ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԻԼԱՆԻ» ԴԵՄ ԽԱՂԸ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

07.03.2018 22:40 ՍՊՈՐՏ
«ՄԻԼԱՆԻ» ԴԵՄ ԽԱՂԸ  ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Լոնդոնի «Արսենալն» ԱՊԼ-ի 29-րդ տուրում հյուրընկալվելիս պարտվեց «Բրայթոնին»: Դա Արսեն Վենգերի սաների արդեն 8-րդ արտագնա պարտությունն էր ԱՊԼ-ի այս խաղարկությունում: Վերջին 14 ամսում Վենգերի սաները ԱՊԼ-ում անցկացրել են 27 հանդիպում, որոնցում կրել են 15 պարտություն: 5 խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ 7-ում հաղթել են: Սա, հասկանալի է, խայտառակ արդյունք է՝ համապատասխան հետեւանքներով հղի: Ամենամեծ փորձությունը Վենգերին ու նրա սաներին սպասվում է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում, որտեղ մրցակիցն իտալական «Միլանն» է: Այս խաղում բացահայտ ֆավորիտներ են համարվում իտալացիները, հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների ցուցադրած անվստահ ու անատամ ֆուտբոլը: Հաջող ելքի դեպքում, Վենգերին, թերեւս, երկրպագուները կներեն Անգլիայի առաջնության անհաջողությունները: Հակառակ դեպքում, նա, ըստ ամենայնի, կավարտի իր երկարամյա գործունեությունն «Արսենալում», ընդ որում, միանգամայն անփառունակ վերջաբանով:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԲԱԽՎԵՑԻՆ «ԱՀԵՂ» ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ

«Արսենալի» ձախողումները, իհարկե, միանգամայն բացասական է անդրադառնում նաեւ Մխիթարյանի կարիերայի վրա: Եվ, թերեւս, քննադատությունը հիմնականում տեղին է. հայ ֆուտբոլիստը դեռ ոչնչով չի կարողացել աչքի ընկնել: «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Ալան Սմիթը, խոսելով Մխիթարյանի մասին, նույն կարծիքն է հայտնել. «Մենք առայժմ ոչինչ չենք տեսել Մխիթարյանից՝ «Արսենալի» մարզաշապիկով: Հենց նմանատիպ իրավիճակներում են ձեզ հարձակվողական ոճի բարձրակարգ ֆուտբոլիստներ պետք, որպեսզի թիմին վերադարձնի խաղի մեջ»:

Հայ ֆուտբոլիստը հասցրել է նաեւ հակառեկորդ գրանցել իր հաշվին: «Արսենալ» տեղափոխվելուց ի վեր Մխիթարյանն իր թիմի հետ պարտվել է Անգլայի Պրեմիեր լիգայի 4 հանդիպումներում: Այն դեպքում, երբ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում»  խաղացել է մեկուկես մրցաշրջան, սակայն ընդամենը 5 անգամ է պարտվել:

Այսպիսով, «Միլանի» հետ դիմակայությունը նաեւ Մխիթարյանի համար ամենալուրջ նշանակությունն ունի: Հաջողության դեպքում, նրա անվան շուրջ պտտվող տարատեսակ խոսակցությունները մի որոշ ժամանակ կհանդարտվեն: Իսկ դա թիմին ավելի լավ հարմարվելու, խաղը վերագտնելու, դիրքերը վերականգնելու ու հաստատելու լավ հնարավորություն կդառնա:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА