o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

6 ՍԿԶԲՈՒՆՔ` ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ ԳՈՒՄԱՐ ԿՈՒՏԱԿԵԼ

16.03.2018 22:20 ԹԵՄԱ
6 ՍԿԶԲՈՒՆՔ` ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ ԳՈՒՄԱՐ ԿՈՒՏԱԿԵԼ

Վստահ եմ, որ մեզնից գրեթե յուրաքանչյուրը, եթե ոչ բոլորս, ցանկանում ենք ունենալ որոշակի խնայողություններ այս կամ այն նպատակի իրագործման համար, սակայն ոչ բոլորս ենք կարողանում ստիպել ինքներս մեզ կուտակելու փող: Իրականում դա անելն այնքան էլ դժվար եւ անիրագործելի չէ` նույնիսկ քիչ եկամուտ ունենալու պարագայում: Այսպես, եթե ցանկանում եք կանոնավոր կերպով մեծացնել ձեր խնայողությունները, ապա հետեւեք  առաջնորդվեք ստորեւ թվարկված սկզբունքներով.

ԵՊՀ ՈւԽ նախագահի արձագանքը` պետական օժանդակության 14-րդ ծրագրի մասին

 

1. Գումար խնայելը դարձրեք սովորություն` օգտագործելով խնայատուփ:

Նախ եւ առաջ գումար խնայելը դարձրեք ձեր առօրյա կյանքի սովորություններից մեկ: Ընդ որում, կարեւոր է ոչ միայն ձեւավորել այն, այլեւ զարգացնել եւ ամրապնդել: Սովորաբար որոշ ժամանակ անց հին սովորությունները «գլուխ են բարձրացնում», ինչի արդյունքում հաճախ տպավորություն է ստեղծվում, որ խնայելն անհնար է կամ պահանջում է մեծ ջանք եւ ուժեղ կամք: Գործնականում յուրաքանչյուր մարդ կարող է սովորել խնայել, ուղղակի դրա համար անհրաժեշտ է մի փոքր երկար ժամանակ (փորձը ցույց է տալիս, որ 3-4 ամիս): Այնպես արեք, որ ձեր խնայողություններն աճեն ամեն օր: Ամենապարզ միջոցը խնայատուփի օգտագործումն է: Սկզբնական շրջանում քանի դեռ բավարար կերպով չեք զարգացրել ամեն օր խնայելու սովորությունը, մի շտապեք կուտակել միանգամից մեծ գումարներ եւ սկսեք քչից (օրինակ 100 դրամից): Իսկ երբ արդեն առանց մտածելու պատրաստ լինեք ամենօրյա ռեժիմով լցնել ձեր խնայատուփը, կարող եք աստիճանաբար ավելացնել նաեւ կուտակվող գումարի մեծությունը:

 

2. Խնայատուփը պահեք անհասանելի վայրում` տեսադաշտից հեռու:

Աշխատեք խնայատուփը պահել այնպիսի վայրում, որ ամեն անգամ, երբ ձեզ անհրաժեշտ կլինի որոշակի գումար ինչ-որ ծախսեր կատարելու համար, միանգամից չփորձեք դատարկել հենց խնայատուփի պարունակությունը: Դրեք այն հնարավորինս ձեր տեսադաշտից հեռու: Լավ կլինի նաեւ, որ խնայատուփը լինի դժվար բացվող: Կարելի է օգտագործել նաեւ խնայողական հաշիվ եւ ձեր եկամտի որոշակի մաս ավտոմատ կերպով ձեր աչքից հեռու կփոխանցվի այդ խնայողական հաշվին:

 

3. Մի կողմ դրեք ձեր եկամտի 10%-ը:

Հաճախ որոշակի եկամուտ ստանալիս` նախ եւ առաջ մտածում ենք ոչ թե գումար խնայելու, այլ այս կամ այն ծախսերը փակելու մասին: Արդյունքում, ամբողջ եկամուտն ուղղելով դեպի ծախերը` այլեւս խնայելու համար փող չի մնում: Մինչդեռ պետք է առաջնորդվել ոչ թե ծախսել հետո խնայել սկզբունքով, այլ հակառակը: Այն նաեւ գրեթե բոլոր հարուստ մարդկանց հատկանիշներից մեկն է: Ամերիկյան հայտնի «Ֆորբս» ֆինանսական ամսագրի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գումար խնայելու համար անհրաժեշտ է մի կողմ դնել եկամտի առնվազն 10 %-ը: Ամեն անգամ, երբ ձեզ մոտ հայտնվում է որոշակի գումար, մի կողմ դրեք այդ գումարի 1/10-րդ մասը եւ փորձեք ոչ մի դեպքում չծախսել այն:

 

4. Կառավարեք ծախսերը:

Նախքան խանութ գնալը նախապես կազմեք գնման ենթակա ապրանքների ցանկ (հատկապես մթերքների դեպքում) եւ փորձեք չշեղվել դրանից: Ըստ ամերիկյան Փենսիլվանիա համալսարանի կողմից իրականացված հետազոտությունների` նախապես կազմված ցուցակով խանութ գնալու դեպքում կարող եք խնայել ձեր գումարի մինչեւ 23%-ը: Առանց ցուցակի խանութ գնալիս ծախսում ենք նախատեսվածից ավելին: Նախապես որոշեք ձեր ծախսերը: Մշտապես կատարեք գրառումներ ձեր ծախսերի վերաբերյալ: Վարեք եկամուտների եւ ծախսերի հաշվառման օրագիր: Հնարավորության դեպքում կարող եք նաեւ հավաքել ՀԴՄ կտրոնները հետագայում ձեր ծախսերը հստակեցնելու համար: Ամսվա վերջում վերլուծեք ձեր կատարած բոլոր ծախսերը եւ կգտնեք, թե ինչի հաշվին կարելի է խնայել:

 

5. Ստիպեք փողին «փող աշխատել»:

Ձեր խնայողությունները բարձի տակ պահելու փոխարեն փորձեք դրանցով այնպիսի ներդրումներ կատարել, որոնք ձեզ կայուն եկամուտ կապահովեն տոկոսագումարների տեսքով: Օրինակ, կարող եք ավանդ ներդնել կամ պետական պարտատոմսեր ձեռք բերել, որի դիմաց ձեզ կսկսեն որոշակի տոկոսներ վճարել: Ձեզ մնում է ընտրել միայն առավել նախընտրելի ժամկետներով եւ պայմաններով առաջարկվող բանկային ավանդի կամ պետական պարտատոմսի տեսակը: Իսկ եթե ունեք որոշակի անվստահություն առեւտրային բանկերի նկատմամբ, հիշեք, որ ՀՀ-ում գործում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, որը պարտավոր է հետ վերադարձնել ձեր ավանդի գումարը մինչեւ 10 մլն դրամի սահմաններում, եթե ձեր նախընտրած բանկը ինչ-ինչ պատճառներով անվճարունակ դառնա:

​​​​​​​Կորոնավիրուսով վարակված 26 դեպք,  մեկուսացված 300 քաղաքացի. նոր տվյալներ

 

6. Սկսեք կուտակել այնքան շուտ, ինչքան հնարավոր է:

Սկսեք խնայել հենց այսօրվանից սկսած, անկախ նրանից քանի տարեկան եք, ունեք սեփական եկամուտ, թե ոչ, նույնիսկ եթե կարծում եք, որ բավարար գումար չեք վաստակում խնայելու համար: Ինչքան երկար ձեր փողերը մնան խնայողական հաշիվներում, այնքան ավելի շատ տոկոս եւ, ընդհանրապես, ավելի շատ գումար կկարողանաք կուտակել: Օրինակ, եթե ստիպեք ձեզ խնայել ամսական 50.000 դրամ եւ ներդնեք այն տարեկան 10 տոկոս եկամտաբերություն ապահովող ավանդային հաշվում, ապա 10 տարի հետո կունենաք մոտավորապես 10 մլն դրամ: Մինչդեռ, եթե նույն խնայողությունները սկսեիք 5 տարի շուտ անել, այդ դեպքում ձեր վերջնական գումարը կլիներ կրկնակի ավելի շատ (գրեթե 20 մլն դրամ):

Այնպես որ, ժամանակ մի կորցրեք, փորձեք առաջնորդվել վերը նշված սկզբունքներով եւ հիշեք, որ թեկուզ ոչ այնքան մեծ գումարներ խնայելով էլ հնարավոր է հասնել մեծ նպատակների:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА