ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրքմենչայի պայմանագիրը հնարավորություն տվեց հայությանը համախմբվել եւ ստեղծել Առաջին հանրապետությունը»

06.03.2018 14:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Թուրքմենչայի պայմանագիրը հնարավորություն տվեց հայությանը համախմբվել եւ ստեղծել Առաջին հանրապետությունը»

Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ 1828թ.-ի փետրվարի 10-ին: Թուրքմենչայի հաշտության պայմանագրով ավարտվել է ռուս-պարսկական երկրորդ եւ վերջին` 1826-28 թթ.-ի պատերազմը: Կնքվել է Թուրքմենչայ (Թավրիզից Թեհրան տանող ճանապարհին) գյուղում: Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկեւիչը, Պարսկաստանի կողմից` թագաժառանգ Աբաս Միրզան: Պայմանագրի մշակմանը (հետագայում նաեւ պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը) գործուն մասնակցություն է ունեցել ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը: Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երեւանի ու Նախիջեւանի խանությունների եւ Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք էր տրվում գաղթել Ռուսական կայսրությանն անցած տարածքները: Գաղթի համար սահմանվում էր 1 տարի ժամանակ: Գաղթականները կարող էին իրենց հետ վերցնել շարժական գույքը, իսկ անշարժ գույքը վաճառելու կամ սեփական հայեցողությամբ տնօրինելու համար տրվում էր 5 տարի ժամանակ: 1828-29թթ. Պարսկահայքից  8000 հայ ընտանիք` շուրջ 45 հզ. մարդ, գաղթել եւ բնակություն է հաստատել Երեւանի ու Նախիջեւանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում եւ այլ վայրերում:

Հունիսի 21-ը պատմության մեջ

Այսօր Երեւանում, ապա վաղը Գյումրիում տեղի կունենա Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված միջոցառումներ, որին կմասնակցեն ինչպես տեղական, այնպես էլ ՌԴ-ից ժամանած քաղաքագետներ, պատմաբաններ, գիտնականներ եւ քաղաքական գործիչներ: Թուրքմենչայի պայմանագրի պատմական նշանակության մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ. պրոֆեսոր ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ: Սակայն, մինչ Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ կնքված այս պայմանագրին անդրադառնալը` պրոֆեսորը դրան նախորդած դեպքերի վերաբերյալ պատմական էքսկուրս կատարեց:

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԻՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԵՑ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ»

- Սկսած 17-րդ դարի վերջից եւ 18-րդ դարի սկզբից` հայ ազգային ազատագրական միտքն իր ուշադրությունն ուղղեց դեպի Ռուսաստան, որն այդ ժամանակաշրջանում  բռնել էր հզորացման ուղի: Մինչդեռ հիասթափություն կար եվրոպական քաղաքական մտքից եւ համակարգից, որը փաստորեն չէր փորձում օժանդակել հայ ազգային ազատագրական պայքարին` այն էր` հզոր պետությունների միջոցով թոթափել պարսկական, ինչու ոչ, թուրքական լուծը եւ հնարավորություն ստեղծել` ունենալու պետականություն: Իսկ Ռուսաստանը սկսեց ակտիվ քաղաքականություն վարել տարածաշրջանում, հատկապես` ռուսաց առաջին կայսր Պյոտր Առաջինից սկսած, որը, հաջողությամբ ավարտելով Հյուսիսային պատերազմը, ձեռնարկեց իր հայտնի Կասպիական արշավանքը` առաջ շարժվելով դեպի մեր տարածաշրջան: Նա քաջ գիտակցում էր, որ տարածաշրջանի քրիստոնյա ժողովուրդները` հայերը, վրացիները, աջակցելու են տարածաշրջանում ռուսական առաջխաղացման ծրագրերին: Ցավոք, այդ ժամանակ հայության հույսերը չարդարացան, բայց հիմք դրվեց հայ-ռուսական քաղաքական կապերին, դրանք ավելի ամրապնդվեցին, եւ արդեն Պյոտր Առաջինից հետո` ռուսաց կայսրուհի Եկատերինա Երկրորդը շարունակեց այդ քաղաքականությունը: Ռուսաստանի հովանավորությամբ եղան տարբեր ծրագրեր` ստեղծելու հայկական պետականություն: Եվ երբ ռուսական բանակներն արդեն առաջխաղացում էին ունենում դեպի տարածաշրջան, 18-րդ դարի վերջին եւ 19-րդ դարի սկզբին վրացական թագավորության հետ հայկական հյուսիսարեւելյան որոշ տարածքներ անցան ռուսական կայսրության ներքո:

ԻՆՉ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ինչ են հուշում Մանվել Գրիգորյանի քրգործի փաստերն ու հակափաստարկները

–Փաստորեն, դրանից հետո Ռուսաստանը դիմեց էլ ավելի գործնական քայլերի` տարածաշրջանում ոչ միայն ամրապնդվելով, այլեւ Անդրկովկասում աշխարհաքաղաքական առումով սեփական ազդեցությունը հաստատելով: Ինչպե՞ս էին դա հանդուրժում եվրոպական գերտերությունները:

– Բնականաբար, դա չէր կարող աննկատ մնալ ե՛ւ եվրոպական հզոր պետությունների կողմից, ե՛ւ տարածաշրջանի: Եվ, ինչպես գիտեք, 19-րդ դարի սկզբին ծագեցին եւ ընթացան ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմներ: Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում ստորագրվեց Գյուլիստանի պայմանագիրը, որով Արեւելյան Հայաստանի մի շարք տարածքներ, այդ թվում նաեւ Արցախը, փաստացի, միավորվում էին ռուսական կայսրության կազմում: Սակայն ռուսական այդ առաջխաղացումը եւ Անդրկովկասում ամրապնդվելն, այո, առաջացրեց Արեւմուտքի, մասնավորապես` Անգլիայի մեծ դժգոհությունները: Ավելին` նրանց դրդմամբ` Պարսկաստանը, փաստորեն, փորձեց վերադարձնել այդ տարածքները, եւ սկսվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմը, որն ավարտվեց ռուսական բանակների փայլուն հաղթանակով: Անպայման այստեղ պետք է նշեմ, որ դրանում մեծ դեր ունեցան ինչպես ռուսական բանակի հայազգի զորահրամանատարները, այնպես էլ հայ ժողովուրդը, որը աջակցում էր ռուսական բանակներին` մարտնչելով ռուսական կողմի թույլտվությամբ ստեղծված հայ կամավորական ջոկատներով: Այդ հաղթանակը թույլ տվեց, որպեսզի Ռուսաստանն իր կամքը թելադրի պարսիկներին եւ ստորագրի իր համար ձեռնտու պայմանագիր: Խոսքը Թուրքմենչայի պայմանագրի մասին է, որը ստորագրվեց 1828 թվականի փետրվարի 21-ին:

«ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԵՑ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԻՐԱՎԻՃԱԿ»

–Այս պայմանագրի ստորագրման գործում` մեզ համար դրական նշանակություն ունեցավ ռուս դրամատուրգ« բանաստեղծ« դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի դերը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իսկապես, այս պայմանագրի ստորագրման գործում բացառիկ մեծ դեր ունեցավ Ալեքսանդր Գրիբոյեդովը եւ հատկապես` իր այն հոդվածները, որոնք վերաբերում էին հայությանը եւ հայության խնդիրներին: Ինչ վերաբերում է պայմանագրին` պետք է նշեմ, որ Արեւելյան Հայաստանի միացումով ռուսական կայսրությանը` հայության համար ստեղծվեց բարենպաստ իրավիճակ` զարգանալու ե՛ւ տնտեսապես, ե՛ւ մշակութային առումով: Շատ կարեւոր է, որ այդ պայմանագրի արդյունքում եւ դրան հետեւած տարբեր ռուսական կողմի միջոցառումներով հայությունը տարածաշրջանում արդեն բազմապատկվել էր ու շատ ավելի մեծ տոկոս էր կազմում, քան մնացած այլ ժողովուրդներն Անդրկովկասում ու Արեւելյան Հայաստանում: Թուրքմենչայի պայմանագրով ռուսական կայսրության կազմում Արեւելյան Հայաստանի Երեւանի նահանգի, Նախիջեւանի, Օրդուբադի հայտնվելը հնարավորություն տվեց այս տարածքում հայությանը էլ ավելի համախմբվելու: Նաեւ արտասահմանում` սփյուռքում հայ գաղթավայրերում գտնվող հայությունը նույնպես իր ուշադրությունը սեւեռեց դեպի Ռուսաստան, եւ հայ-ռուսական հարաբերությունները շատ բարձր մակարդակի հասան:

Մանվել Գրիգորյանն այսօր պետք է մեկներ Ֆրանսիա

– Գնահատելով Թուրքմենչայի պայմանագիրը` ո՞րն եք համարում այս փաստաթղթի գլխավոր նշանակությունն ու դերը:

– Կարծում եմ` այն, որ հայությունը հնարավորություն ստացավ Արեւելյան Հայաստանում համախմբվել եւ, ի վերջո, 1918 թվականի մայիսին ստեղծել Հայաստանի Առաջին հանրապետությունը` գրեթե այն տարածքներում, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցան ռուսական կայսրության կազմին: Իսկ ի՞նչ եղավ Արեւմտյան Հայաստանի հետ, որը մնաց Օսմանյան կայսրության կազմում, բոլորիս քաջ հայտնի է: Հայությունը ենթարկվեց ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանը դատարկվեց, արեւմտահայերը կորցրին իրենց հայրենիքը: Ըստ իս, նույն վտանգն էր սպառնում արեւելահայությանը, եթե ռուսական այդ առաջխաղացումը չլիներ, եթե ռուսական պետությունը չհաղթեր այդ պատերազմներում, եւ եթե Արեւելյան Հայաստանը չմիանար ռուսական կայսրությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА