ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բոլոր ժամանակների բեսթսելեր. Ռեմարկի «Հաղթական կամարը» հասանելի կլինի հայերենով

05.03.2018 20:00 ՄՇԱԿՈՒՅԹ
Բոլոր ժամանակների բեսթսելեր. Ռեմարկի «Հաղթական կամարը» հասանելի կլինի հայերենով

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից մեկը՝ հայերեն թարգմանությամբ: Մարտի 10-ին տեղի կունենա հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ եւ ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, բնագրից՝ գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի. «Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» վեպը երկու դար շարունակ մոլորակի տարբեր հատվածների ընթերցող լայն զանգվածների ամենասիրելի գործերից է: Գործողությունները տեղի են ունենում Փարիզում, 1938-1939 թթ.: Ռեմարկին հասկանալը դժվար չէ, պարզ է գրում, բայց այդ պարզությունն է, որ դժվարացնում է թարգմանության գործընթացը, որովհետեւ, որքան էլ արտառոց թվա, պարզ տեքստը թարգմանելն ավելի բարդ է, քան դժվարը»,-նշում է գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը, ով նաեւ հայերեն է թարգմանել Ռեմարկի «Երեք ընկեր»-ը:

«Երկրագունդը պտտվում է միայն Մեգգիի շուրջ». Կարեն Գյուրջյանը հայր է դարձել

Նշենք, որ «Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։  1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ եւ Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից եւ սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում. «Ստեղծագործությունը գերմանացի փախստական վիրաբույժ Լյուդվիգ Ֆրեզենբուրգի կյանքի բեկումնային՝ երկու աղետների միջեւ ընկած փուլի մասին է: Դեռ չեն հանդարտվել Առաջին աշխարհամարտի կրքերը, սահմաններին՝ խիստ վերահսկողություն, խուճապահար փախստականներ՝ Փարիզի մի հյուրանոցում, շուրջբոլորը՝ գաղտնի ոստիկանության ներկայացուցիչներ, ցավ, շահագործում, վրեժխնդրություն եւ աքսոր, անիրականանալի երազանքներ՝ ընտանիքի, մարդավայել կյանքի մասին, եւ ահա պայթեց երկրորդ պատերազմը: Վեպն ունի հզոր գաղափարաբանություն՝ նույն հարթության վրա դրված երկու արժեք՝ սեր եւ վրեժխնդրությունը: Երկու աղետների` երկու պատերազմների միջեւ ապրող մարդուն այս երկուսից ավելին պետք չէ, եղածը եղած է, գալիքն էլ պարզ է. ամեն ինչ կրկնվում է, բայց ինքը ճաշակեց երկու կարեւորագույն բան տղամարդու համար՝ սեր եւ վրեժխնդրություն»,-նշում է գրքի թարգմանիչը:

Տեղեկացնենք նաեւ, որ Վանուհի Բաղմանյանը թարգմանում է Ռեմարկի արդեն երրորդ վեպը՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» գործը, շուտով կհանձնվի ընթերցողի դատին: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА