ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՅՑԻՑ

16.03.2018 22:10 ԶԱՐԿԵՐԱԿ
Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՅՑԻՑ

Մարտի 12-ից Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: Այս այցն Ադրբեջանում ջղաձգումներ է առաջացրել, եւ բանը հասավ մինչեւ ԱՄՆ-ին հղված բողոքի նոտային: Ինչո՞ւ են Բաքվում այդքան նյարդայնացել, որքանո՞վ է կարեւոր Բակո Սահակյանի ամերիկյան այցը: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է հայաստանյան վերլուծաբանների հետ:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍՐՄԱՆ»

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ.

- Արցախի Հանրապետության նախագահի այցը ԱՄՆ կարեւոր նշանակությունի ունի նախեւառաջ Արցախի միջազգային ճանաչման գործընթացի տեսանկյունից: Այս այցելությունը հնարավորություն է՝ ԱՄՆ-ում կրկին բարձրաձայնել եւ իրավական, իրավաքաղաքական հարթությունում դատապարտել Ադրբեջանի ղեկավարության հայատյացության քաղաքականությունը, ցույց տալու, որ Արցախի ժողովուրդը պայքարում է՝ առաջին հերթին բնաջնջումից խուսափելու համար: Երկրորդ. այցը դրական քայլ պետք է համարել նաեւ արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին արցախյան կողմի առարկայական մասնակցության ապահովման գործընթացում: Պետք է արձանագրել, որ վերջին շրջանում արցախյան հակամարտության ուղղությամբ նկատվում է Վաշինգտոնի քաղաքականության ակտիվացում: Զուգահեռաբար, որոշակի խմորումներ են ընթանում ԱՄՆ-Ադրբեջան փոխհարաբերություններում, որտեղ ավելի շուտ տեսանելի են լարվածության տարրեր: Կարելի է սպասել, որ Բակո Սահակյանի այցելության հետ կապված Ալիեւն իր հերթին առժամանակ կարող է մեծացնել լարվածությունը արցախյան ուղղությամբ, ինչին, կարծում եմ, հայկական կողմը լիարժեքորեն պատրաստ է:

Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆ.

- Մեր մոտեցումն այն է, որ պետք է ինտենսիվ աշխատանքներ իրականացվեն՝ աշխարհին ինտեգրվելու եւ Արցախ աշխարհը ներկայացնելու համար: Չնայած Ադրբեջանի պայքարին, մենք այս ասպարեզում գրանցել ենք որոշակի հաջողությունների: Եթե 2015 թվականին ԱԺ ընտրություններից եւ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Արցախ է այցելել երեք երկրների պատվիրակություններ, ապա դրանից հետո մենք ընդունել ենք 32 երկրի պատվիրակություններ: Այդ մարդիկ Արցախ գալով` դառնում են բարեկամներ, ինչ-որ տեղ՝ նաեւ մեր դեսպանները՝ վերադառնալով իրենց երկրներ: Պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է խանգարել այդ գործընթացին, հատկապես «սեւ ցուցակների» միջոցով վերջինս ձգտում է, որպեսզի Արցախն այդ կապերը չունենա: Հասկանալի է, որ այս դեպքում ԱՄՆ-ն ունի իր շահերը, մյուս կողմից էլ՝ այդ երկրի էլիտան հասկանում է, որ Արցախը ձգտում է ազատության: Կարծում եմ` Արցախ-ԱՄՆ հարաբերությունների զարգացումը նորանոր հեռանկարներ կբացի մեզ համար:

«ԲԱՔՈՒՆ ԿՓՈՐՁԻ ՆՈՐԻՑ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆԵՐ ԱՆԵԼ»

Միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ.

- Այս հարցի վերաբերյալ Ադրբեջանի ագրեսիվ մոտեցումը մեզ համար կանխատեսելի էր, այդ երկիրը միշտ էլ այդպես է արձագանքում այն բոլոր գործընթացներին, որոնք վերաբերում են Արցախին: Պետք է շարունակենք Արցախը միջազգային հարաբերություններում ներգրավելու ուղղությամբ մեր աշխատանքները եւ ուշադրություն չդարձնենք Ադրբեջանի վրա: ԱՄՆ Արցախի Հանրապետության պատվիրակության այցը մեծ հնարավորություն է, որպեսզի Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ  իր դիրքորոշումը ԱՄՆ-ում հայտնի նաեւ Արցախը: Որովհետեւ ֆորմալ առումով Արցախը բանակցային կողմ չէ, բայց նրա ձայնը մշտապես պետք է լսելի լինի բոլորի համար: Մինսկի խմբի համանախագահները մշտապես ասում են, որ Արցախի բնակչությունը նույնպես պետք է հայտնի իր կարծիքը, երբ գան վերջնական որոշման: Կարծում եմ՝ Բակո Սահակյանի այցի ընթացքում այս հարցերը բարձրացվելու են: ԱՄՆ-ում կոնգրեսը բավականին ազդեցիկ մարմին է եւ որոշակի ազդեցություն ունի գործադիր իշխանության վրա : Այնպես որ, այդ կարեւոր մեսիջները թե՛ օրենսդիրների, թե՛ փորձագետների միջոցով  հասցվելու է նաեւ գործադիր մարմիններին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА