ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մատենադարանը մարտի 6-ից նոր տնօրեն կունենա

02.03.2018 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մատենադարանը մարտի 6-ից նոր տնօրեն կունենա

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի» նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահվանից հետո` մեկուկես տարի անց, Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը մարտի 6-ին նոր տնօրեն կընտրի: Մրցույթին մասնակցել ցանկացողների հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 23-ն էր. դիմում-հայտ է ներկայացրել միայն Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղեւոնդյանը: Մինչ այդ, նախորդ տարեվերջին փոխվեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի» իրավական կարգավիճակը` ՊՈԱԿ-ից վերածվելով հիմնադրամի: Այս տարվա ընթացքում Մատենադարանում կայանալու են մի շարք կարեւոր իրադարձություններ` գիտաժողովների, հոբելյանների, հրատարակությունների, նոր ցուցադրությունների տեսքով եւ, իհարկե, օտարազգի բարձրաստիճան հյուրերի այցելություններով, «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆԸ ու հավելեց, որ այդ ամենին նախապատրաստվում են հավուր պատշաճի:

Դուք ստում եք. Էդուարդ Շարմազանովը Ադրբեջանի Մեջլիսի առաջին փոխնախագահին կոչ է անում սթափվել

- Պարոն Տեր-Ղեւոնդյան, մինչ կարեւոր իրադարձություններին անդրադառնալը, մարտի 6-ին կկայանա տնօրենի թափուր պաշտոնի ընտրությունը, որին, ըստ էության, միայն Դուք եք հայտ ներկայացրել:

- Հունվարին հայտարարվեց բաց մրցույթ մինչեւ փետրվարի 23-ը, այդ ժամկետում պիտի թեկնածուներն իրենց դիմում-հայտերը ներկայացնեին Մատենադարանի հոգաբաձուների խորհրդին, դիմում ներկայացրել եմ միայն ես: Ընտրությունը տեղի կունենա մարտի 6-ին:

«ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ԷՐ ՄԱՄՈՒԼՈՒՄ ԱՂՄՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ, ՈՐՆ ԻՀԱՐԿԵ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՏՎԵՑ»

- Ամիսներ առաջ ԲՈՀ-ը Ձեր ատենախոսությունը թերի էր ճանաչել, ի՞նչ էր տեղի ունեցել եւ ինչպե՞ս ավարտվեց այդ թյուրիմացությունը:

- Իրականում, ԲՈՀ-ը զուտ տեխնիկական բնույթի առարկություններ էր ներկայացրել: Այդ ներկայացված պահանջներն ամբողջովին բավարարվեցին, եւ ԲՈՀ-ի կողմից ատենախոսությունը հաստատվեց: Ավելին, հենց սկզբում` ատենախոսությունը նախքան պաշտպանությունը եւ պաշտպանության ժամանակ, շատ բարձր  գնահատականի էր արժանացել տվյալ բնագավառի լավագույն մասնագետների կողմից: Այնպես որ, դա ատենախոսության որակի կամ գիտական խորության հետ ոչ մի կապ չուներ, զուտ տեխնիկական բնույթի առարկություններ էին: Հաճախ է պատահում, որ ԲՈՀ-ը լրացուցիչ պարզաբանումների համար դիմում է համապատասխան Մասնագիտական խորհրդին, եւ արտառոց մի բան չէ, բայց դա ներքին գրագրություն է, եւ այդ մասին քչերն են տեղեկանում: Մինչդեռ այս դեպքում հավանաբար ինչ-որ մեկին պետք էր մամուլում աղմուկ բարձրացնել, որն իհարկե արդյունք չտվեց եւ չէր էլ կարող տալ, քանի որ ներկայացված էր բարձր մակարդակի ուսումնասիրություն:

«ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՄԻ ՔԱՅԼ ԱՌԱՋ Է ՆԱԽԿԻՆԻ ՀԱՄԵՄԱՏ»

- Պարոն Տեր-Ղեւոնդյան, նախորդ տարվա ավարտին Մատենադարանը ՊՈԱԿ-ից վերածվեց հիմնադրամի, ի՞նչ տվեց դա Մատենադարանին:

ԱԱԾ-ն այս պահին Շմայսի բնակարանում է

- ՊՈԱԿ-ի կարգավիճակը, կարծում եմ, ոչ միայն Մատենադարանին, այլեւ ընդանրապես որեւէ գիտական կամ մշակութային օջախի առանձնապես հարիր չէ, անգամ անվանումն է մի քիչ ականջ ծակող: Դեռ մի քանի տարի առաջ արդեն կային խոսակցություններ կարգավիճակի փոփոխման մասին: 2017 թվականի ընթացքում վճռական քայլեր արվեցին, ու մենք ստացանք հիմնադրամի կարգավիճակ: Սա մի փոքր ավելի անկախություն է տալիս, իհարկե` նախկինի նման սերտորեն պիտի համագործակցենք Կրթության եւ գիտության, ինչպես նաեւ Մշակույթի  նախարարությունների, մյուս գերատեսչությունների հետ: Մեր ֆինանսավորման առյուծի բաժինը էլի ստանում ենք Գիտության պետական կոմիտեից, բայց հիմնարկը կառավարման եւ տարբեր ընթացիկ գործունեության հարցերում մի քիչ ավելի ազատություն է ստանում: Բացի դրանից, նախկին կառավարման խորհրդին փոխարինում է հոգաբարձուների խորհուրդը, որը թվով կրկնակի պակաս է, ինչն էլ հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել եւ ըստ անհրաժեշտության ավելի հաճախ հավաքել նիստեր եւ լուծել Մատենադարանի համար կարեւոր հարցեր: Նաեւ հեշտացնում է արտասահմանի հետ կապերի ստեղծումը, տարբեր բարեգործական հաստատությունների հետ պայմանագրերի կնքումը եւ այլն, այս առումով, կարծում եմ` նոր կարգավիճակը մի քայլ առաջ է նախկինի համեմատ:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿՐԿՆԱԳԻՐ ՁԵՌԱԳՐԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ

- Ֆրանկֆուրտի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում, որպես նվիրատվություն, Մատենադարանը ստացել է կրկնագիր ձեռագրերի ուսումնասիրման մեծարժեք սարքավորումներ, ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ սարքավորումները:

- Այդ արժեքավոր սարքը կարողանում է կարդալ կրկնագիր մատյանի նախկին տեքստը: Միջնադարում մագաղաթը թանկարժեք էր եւ շատ դժվար գտանելի, ու շատ դեպքեր են եղել, որ խնդիր է առաջացել` մի նոր տեքստ գրելու, սակայն  նյութ չի եղել, որի վրա գրեն եւ որքան կարողացել են փորձել են ջնջել նախորդ գրությունը ու դրա վրա մի նոր գիրք են գրել: Շատ անգամ այդ ջնջածները մեծ արժեք են ներկայացնում, բայց որքան էլ ջնջես, հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել, մնում են գծեր, փոսորակներ: Այսպիսով` արդեն մենք էլ ունենք այդ հատուկ, բարդ սարքավորումը, որը հնարավորություն է տալիս` կարդալու տակի գրությունը: Դրա մշակումը իհարկե երկարատեւ աշխատանք է պահանջում, բայց արդեն հաջողությամբ փորձարկվել է 1-2 առանձին պատառիկների վրա, բայց ամբողջական ձեռագիր դեռ չենք արել: Մենք ունենք 50-ից ավելի այդպիսի կրկնագիր ձեռագրեր, որոնց կրկնագիր լինելը անզեն աչքով երեւում է` տակից ինչ-որ գրություն կա, բայց չենք կարողանում կարդալ: Այդ սարքավորումը հնարավորություն կտա գիրը դուրս բերել, եւ չի բացառվում, որ այդտեղ լինեն նաեւ արժեքավոր գրություններ: Եթե, նույնիսկ ինչ-որ մի նոր ցնցող գործ չհայտնավբերվի, հենց արդեն գրի տեսակի ուսումնասիրությունը հնագրական տեսակետից արդեն գիտական մեծ արժեք է:

«Մեր պահանջից հետ չենք կանգնելու». ԵԿՄ-ականներն առավոտյան կշարունակեն ցույցը

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ 5-17-ՐԴ ԴԱՐԵՐԻ ՁԵՌԱԳՐԵՐՈՎ

- Աշնանը Մատենադարանը ինչպե՞ս եւ ի՞նչ նմուշներով պիտի մասնակցի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի համաշխարհային ցուցահանդեսին:

- ՀՀ Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքի Մետրոպոլիտեն նշանավոր թանգարանում ցուցադրվելու են հայկական 28 ձեռագիր եւ պատառիկ: Դրանք տրամադրելու է Մատենադարանը, բավականին նյութեր` Պատմության թանգարանից, նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, եւ որքան գիտեմ` նաեւ որոշ նյութեր էլ պիտի բերվեն Վենետիկի Մխիթարյան միաբանությունից եւ Անթիլիասից` Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Ցուցահանդեսին մեր տրամադրած ձեռագրերը ընդգրկելու են 5-17-րդ դարերը, ընտրությունն այնպես է կատարված, որ ներկայացվեն մեր խոշոր հեղինակները` Դավիթ Անհաղթը, Գրիգոր Տաթեւացին, հայտնի մանրանկարիչ ծաղկողները, օրինակ` Սարգիս Պիծակը, Թորոս Տարոնացին եւ ուրիշներ: Նաեւ ներկայացվում են Մեծ Հայքի, Կիլիկիայի տարբեր գրչության կենտրոնները, նաեւ մեր որոշ գաղթօջախները` Ղրիմի հայկական մանրանկարչությունը, Իտալիայում պատրաստված ձեռագրեր եւ այլն: Մեր գիտնականները Մետրոպոլիտենի մասնագետների հետ այնպիսի ընտրություն են կատարել, որ հնարավորինս համապարփակ եւ բազմազան ձեւով ներկայացվի մեր ձեռագրական ժառանգությունը: Նաեւ կհրատարակվի այդ ցուցադրությանը նվիրված կատալոգ: Ի դեպ, ցուցահանդեսը կգործի մինչեւ հունվարի 13-ը` գրեթե 4 ամիս, ստացվում է, որ աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկում կունենանք մի ցուցադրություն, որն իր տեսակի մեջ բացառիկ կլինի, որովհետեւ մինչ այդ, նման ցուցադրություն ԱՄՆ-ում, այն էլ` Մետրոպոլիտեն թանգարանում չի եղել:

ԿՏՈՆՎԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԻ 100-ԱՄՅԱԿԸ

- Այս տարի լրանում է Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լեւոն Խաչիկյանի 100-ամյակը, ինչպե՞ս եք պատրաստվում տոնել այն:

- Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանը մեծ գործ է արել, ոչ միայն Մատենադարանի համար, այլեւ ընդհանրապես` նա մեր խոշորագույն հայագետներից էր եւ գիտության մեծ կազմակերպիչ: Այն հանգամանքը, որ 1959 թվականին բացվեց բոլորովին նոր մի հաստատություն` իր տեսակի մեջ եզակի Մաշտոցյան Մատենադարանը, շատ մեծ է նրա ներդրումը: Պատկերացրեք` աթեիստական գաղափարախոսությամբ մի երկրում բացվում է մի առանձին հաստատություն, որտեղ ներկայացվում են միջնադարյան ձեռագրեր, որոնց 90 տոկոսը ուղիղ կամ անուղղակի ձեւով ունի կրոնական բովանդակություն: Թեկուզ այդ ժամանակ սկսվել էր Խրուշչովյան շրջանը, բայց միեւնույնն է, երկրի գաղափարախոսությունը նույնն էր: Բնականաբար պետական թույլտվությամբ էր այդ ամենն արվում, բայց հիմնադրել մի հաստատություն, որտեղ ուսումնասիրվում է հայ միջնադարյան մշակույթը, մատենագրությունը, որի ստեղծողները եւս հոգեւորականներ էին, եւ այդ ամբողջը ներկայացնել ամենաբարձր գիտական մակարդակով, պահանջում էր մեծ ջանքեր, մեծ աշխատասիրություն եւ նուրբ ոսկերչական աշխատանք: Այդ առումով հսկայական գործ արվեց հենց Խաչիկյանի կողմից: Նա նաեւ խոշոր պատմաբան է, հեղինակ է բազմաթիվ արժեքավոր գործերի, հատկապես` 14-16-րդ դարերի վերաբերյալ: Նրա հիշատակը հավերժացնելու եւ 100-ամյակը հավուր պատշաճի նշելու համար հունիսի 28-30-ը միջազգային գիտաժողով կկազմակերպենք, որին զեկուցումով հանդես կգան Հայաստանի եւ արտասահմանի նշանավոր հայագետներ: Արդեն ունենք մեծ թվով դիմումներ:

Կենդանակերպի նշանները՝ ըստ հին հույների

- Հրաչյա Թամրազյանի նախաձեռնած Նարեկացիական ընթերցումներն այս տարի է՞լ կկազմակերպվեն:

- Այո, այն ամենամյա է, եւ այս տարի արդեն պիտի լինի 4-րդ գիտաժողովը, որը համատեղում է աշխարհի խոշորագույն նարեկացիագետներին, որտեղ  ներկայացվում են զեկուցումներ` նվիրված Գրիգոր Նարեկացու ստեղծագործությանը: Այս տարի եւս տրամադրված ենք շարունակելու Թամրազյանի այդ հրաշալի նախաձեռնությանը, որը Նարեկացու խոշորագույն գիտակներից մեկն էր: Գաղափար կա` բացի զուտ զեկույցներից, աստիճանաբար նաեւ որոշակի կրթական բաղկացուցիչ մաս մտցնել, գուցե հետագայում ունենաք նաեւ նարեկացիագիտական կենտրոն: Սա շատ կարեւոր է, որովհետեւ ի վերջո Գրիգոր Նարեկացին մեր միջնադարյան գրականության անհասանելի մեծությունն է: Փաստորեն, նրանով մենք աշխարհին ենք ներկայանում` նրա միջոցով ամբողջ հայկական միջնադարյան մատենագրությունը, ընդհանրապես հայկական մշակույթը դուրս է գալիս միջազգային ասպարեզ: Նարեկացին այն հզոր ուժն է, որ մեզ իսկապես բարձրացնում է ամենաբարձր միջազգային ասպարեզ` համաշխարհային մշակույթի գագաթների կողքին:

«ԶԲՈՍԱՎԱՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ»

- Պարոն Տեր-Ղեւոնդյան, որքան գիտեմ, մի ծրագիր եք նախատեսել զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների վերապատրաստման համար, ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

- Վաղուց հասունացել էր նման ծրագիր իրականցնելու անհրաժեշտությունը: Տասնամյակների ընթացքում ունենք փորձառու զբոսավարներ, որոնք ունեն  գիտելիքների բավականին մեծ պաշար, բայց նրանց կողքին կան նաեւ մեծ թվով երիտասարդներ, որոնք տարբեր համալսարանների լեզվական բաժիններ են ավարտել եւ գուցե լեզվական առումով լավ գիտելիքներ ունեն, բայց այն նյութը, որ ներկայացնում են, այնքան բազմազան է` պատմաբանասիրական, աստվածաբանական, արվեստաբանական, որ եթե ոչ շատ խորը, ապա գոնե անհրաժեշտ գիտելիքներ զբոսավարը պետք է ունենա: 2016 թվականի համեմատ 17 թվականին կտրուկ մեծացել է այցելուների թիվը` 21 տոկոս աճ է գրանցվել: Մեծացել է այցելուների աշխարհագրությունը` Մատենադարան այցելում են բարձրաստիճան անձինք, կարեւոր  պաշտոնական ու պետական պատվիրակություններ, այդ թվում նախագահներ, վարչապետներ, կարդինալներ... Հատկապես, որ այս տարի ունենք եւ Առաջին հանրապետության 100-ամյակը, Էրեբունի-Երեւանի 2800-ամյակը, նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստան են գալու շուրջ 40 պետության ղեկավարներ: Բայց հարցը միայն այս տարվան չի վերաբերում, ընդհանրապես զբոսավարների վերապատրաստման անհրաժեշտությունը կար: Դիմեցինք «Ավրորա» մարդասիրական հիմնադրամին եւ ստացանք դրամաշնորհ: Այս ծրագիրն իրենից ներկայացնում է 50-ից ավելի խտացված դասախոսություններ հիմնականում Մատենադարանի փորձառու գիտնականների կողմից, ինչպես նաեւ ունենք դասախոսներ Գիտությունների ազգային ակադեմիայից, տարբեր ինստիտուտներից, Երեւանի պետհամալսարանից եւ արտասահմանից: Հիմնական թիրախը զբոսավարներն են, բայց սա ուղղված է նաեւ երիտասարդ գիտաշխատողներին, հայցորդներին, ասպիրանտներին եւ ցանկացած մարդու, ով կցանկանա մասնակցել: Բացի այդ, նախատեսվում է խտացված 50 դասախոսություններից ձեռնարկի հրատարակություն, այն կարող է լինել տեղեկատու-հանրագիտարան, որը ոչ միայն կլինի զբոսավարների համար սեղանի գիրք, այլեւ ցանկացած մարդու, ով հետաքրքրվում է հայագիտությամբ: Ուզում ենք հասնել նրան, որ զբոսավարն իմանա շատ ավելին, քան ներկայացնում է այցելուին եւ պատրաստ լինի պատասխանելու այցելուների ցանկացած հարցի: Հուսով ենք, այն լավ արդյունք կտա, պատասխանատվությունը մեծ է, որովհետեւ այցելուն` լինի արտասահմանից, թե Հայաստանից, Մատենադարանի մեր ունեցած ժառանգության հետ ծանոթանում է զբոսավարի միջոցով: Կարող ենք Մատենադարանում ունենալ տասնյակ մասնագետներ ու աշխարհահռչակ գիտնականներ, բայց այցելուն նրանց չի տեսնում, այլ` զբոսավարին եւ նրանից է գաղափար ու կարծիք կազմում` թե՛ այս հաստատության, թե՛ հայ մշակույթի, մատենագրության ու ընդհանրապես Հայաստանի մասին:

Կրակոցներ Մետրոպոլիտենի կայարաններից մեկում. կասկածյալները հայտնաբերվել են

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА