ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԹԵ ՓՈՂԱՏԵՐ ՊԱՊԱՅԻ ՏՂԱ ԵՍ, ՈՒՐԵՄՆ ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ ԵՍ ՄԱՐԴ ԳՑԵԼ ԱՎՏՈՅԻ ՏԱԿ

16.03.2018 21:30 ՔՐԵԱԿԱՆ
ԵԹԵ ՓՈՂԱՏԵՐ ՊԱՊԱՅԻ ՏՂԱ ԵՍ, ՈՒՐԵՄՆ ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ ԵՍ ՄԱՐԴ ԳՑԵԼ ԱՎՏՈՅԻ ՏԱԿ

Երեւանում մարտի 10-ի երեկոյան Կենտրոնական բանկի մոտ տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար, որի փաստով ձերբակալվել էր 42-ամյա Լեւոն Ա.-ն: Նա ներկայացել էր Ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ Վազգեն Սարգսյան փողոցում ինքն է «Mercedes G63» մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 75-ամյա հետիոտնին:

ՈՎ Է ՋԱԽՋԱԽՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ

Այս անգամ չստացվեց ուրիշին նստեցնել

Սակայն այդ պահին էլ շրջանառության մեջ հայտնվեցին լուրեր, համաձայն որոնց, վրաերթ իրականացնողը «Մարիաննա» կաթնամթերքի ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի տղան է եւ դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան՝ 26-ամյա Ժորա Վարդանյանը: Բանն այն է, որ մեքենայում հայտնաբերվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ, որը հաշվառված է 26-ամյա Ժորա Վարդանյանի անվամբ: Այսինքն, եթե ինչ-որ տեղ կարողանային բացատրել, թե ինչպես է ընկերության ավտոմեքենան հայտնվել Լեւոնի մոտ, ապա միանգամայն անբացատրելի կմնար, թե ավտոմեքենայի հետ միաժամանակ ինչու էին նաեւ Ժորայի  զենքը նրան տվել: Այդպիսով, մարտի 13-ին, ինչպես ներկայացրեց լրատվական դաշտը, ոստիկանություն է ներկայացել ու ձերբակալվել Ժ.Վարդանյանը: Սակայն դրանով այս պատմության տարօրինակությունները չվերջացան: Տեղի ունեցածի մասին պաշտոնական պարզաբանում խնդրեցինք Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, եւ ստացանք նման պատասխան. ««Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվել է ոչ թե այն քաղաքացին, ով 2018թ. մարտի 11-ին ներկայացել էր ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, այլ՝ մեկ ուրիշ երիտասարդ՝ ծնված 1992թ: Քննչական գործողությունների արդյունքում վերջինս մարտի 13-ին ներկայացել է քննչական վարչություն եւ հարցաքննվել: Նույն օրը նա ձերբակալվել է»:

Մեկ այլ երիտասարդ եւ ոչ թե՝ Ժ.Վարդանյանը: Երբ փորձեցինք պարզել, թե կոնկրետ ում մասին է խոսքը, պատասխանը հետեւյալն էր. «Նախաքննության շահերից ելնելով` անունը չենք կարող նշել»: Դժվար է գտնել մահացու ելքով վթարների կամ վրաերթերի մասին նման մեկնաբանություններ, երբ ձերբակալվածի անունը չներկայացվի՝ «նախաքննության շահ» բացատրությամբ: Բայց այս մեկը «ստանդարտ» դեպք էլ չես համարի: Այս գործով արդեն ստույգ է, որ ինչ-որ մեկը, այսինքն՝ Լեւոնը, փորձել է մեղքն իր վրա վերցնել: Բնական է, ոչ մեկը հենց այնպես մահացու ելքով վրաերթի մեղադրանք չէր «շալակի»: Այսինքն, եթե մտածենք, որ Լեւոնին շահագրգռել են, սպառնացել կամ այլ միջոցով ստիպել՝ մեղքն իր վրա վերցնել, հազիվ թե սխալվենք: Ո՞վ կարող էր դա անել. բնական է, իրական հանցագործը, կամ նրա մերձավոր շրջապատը: Եվ եթե նկատի ենք առնում, որ հանցագործին պարտակելը, նախաքննությունը դիտավորյալ սխալ ուղղությամբ տանելը, կեղծ մեղադրյալին կաշառելը (կամ վախեցնելը, սպառնալը եւ այլն) իր հերթին է հանցագործություն (այն էլ՝ ծանր, նաեւ կախված նրանից, թե ինչպես են Լեւոնին համոզել՝ մեղքն իր վրա վերցնել), ապա մահացու վրաերթի թեման բավականին կծանրանա եւ իր շրջանակներից նկատելիորեն դուրս կգա: Ու քանի դեռ պաշտոնապես չի հայտարարվել, որ մեղադրվողը եւ ձերբակալվածը «Մարիաննայի» սեփականատիրոջ որդին եւ դատավորի փեսան է, «չոր» իրավական առումով, նշված հարցադրումներն էլ դեռ մնում են օդից կախված: Բայց դրանով հանդերձ էլ՝ ֆիքսենք. նախաքննությունը պետք է ոչ միայն վրաերթի մասին իր պաշտոնական գնահատականը ներկայացնի, այլ նաեւ, թե այդ ինչպե՞ս էր, որ անկապ մեկը փորձում էր մեղքն իր վրա վերցնել:

Հավաքի դադարեցման որոշում

 

Կամ շատ զբաղված է լինում, կամ էլ՝ տեղում չէ

Մինչ նախաքննական մարմինը կտա այս հարցերի պատասխանը, տեղի ունեցածի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար արդեն որերորդ օրն է փորձում ենք կապվել «Մարիաննա» կաթնամթերքի ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի հետ: Սակայն նա, ինչպես ընկերությունից են մեզ փոխանցում, կա՛մ շատ զբաղված է լինում, կա՛մ էլ՝ տեղում չէ: Չնայած, հաշվի առնելով, թե ինչքան է բարդանում, դեռ այսպես ասենք, նրա որդու անվան հետ կապված մահացու վրաերթի դեպքը, պարոն Վարդանյանն այս օրերին պետք է որ իրականում էլ շատ զբաղված լինի:

Ընդհանրացում

Ուրեմն, այս ի՞նչ է տեղի ունենում հայաստանյան փողոցներում: Եթե պաշտոնյայի, գործարարի կամ փողատեր պապայի տղա ես, ուրեմն պետք է նստես ճոխ ավտոմեքենադ ու քեֆդ տվածի պես վարե՞ս՝ հաճախ անգամ չնայելով, որ դիմացովդ մարդ է անցնում: Չնայած, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու կատարած խայտառակ վրաերթը այս մի դեպքից շահեկանորեն տարբերվում է: Այն անգամ գոնե կանգնել էր, փորձել մարդուն օգնել: Իսկ այս դեպքում՝ թողնում ու մի քանի օրով անհետանում է՝ փորձելով ուրիշ մեկին իր փոխարեն նստեցնել: Եվ գալիս է հանձնվելու, երբ հասկանում է, որ այդ խայտառակ տրյուկը չի օգնի: Վերջապես, հարցի այս կողմին էլ նայենք. իսկ ինչո՞ւ պետք է 26-ամյա պատանին իր անվամբ գրանցված ատրճանակ ունենա: Չնայած, ատրճանակն ի՞նչ է, որ մեր «փառապանծ ոսկե երիտասարդության» համար խնայենք: Բա որ քեֆները տա ինչ-որ մեկին գյուլլեն, ձեռքի տակ զենք չունենա՞ն: Չէ՞ որ նման դեպքերի էլ ենք ականատես եղել: Ու այս ամենը ցավալի է այնքանով, որ մենք չէ, որ պետք է հիշեցնենք, թե ինչ պատասխանատվության են ենթարկվում մի տուփ պեչենի գողացող «անտեր» մարդիկ: Ու համեմատենք, երբ պապաների հղփացած տղաները մարդկային կյանքեր են խլում...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА