենք եկեղեցին ու եկեղեցու բակը: Դրա համար տարվա ընթացքում կազմակերպում ենք նաեւ հայկական խոհանոցի փառատոներ, խոհանոցը դառնում է նաեւ որպես մշակույթի մի մաս, եւ այդ ամբողջն ուղեկցվում է հայկական պարով, երգով ու տոնախմբությամբ: Ժողովուրդը հավաքված է իր եկեղեցու շուրջ, եւ մենք քիչ հոգեւորականներով` ընդամենը 15 քահանայով, 1 աբեղայով եւ 1 եպիսկոպոսով ու 4 սարկավագով այս ամբողջը կարողանում ենք կազմակերպել, իհարկե, ունենալով նաեւ նվիրյալ  քաղաքացիական պաշտոնյաներ, որոնց ներկայությունը մեր գործունեության մեջ շատ կարեւոր է:

Կորյուն աբեղան սպառնացել է 30 օր պատանդ պահել Վեհափառին

«ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՔՈ ՈՒԺԵՐԻՑ ՎԵՐ ԵՆ»

–Հաճախ ասում եք, որ համայնքը հայ եւ վրաց իշխանությունների ուշադրության ու աջակցության պակասը չունի, նաեւ վերջին շրջանում շեշտում եք նորանշանակ դեսպանի անունը...

– Վիրահայոց թեմը միշտ էլ զգացել է Վրաստանում Հայաստանի դեսպանի եւ դեսպանության աջակցությունը, սա կարեւոր մի օղակ է, որը, երեւի թե, հետխորհրդային երկրներում առանցքային դերակատարություն ունի: Ես ծառայել եմ նախկին 4 դեսպանների հետ, եւ նորանշանակ Ռուբեն Սադոյանը 5-րդն է, ում հետ աշխատում եմ: Ողջունել եմ իր ծառայությունը, եւ մենք միշտ աղոթք ենք անում, որ իր դեսպանությունը հաջողվի: Գիտեք, Վրաստանում որեւէ ծառայություն իրականացնողի համար շատ ծանր է, որովհետեւ սա այն տեղն է, որ շատ դժվարությամբ բավարարելու ես Վրաստանում` վրաց իշխանություններին ու հասարակությանը, Հայաստանին եւ հայ հասարակությանը: Երբեմն խնդիրներ կան, որ քո ուժերից վեր են, բայց կան իրավիճակներ, որ ամբողջությամբ իջնում է քո ուսերին... Ինչ արած, մենք պիտի պատրաստ լինենք ե՛ւ օրհնության, ե՛ւ անեծքի, որովհետեւ այլ ճանապարհ չունենք: Այնպես որ, Աստծուն փառք, որ այսօր Վրաստանում ունենք նորանշանակ դեսպան եւ դիվանագետներով թարմացած կազմ, ինչպես նաեւ Աջարիայի գլխավոր հյուպատոսություն` հյուպատոս Եղիշե Սարգսյանի գլխավորությամբ, որոնք նույնպես թե՛ Աջարիայի իշխանությունների եւ թե՛ հայ համայնքի հետ տարվող աշխատանքներում կայունացնող դերակատարություն են ունենում:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Թբիլիսի-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА