ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էս վագոնը շատ ավելի ուրախ է». Երեւան-Գյումրի երթուղին՝ ՀՀ վարչապետի հետ

03.03.2018 23:07 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Էս վագոնը շատ ավելի ուրախ է». Երեւան-Գյումրի երթուղին՝ ՀՀ վարչապետի հետ

Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում մարտի 4-ից սկսում է աշխատել ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացքը, որը գնվել է վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Իսկ այսօր նոր էլեկտրագնացքի առաջին ուղեւորների թվում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ինչպես նաեւ նախարարներ ու լրագրողներ:

«Վաղը կարող է ուշ լինել, եթե այսօր չգիտակցենք պահի լրջությունը»

Եվ թեպետ այս օրերին քաղաքական կանխատեսումների դաշտում հաճախ են լուրեր շրջանառվում, թե վարչապետ Կ. Կարապետյանի «գնացքը վաղուց է գնացել», բայց հակառակ այդ խոսակցությունների, նա կայարանում էր ճիշտ ժամանակին: Շտապելով դեպի վագոն՝ նա միայն լրագրողներիս հետ զրույցում ասաց, որ ամենեւին էլ վաղուց չէ, որ գնացք է նստել:

Հարմարավետ երկվագոնանի գնացքում շփվեցինք նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ. «Գնացքը ձեռք բերվեց հոկտեմբեր ամսին, մենք հայտարարեցինք, որ մի քանի ամիս պետք է փորձարկվի եւ տեխնիկական փոփոխություներ կատարվի գնացքում, իսկ փետրվար ամսին կհանձնվի շահագործման: Առաջին պիլոտային ծրագրով Երեւան-Գյումրի երթուղին եղավ փետրվարի 27-ին, այսօր մենք շարունակում ենք օգտվել այս գնացքից: Տեւողությունը լինելու է՝ 1 ժամ, 59 րոպե, միջին արագությունը՝ 77 կմ/ժ, բայց տեղեր կան, որտեղ արագությունը հասնում է մինչեւ 100 կմ/ժ-ի»:

«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն  էլ նշեց, որ այսօրվա դրությամբ՝ նոր էլեկտրագնացքը միակ նմուշն է ու առաջին նախագիծը, որն իրականացվում է «Տրանսմաշխոլդինգ» ընկերության հետ. «ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացքն ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երեւում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը: Գնացքում գործում է անվճար Wi-Fi կապ։ Ինքներդ էլ տեսնում եք, որ սա հարմարավետության բոլորովին այլ մակարդակ է ե՛ւ բիզնեսով զբաղվողների, ե՛ւ տուրիստների, ե՛ւ ընդհանրապես՝ քաղաքացիների համար»:

Ս. Վալկոն նաեւ տեղեկացրեց, որ նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 16:55-ին՝ վերադառնալով մայրաքաղաք:

«Դուք այս հարցում պիոներներ եք», - մեզ հետ զրույցում անկեղծացավ ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Մայիսեեւն, ապա մանրամասնեց. «Ռուսաստանում այսպիսի գնացք չի գործարկվել, առաջին այսպիսի գնացքը մենք գործի ենք դնում Երեւանում»:

Արտադրողը հպարտությամբ՝ ընդգծեց, որ գնացքը հարմարեցված է նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղեւորների համար, ընդ որում՝ ոչ միայն վագոն բարձրանալ-իջնելու առումով. «Գնացքում սանհանգույցներից մեկը նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղեւորների համար»:

«Նիկոլի միտինգին չեմ գնալու»

Նոր էլեկտրագնացքի առավելությունների շարքում Վ. Մայիսեեւը բացի անվտանգությունից, շեշտեց, որ այն ի տարբերություն նախորդ սերնդի էլեկտրագնացքների, էներգախնայող է, ինչը թույլ է տալիս շուրջ 20 % էլեկտրաէներգիա խնայել:  

Դեռ Գյումրի չհասած՝ լրագրողներիս վագոն եկավ նաեւ ՀՀ վարչապետը, որը թեպետ ճեպազրույցի ցանկություն չուներ, բայց այդուհանդերձ իր գոհունակությունը հայտնեց նոր էլեկտրագնացքի ու երթուղու մասին: Հետո էլ հավելեց. «Տեսնո՞ւմ եք ինչ լավ է: Էս վագոնն ավելի լավն է, շատ ավելի ուրախ է»:

Հենց այս ուրախ տրամադրությամբ էլ նշված ժամանակում՝ ուղիղ 1 ժամ 59 րոպե անց, հասանք Գյումրի: Ինչ խոսք, երկրորդ այսպիսի էլեկտրագնացք ունենալը ամենեւնին չէր խանգարի, որի մասին էլ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը վստահեցրեց. «Նախատեսում ենք: Այդ ուղղությամբ «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերության հետ բանակցություններ են ընթանում»:

Ի դեպ, մարտի 4-ին եւ 8, 9, 10 ու 11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2,5 հազար դրամ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА