ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԸ

07.03.2018 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԸ

Հայտնի է, որ ապրիլի 9-ից հետո ՀՀ նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվելու է Մաշտոցի 47 հասցեում գրանցված Կառավարության ընդունելությունների տուն, որն, ի դեպ, այս օրերին վերանորոգվում է: Բաղրամյան 26-ը կդառնա ՀՀ վարչապետի նստավայրը:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանվում է նոր կառավարության կազմին համապատասխան

 

Այսպիսով, ՀՀ նոր նախագահի նստավայրն է դառնում երեւանյան համեմատաբար երիտասարդ, սակայն բավականին հարուստ պատմություն ունեցող շինություններից մեկը: Ինչպես տեղեկացանք Քաղաքաշինության պետական կոմիտեից` ճարտարապետական գեղեցիկ լուծումներով այս համալիրը 1985 թվականի վերակառուցվել է ճարտարապետ, երաժիշտ Արթուր Մեսչյանի նախագծով: Համալիրի կառուցման պատմության շուրջ, հուսով ենք, մեզ կհաջողվի լսել պարոն Մեսչյանի հուշերը: Իսկ մինչ այդ՝ համալիրի շահագործումն իրականացնող «Կառավարության ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի տնօրեն ԹԱՄԱՐԱ ԻԳՆՈՅԱՆԻՑ պարզեցինք՝ ինչ ճանապարհ է անցել ՀՀ ապագա նախագահական նստավայրը, ինչ անձանց է հյուրընկալել, ի՞նչ հիշողություններ է իր մեջ պահում:

- Կառավարության ընդունելությունների տան տնօրեն եմ նշանակվել 2000 թվականից, բայց աշխատում են 1997-ից: Ընկերությունը կատարում է ՀՀ կառավարության եւ այլ բարձրաստիճան հյուրերի բարձր մակարդակով հյուրանոցային սպասարկման կազմակերպում, ինչպես նաեւ՝ կառավարության եւ այլ պետական կազմակերպությունների լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործառույթ: Տարածքը հանդիսանում է հատուկ պահպանության օբյեկտ. պահպանումն իրականացվում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարեւորագույն օբյեկտների եւ հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդի կողմից:

- Ի՞նչ հետաքրքիր հյուրեր եք ունեցել այս տարիներին:

- Անկեղծ ասած, Կառավարության ընդունելությունների տան աշխատակիցներս հյուրերի հետ առանձնապես չենք շփվել: Մեր գործառույթը կայանում է նրանում, որպեսզի հավուր պատշաճի դիմավորենք եւ ճանապարհենք հյուրերին: Հյուրերի հետ մեր շփումը սահմանափակվում էր եւ մինչ օրս էլ շարունակվում է սահմանափակվել միայն հյուրանոցային համարներում տեղավորելիս: Այսինքն, մեր հիմնական շփումը հյուրերի հետ սահմանափակվում էր հետեւյալով` բարեւ Ձեզ, ցտեսություն, շնորհակալություն:

 

«Մեզ մոտ են հյուրընկալվել Ինդիրա Գանդին, Բրեժնեւը»

-Այնուամենայնիվ, կխնդրեինք հիշել, ի՞նչ հիշարժան հյուրեր եք դիմավորել եւ ճանապարհել:

- Այս պահին կդժվարանամ հիշել մեր հյուրերի ցանկը, որովհետեւ տարբեր պատվիրակություններ ենք ընդունել եւ ճանապարհել: Կառավարության ընդունելությունների տունը մարդաշատ էր հիմնականում մինչեւ 2005-2008 թվականները: Այս ժամանակաշրջանում էր, որ հիմնականում Հայաստան այցելող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հանգրվանում էին մեզ մոտ: Բայց տարիների ընթացքում՝ տարբեր հյուրանոցների բացվելուց հետո, մեր հյուրերի թիվը կամաց-կամաց նվազեց: Մեզ մոտ են գիշերել Վրաստանի, Իրանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի նախագահները, ժամանակին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան այցելող գրեթե բոլոր պատվիրակությունները: Մեզ առհասարակ թույլ չեն տվել երբեւէ հանրայնացնել մեր հյուրերի ցանկը, այդ է պատճառը, որ նպատակահարմար չենք գտել մանրամասն հիշել բոլոր հյուրերին:

Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով

- Բայց, այնուամենայնիվ, պետք է որ եղած լինեին այնպիսի հյուրեր, ովքեր տպավորվել են Ձեր հիշողություններում:

- Իհարկե, ոչ իմ տնօրեն եղած ժամանակ, բայց ասում են, որ մեզ մոտ են հյուրընկալվել Ինդիրա Գանդին, Բրեժնեւը: Նաեւ, որ նրանք եւս գոհ, շնորհակալ են գնացել Կառավարության ընդունելությունների տնից: Նույնիսկ պատմում են, որ Ինդիրա Գանդին ասում էր՝ «Երբ գալիս եմ Հայաստան, կարծես իմ տուն եկած լինեմ, այնքան հարազատ ու ջերմ է այստեղ ամեն բան»: Բացի քաղաքական գործիչներից մեզ մոտ ժամանակին հյուրընկալել են նաեւ մշակույթի գործիչներ, արտասահմանյան երգիչներ: Օրինակ, շատ հաճախ մեզ մոտ էր հյուրընկալվում Իոսիֆ Կոբզոնը: Պատմում են, որ ժամանակին Հայաստան այցերի ժամանակ Կառավարության ընդունելությունների տունը Կոբզոնի նախընտրած հանգստյան վայրն էր:

 

«Թագավորական պալատ է հիշեցնում»

-Կնկարագրեք, ինչպիսի՞ն է կառույցը ներսից, եւ ի՞նչ փոփոխություններ են իրականացվում այժմ:

- Այսպես ասեմ` շենքն ամբողջությամբ թագավորական պալատ է հիշեցնում: Ունենք կահավորված համարներ, ննջասենյակներ... Բայց, թե ինչպիսին կլինի այն վերանորոգումից հետո, կդժվարանամ ասել:

- Այժմ ի՞նչ փոփոխություններ են իրականացվում:

-  Չեմ կարող ասել, ամբողջ շենքը գտնվում վերանորոգման մեջ: Մենք ներկայիս շինարարության հետ որեւէ առնչություն չունենք, ասում են՝ հիմնականում կոսմետիկ վերանորոգում է իրականացվելու: Բայց հստակ չգիտեմ` ինչ տեսք կունենա այն հետագայում:

 

Հարցազրույցը` 
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

Ի ԴԵՊ

ՀՀ նոր նախագահին, բացի նստավայրից, տրամադրվելու է ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն` Ձորափի 74, 4-րդ մասնաշենք), ինչպես նաեւ՝ պետական ամառանոց Սեւանում (հասցեն` քաղաք Սեւան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք)՝ համապատասխան գույքով եւ սպասարկմամբ ապահովված: Նախագահ Արմեն Սարգսյանին կտրամադրվի նաեւ հատուկ նշանակության ավտոմեքենա, իսկ նրա առողջական վիճակին կհետեւի անձնական բժիշկը: Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է նախագահի աշխատակազմը, որը չի կարող գերազանցել 180 աշխատակիցը: Նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ տարեկան 75 մլն դրամի չափով:

Արարատյան բակալավրիատի «վտանգները» եւ «վնասները»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА