ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ֆրանսիացի մասնագետներին գրավեց հայ դիզայների ապակուց եւ հայելուց պատրաստված զարդերը

07.03.2018 18:09 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես ֆրանսիացի մասնագետներին գրավեց հայ դիզայների ապակուց եւ հայելուց պատրաստված զարդերը

Նկարիչ-մոդելավորող ԱՐՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ  իր «Alexis Accessories» ապրանքանիշով օրերս Փարիզում մասնակցել է «BIJORHCA» եվրոպական ամենահեղինակավոր ցուցահանդեսին։ Հայ դիզայների ներկայացրած 150 աշխատանքներից 17-ն ընդգրկվել է ցուցահանդեսի ամենահեղինակավոր հատվածում՝ trend zone-ում։ «Իրավունքի» հետ զրույցում Արմինեն ասաց, որ հաջող բանակցությունների արդյունքում մի քանի գործնական կապեր է հաստատել. «Ցուցահանդեսը գործնական էր, քանի որ B2B ֆորմատով էր անցկացվում։ Դա աշխատանքային նոր հորիզոններ, նոր վաճառակետեր գտնելու, համագործակցությունների ամենագրագետ հարթակն է։ Ինձ համար բավականին արդյունավետ էր, քանի որ ընկերական հարաբերություններ հաստատվեցին միջազգային մակարդակի դիզայներների հետ, մի քանի պայմանագրեր ստորագրվեցին Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի զարդերի խանութ-սրահների ներկայացուցիչների հետ»։

Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն

Երիտասարդ դիզայներն ասում է, որ տարիներ շարունակ մասնակցել է տարբեր հեղինակավոր ցուցահանդեսների, որոնցից կարեւորում է մեկը. «Էվելինա Խրոմչենկոյի ցուցահանդես-վաճառքն էր Մոսկվայում։ Այդտեղ Հայաստանից ես էի միակ ներկայացուցիչը։ Դրանից հետո տարբեր միջազգային ցուցահանդեսներից հրավերներ եմ ստացել․ ամենագրավիչը «BIJORHCA»-ն էր՝ որպես Եվրոպայի ամենահեղինակավոր B2B ֆորմատով թրեյդ շոու»։

Արմինեն կարծում է, որ ֆրանսիացի մասնագետներին գրավել է հենց իր աշխատանքների առանձնահատկությունը. ««Alexis» ապրանքանիշի ամենամեծ առանձնահատկությունը տարբերվող լինելն է, որը կախված է նյութի ընտրությունից եւ տեխնոլոգիայից։ Աշխատում եմ ապակու եւ հայելու հետ, որոնք առաջին հայացքից «պիտանի» չեն զարդ պատրաստելու համար եւ այդ առումով նաեւ բացահայտված չեն։ Կարծում եմ՝ 300 դիզայներների աշխատանքների կողքին հենց այդ առանձնահատկություններով էլ «Alexis»-ը ուշադրություն գրավեց ու առանձնացվեց։ Զարդերը հիմնականում կանանց համար են նախատեսված, չնայած որ կան նաեւ տղամարդկանց համար ստեղծված աքսեսուարներ։ Հիմնական խորհուրդը կայանում է նրանում, որ զարդը պիտի հագուստը լրացնելու համար կրել, դարձնել ոճին բնորոշ մաս, բայց դրանով չճնշել ներդաշնակությունը։ Հայելային, ապակե գունեղ զարդերը պիտի նաեւ ուրախություն պարգեւեն, տրամադրություն հաղորդեն կրողին, արտացոլեն սարյանական անուշ գույներն ու արեւի ջերմությունը»։

Երիտասարդ դիզայներն իր կարիերան սկսել է դեռ 20 տարի առաջ. Լինելով մասնագիտությամբ նկարիչ-մոդելավորող Արմինեն այդ ընթացքում զարդեր պատրաստելուն զուգահեռ իրեն փորձել եմ թատրոնում՝ որպես հագուստի նկարիչ, համագործակցել հեռուստաընկերությունների, տեսահոլովակներ նկարահանող փրոդաքշնների հետ, աշխատել որպես ոճաբան. «Սակայն արդյունքում ուժերս ամբողջությամբ կենտրոնացրի աքսեսուարների եւ զարդերի ստեղծման արտադրության վրա։ Այժմ Հրավերներ շատ են լինում, քանի որ տարեկան տասնյակ հեղինակավոր ցուցահանդեսներ են կազմակերպվում։ Բոլորին մասնակցելն ուղղակի անհնար է, երբ նամանավանդ զբաղված ես ստեղծագործ աշխատանքով եւ չես կարող հաճախ ընդմիջում վերցնել։ Այնուամենայնիվ, որպեսզի բիզնես հատվածն էլ չտուժի, պարբերաբար ներկայանալ է պետք միջազգային հարթակներում, որտեղ գնահատվում է գործունեությանդ արդյունքը եւ շուկայում ապահովվում է շփումդ առաջատարների հետ։ Այդ առումով նախ գնահատում եմ ցուցահանդեսի արդյունավետությունն ու հնարավորությունը, ապա նոր մասնակցում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

«Մեկ սերը տարիք չի հարցնում, մեկ էլ՝ բեմը». Արմեն Սանթրոսյան (Տեսանյութ)

«Alexis Accessories» աքսեսուարները ձեռքի յուրօրինակ աշխատանքներ են,  որոնք շուկա են դուրս գալիս որպես էքսկլյուզիվ նմուշ։ Հիմնական աշխատանքային նյութը հայելին եւ վիտրաժային ապակին է, որն իր փխրունության եւ նուրբ աշխատանք պահանջող «բնավորությամբ» զարդին հաղորդում է անզուգական տեսք եւ անկրկնելիություն։

«Alexis Accessories» զարդերը կրում են Նադեժդա Բաբկինան, Անժելիկա Վարումը, Ալեքսանդր Բույնովը, Նազենի Հովհաննիսյանը, Լուսինե Բադալյանը, Կարինե Խոդիկյանը, Շուշանիկ Արեւշատյանը, մշակույթի, շոու-բիզնեսի, բժշկական ոլորտի այլ հայտի ներկայացուցիչներ։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Լուսանկարները՝ Աստղիկ Միրաքյանի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА