ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ու հիմա այդ տականքներին մենք մի թիզ հող զիջելու իրավունք ունե՞նք»

28.02.2018 22:21 ԹԵՄԱ ՍՈՒՄԳԱՅԻԹ 30
«Ու հիմա այդ տականքներին մենք մի թիզ հող զիջելու իրավունք ունե՞նք»

«Սումգայիթյան եղեռնագործությունը ուղիղ երեք օր տեւեց: Այդ օրերի ընթացքում 180 հազար հայ օտարվեց, խարանվեց, սպանվեց իր իսկ կառուցած քաղաքում եւ լքեց այն: Զրկվեց իր տնից ու ունեցվածքից: Երեք օր, բայց թուրքերը նախապատրաստվել էին երեք ամիս առաջ՝ գործարաններում պատրաստել մահացու ձողեր, հայերի տների վրա հատուկ նշաններ արել: Որոշ մարդիկ իմացել էին, բայց չէին հավատացել, ինչպես 1915-ին չհավատաց Գրիգոր Զոհրապը», - պատմում է գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ ու հիշում 1988 թ. փերվարի 28-ին Երեւանի Ազատության հրապարակը, որտեղ ոտք դնելու տեղ չկար. «Սումգայիթյան զոհերի նկարներն էին, աստիճանների վրա մերկ ու բոկոտն թշնամուց փախած հայ գաղթականներ՝ շուրջբոլորը ՝ հոգիներս ավեր մենք էինք՝ նոր ողբերգության կրող ազատատենչ հայերս՝ Հայաստանից ու սփյուռքից հոծ խմբերով հավաքված: Մոտեցա Սումգայիթից փրկված մի կնոջ, երեխան վախվորած կպել էր մոր կրծքին: Կինը, որի անունը Սեդա էր, հազիվ կարողացավ եղելությունը վերարտադրել՝ երեխայի հետ թաքնվել են նկուղում, գորգը գցել վերեւից բացվող դռնակի վրա, որտեղ իր խնդրանքով նստել է հաշմանդամ սկեսուրը, տեղը ծածկելու նպատակով եւ դեռ հավատալով, որ ինքը մեծ կին է, մարդակեր խուժանը իրեն ձեռք չի տա: Սեդան լսում սկեսուրի աղաչանքները... Քիչ հետո սկեսուրի արյունը հատակի ճեղքերից լցվում է մոր ու աղջկա վրա, որի բերանը Սեդան ամուր փակել էր»:

Մանվել Գրիգորյանն այսօր պետք է մեկներ Ֆրանսիա

Մտավորականն ընդգծում է, որ երեք օր հետո միայն, երբ սովետական ուշահաս զորքերը փողոցներում տանկերով շրջելուց ձայն են տալիս, նրանք համարձակվել են թաքստոցից դուրս գալ. «Ես պահել եմ ձեռագրերս, ինչպես նաեւ Ադրբեջանի արվեստի ակադեմիայի ակադեմիկոս 60-ամյա Թամարա Սաթյանի հուշերը, նրանք կան իմ՝ «Գենոֆոնդը վտանգի տակ» գրքում... ու հիմա այդ տականքներին մենք մի թիզ հող զիջելու իրավունք ունե՞նք, թե՝ ոչ, ձեզ եմ հարցնում, երկրիս տերեր, ես չեմ խոսում Բաքվի ջարդերի, Օմարի լեռների, Սարսանգի ջրամբարի մոտ կորած տղաների, եւ այն բազում հերոսների մասին, որ չկան հիմա եւ նրանց մասին նաեւ, որ բանտերում են այսօր կամ՝ ապրում են խեղված հոգեբանությամբ»:

Եզրափակելով խոսքը՝ Ռ. Ասատրյանը հավելում է. «Իսկ Իսրայելն ասում է՝ հայերը խախտել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ո՛չ, հարեւան, մենք շա՜տ մեղմ ենք վարվել եւ «հիմա մեր ամեն մի քայլը պետք է հաշված լինի՝ հանուն մեր պետականության ու ազգի...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА