ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՄԵԶ ՏՎԵՑ ԵՐԵՔ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ»

07.03.2018 20:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ  ՄԵԶ ՏՎԵՑ ԵՐԵՔ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ»

«Թուրքմենչայի պայմանագիրը մեզ տվեց երեք շատ կարեւոր բան: Առաջինը՝ ձեւավորվեց հայոց մարզը, երկրորդ՝ թույլ տրվեց վերաբնակեցնել Արեւելյան Հայաստանը, եւ երրորդ՝ հանդես եկավ, որպես հիմք հետագա մեր պետականության համար»: Մեզ հետ զրույցում, անդրադառնալով Թուրքմենչայի պայմանագրի կարեւորությանը, դրա 190-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԱԼԵՐԻ ԹՈՒՆՅԱՆԸ՝ մանրամասնելով.

Սկզբունքային անսկզբունքայնություն «Լուսավոր Հայաստանում»

-Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչեց Երեւանի ու Նախիջեւանի խանությունների եւ Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտավորվեց վճարել 20 մլն ռուբլի ռազմատուգանք: Ռուսական եւ պարսկական առեւտրական նավերին ազատ նավարկության իրավունք էր տրվում Կասպից ծովում, իսկ ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունքը վերապահվում էր միայն Ռուսաստանին: Ռուսական կառավարությունը Աբաս Միրզային ճանաչում էր Պարսկաստանի գահաժառանգ: Կնքվել է նաեւ առեւտրական համաձայնագիր, որով ռուսական վաճառականներն ազատ առեւտրի իրավունք էին ստանում Պարսկաստանում:

Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք էր տրվում գաղթել Ռուսական կայսրությանն անցած տարածքները: Գաղթի համար սահմանվում էր 1 տարի ժամանակ: Գաղթականները կարող էին իրենց հետ վերցնել շարժական գույքը, իսկ անշարժ գույքը վաճառելու կամ սեփական հայեցողությամբ տնօրինելու համար տրվում էր 5 տարի ժամանակ: 1828-29 թթ.-ին Թավրիզի, Մակուի, Ուրմիայի, Արդաբիլի, Խոյի, Սալմաստի շրջաններից  8 հազար հայ ընտանիք` շուրջ 45 հազար մարդ, գաղթեց եւ բնակություն հաստատեց Երեւանի ու Նախիջեւանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում եւ այլ վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվեցին պետական հարկերից ու տուրքերից: Ներգաղթի կազմակերպմանը մեծապես նպաստել է  Վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցին:

Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետեւանքով փոխվեց ժողովրդագրական պատկերը Արեւելյան Հայաստանում: Հայ ժողովուրդն ազատվեց ձուլման եւ ֆիզիկական բնաջնջման վտանգից (միացման նախօրեին Արեւելյան Հայաստանի բնակչության միայն 34 %-ն էր հայ): Արեւելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգահավաքման եւ գոյատեւման հաստատուն եւ ապահով կենտրոն:

Քաղաքական առումով՝ Թուրքմենչայի պայմանագիրը նպաստեց ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արեւելքում եւ թուլացրեց Անգլիայի դիրքերն Իրանում:

Վերջում պարոն Թունյանը նկատեց.

– Երբեմն ինձ ասում են, որ մենք պարտությունների ճանապարհով ենք գնում, եւ ես միշտ ասում եմ հետեւյալը` ուշադրություն դարձրեք, թե ինչ տարածք ուներ Առաջին հանրապետությունը, հետո՝ երկրորդ եւ այժմյան Հայաստանը, ու կհասկանաք, որ ընդհակառակը, մենք առաջընթաց ենք ապրում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА