ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որեւէ մեկը չպիտի սպասի, որ Հայաստանը չգիտեմ ում օգնությամբ հզորանա»

02.03.2018 22:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Որեւէ մեկը չպիտի սպասի, որ Հայաստանը չգիտեմ ում օգնությամբ հզորանա»

2013-2015 թվականներին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՎԱԶԳԵՆ եպիսկոպոս ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ նախաձեռնությամբ եւ բարերարների աջակցությամբ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում վերականգնողական աշխատանքներ տեղի ունեցան: Այդ ընթացքում եկեղեցու պատերին վարպետները հայտնաբերեցին 14-15-րդ դարերի որմնանկարներ: Սրբազան հայրն «Իրավունքին» տեղեկացրեց, որ որմնանկարների վերականգնման մասով դեռ աշխատանքներ կան:

«Կոկորդս ցավում է երջանկության հուզմունքից». դերասան Դավիթ Գրիգորյանը հայր է դարձել

«ԱՆԶԵՆ ԱՉՔՈՎ ԷԼ ԵՐԵՎՈՒՄ Է, ՈՐ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆԸ ՆԿԱՐԵԼ Է ՆԿԱՐԻ ՎՐԱ»

-Պարզվում է` ցարական Ռուսաստանի ժամանակ, որոշ եկեղեցիներում` ոչ միայն հայկական, այլ նաեւ վրացական, որմնանկարները պարզապես ներկով են ծածկվել, իսկ որոշ տեղերում` նույնիսկ գաջով: Այդպիսին էր նաեւ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցին, եւ շնորհիվ Հայաստանից ժամանած մեր լավ մասնագետների, որոնց ղեկավարում էր Արժանիկ Հովհաննիսյանը, կարողացան այդ ներկերի շերտերի տակից բացել իսկական մայր որմնանկարը: Սուրբ Գեւորգում ունենք 4 որմնանկար` Գեւորգ Բաշինջաղյանի կողմից նկարված, եւ  ծրագրում ենք, որ այս նույն խմբի միջոցով, իհարկե` բարերարների աջակցությամբ, որմնանկարները Սուրբ Գեւորգից պիտի հանվեն եւ տեղափոխվեն հետեւի հատվածում` տաճարի երկրորդ սրահում, որպեսզի  Բաշինջաղյանի նկարի տակ թաքնված Հովնաթանյանների որմնանկարների վերականգնումը շարունակվի մինչեւ վերջ: Երբ ընթանում էր վերանորոգումը, մեր վարպետները ամբողջական չէին տիրապետում որմնանկարը որմնանկարից առանձնացնելու արվեստին: Թեեւ հաջող փորձ արեցին` տաճարի գմբեթի ներքեւից Գեւորգ Բաշինջաղյանի 4 որմնակարն էլ առանձնացրին եւ տակը վերականգնեցին Հովնաթանյանների նկարները, որը ավետարանիչների պատկերն էր եւ նրանց խորհրդանիշները: Այնպես որ, դեռ անելիք ունենք, ուղղակի անզեն աչքով էլ է երեւում, որ Բաշինջաղյանը նկարել է նկարների վրա, հավանաբար, այդ ժամանակ նկարները վնասված են եղել, բայց այսօրվա մասնագետները կարողանում են վերականգնել այդ ամբողջը:

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑՆԵՐ, ՎԵՐՈՆՈՐԳՎՈՒՄ` ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

-Թբիլիսիում վերջին շրջանում ընթանում են հայկական մշակութային  հաստատությունների վերանորոգման աշխատանքները, ի՞նչ կասեք այդ մասին:

- Այդ վերանորոգության աշխատանքները բաժանենք 2 մասի` պետության եւ հայության կողմից: Պետրոս Ադամյանի անվան թատրոնը վերանորոգվում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմանդրամի կողմից, որն ուղղակի ողջունելի է: Իսկ մյուս հայաշատ հատվածներում այդ նորոգություններն արվում են մեր ազգի զավակների կողմից` վերանորոգվում են եկեղեցիներ, կառուցվում են դպրոցներ, որոնց մեջ պիտի առանձնացնեմ Գումբուրդոյի նորակառույց դպրոցը, որ տարածաշրջանում, ամենայն հավանականությամբ, այդ մակարդակի ամեն ինչով հագեցած դպրոց չկա: Վերանորոգման աշխատանքեր են կատարվում  նաեւ այլ հաստատություններում, որոնք կարողանում ենք ձեռք բերել որպես կրթամշակութային կենտրոն: Նրանցից վերջինը Հովհաննես Թումանյանի տունն էր, որն անցյալ տարի վերանորոգվեց, կահավորվեց եւ սկսեց գործել: Դեկտեմբերին Վրաստան ժամանած ՀՀ նախագահը եւ առաջին տիկինը իրենց ներդրումն են կատարելու այս տան պահպանության գործում, սա ցույց է տալիս, որ մայր հայրենիքի ղեկավարությունը շարունակում է Հայաստանից դուրս գտնվող արժեքների նկատմամբ իրենց ուշադրությունն ու վերաբերմունքը: Պիտի ասեմ, որ Հայաստանի կառավարության կողմից 2014 թվականին տրամադրված միջոցներով էլ Բաթումիի Ալեքսանդր Մանթաշյանցի կենտրոնը ձեռք բերվեց, այդ հարցում մեզ օգնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը, այդ միջոցներով կարողանում ենք նորոգումներ կատարել: Ընթացիկ ծախսերով էլ մեզ նաեւ օգտակար են լինում Վրաստանի իշխանությունները, որոնք ամեն տարի, որպես խորհրդային տարիներին պատճառած վնասի մասնակի փոխհատուցում, որոշակի գումար են փոխանցում առաջնորդարանին, որի համար նույնպես շնորհակալ ենք:

Առողջապահության նախարարը ցուցադրել է Հայաստանին նվիրված շտապօգնության չինական մեքենաները

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ԱՆԿՈՂՈՊՏԵԼԻ ԳԱՆՁ Է»

-Սրբազան հայր, ո՞րն է Ձեր կոչն ու բարեմաղթանքը հայ ժողովրդին:

- Ուզում եմ առանձնացնել հայրենիքի կարեւորությունը` հայրենիքից դուրս ապրող հայության համար: Հայրենիքը, ինչպիսին էլ որ լինի, մնում է որպես ավետարանական խոսքով ասած` անկողոպտելի գանձ: Իսկ հայրենիքը իրոք բացառիկ արժեք է, եւ վերջնական ճանապարհը, եթե կրոնական տեսակյունից  նայենք` երկնքի արքայությունը, երկրի վրա, մենք տեսնում ենք հայության հավաքումը` մայր հայրենիքում: Հայաստանից դուրսը ժամանակավոր է, ինչպես որ սառցե բոկորը օվկիանոսի մեջ, թե ե՞րբ ամբողջական կհալվի, չեմ կարող ասել, բայց այդ օրը գալու է: Հայրենիքն է, որ պիտի մնա եւ բոլորին հավաքի: Երբ խոսում ենք ուժեղ սփյուռքի մասին, ինքն իրենով ոչինչ է, եթե այն կապ չունի Հայաստանի հետ: Որեւէ մեկը չպիտի սպասի, որ Հայաստանը չգիտեմ ում օգնությամբ հզորանա, նոր ինքը գա այդ հզորությունը վայելի, այլ ամեն մի հայ պիտի լծվի այդ գործին, ինչպես 1920-70-ական թվականերին, գալիս եւ դժվարին տարիներին զարգացնում էին Հայաստանը, այդպես էլ հիմա պիտի լինի: Փառք ու պատիվ եմ տալիս այն մեր զավակներին, ովքեր տարբեր երկրներում ձեռք են բերել գիտելիքներ, միջոցներ եւ այսօր գալիս են Հայաստանն ու ուժեղացնում են մեր հայրենիքն ու թեթեւացնում ժողովրդի կյանքը: Առանց հայրենիքի ամեն ինչ կորած է:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Թբիլիսի-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА