ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սուտ, կեղծիք եւ զրպարտություն է». Հայկ Նահապետյանն արձագանքում է Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքներին

17.03.2018 18:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Սուտ, կեղծիք եւ զրպարտություն է». Հայկ Նահապետյանն արձագանքում է Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքներին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստին, թեպետ Սեֆիլյանը նշել է, որ անիմաստ կլինի իր կողմից պաշտպանական ճառով հանդես գալը, բայց որոշել  է առիթն օգտագործել ու իրեն ներկայացնել, որպես քաղաքական հալածյալ, ընդ որում` ոչ միայն Հայաստանի մասշտաբով: Ո՛չ ավել, ո՛չ պակաս Ժ. Սեֆիլյանը հայտարարել է. «Ինձ փոխանցել են սպառնալիքը՝ դադարեցրու քաղաքական գործունեությունդ, եթե ոչ, ռուսները որոշել են սպանել քեզ: Ես պատասխանել եմ՝ զեկուցեք ձեր ղեկավարությանը, որ մենք մեր հողում ենք, Հայաստանն էլ տեր ունի»:

Լիսկան տղաների հետ 1 ամիս է՝ արտերկրում է. պնդում է ազգականը. «Հայկական ժամանակ»

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, սպառնալիքը փոխանցող միջնորդն էլ եղել է ռազմական փորձագետ, «Հանուն ինքնիշխան Հայաստանի» միավորման համակարգող Հայկ Նահապետյանը։ Թե որքանո՞վ է ասվածը համապատասխանում իրականությանը «Իրավունքը» հետաքրքրվեց հենց ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՑ:

- Այն, որ իբրեւ միջնորդող, նման բան եմ ասել, սուտ է, կեղծիք է, զրպարտություն և բացարձակապես իրականությանը չի համապատասխանում:  Տարիներ առաջ, տալով Ուկրաինայի գունավոր հեղափոխությունների վերաբերյալ իմ փորձագիտական գնահատականը` փաստել եմ, որ գունավոր հեղափոխությունների անկյունաքարերից է «սրբազան զոհի» մատուցումը: Անգամ օրինակ եմ բերել, որ այդպիսի զոհ Ուկրաինայում առաջինը հանդիսացավ ազգությամբ հայ երիտասարդ, այնուհետեւ թվով 100 հոգի, որոնք հետո երկնային 100-յակ անունը ստացան: Այն ժամանակ էլ ակտիվորեն զբաղվում էի վերլուծական աշխատանքներով եւ ինձ համար ակնհայտ էր Ուկրաինայի զինված հեղաշրջման միջոցով մի խումբ անձնանց կողմից իշխանությունը գրավելու գործելաոճը, և ամենայն հավանականությամբ` այդ 100 հոգին էլ պատվերի շրջանակում պետք է զոհաբերվեին: Իսկ պատվիրատուն, լավ գիտենք, թե Արեւմտյան որ երկրներն են, որոնք իրենց հայտնի մեթոդաբանությամբ` աշխարհի տարբեր երկրներում իրականացնում են  նման գունավոր հեղափոխություններ: Եվ այս ֆոնին 2014 թվականի վերջն էր կամ 2015-ի սկզբները, երբ Հայաստանում քաղաքական ակտիվություն էր հանդես բերում նաեւ Ժիրայր Սեֆիլյանը՝ որպես «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության համակարգող: Եվ իմ վերլուծության մեջ ասել եմ, որ եթե Արեւմուտքն այստեղ փորձ անի զինված հեղաշրջումով իշխանափոխություն իրականացնելու, ապա «սրբազան զոհերի» լավագույն թեկնածուներից մեկը կարող է դառնալ Ժիրայր Սեֆիլյանն, այնպես ինչպես Ուկրաինայում դարձան վերոնշյալ 100 անձինք:

- Որտե՞ղ կամ ո՞ւմ եք ասել, որ հիմա բոլորովին այլ կերպ է մեկնաբանվում այս տեսակետը Ժ. Սեֆիլյանի կողմից:

- Ասել եմ տարբեր տեղեր. ե՛ւ ընկերների շրջապատում, ե՛ւ փորձագիտական շրջանակում: Ինչպես հիշում եք, իրավիճակն այդ ժամանակ բավականին լարված էր մեզ մոտ ու պարբերաբար իմ փորձագիտական գնահատականների մեջ այս մասին կրկնել եմ: Իսկ թե ինչո՞ւ են հիմա նման ապատեղեկատվություն տարածվում, կարող եմ ասել, որ չարը ամեն կերպ աշխատում է ստի, կեղծիքի, ապատեղեկատվություն տարածելու միջոցով: Այս գործելաոճն է ընտրվում թե՛ պետությունների հանդեպ, թե՛ անհատ անձանց:

«Ի վերջո, ի՞նչ են ուզում. մեր հաղթանակած, հզոր բանա՞կը թուլացնել». լեգենդար հետախույզ

- Բայց ինչո՞ւ հենց Ձեր անունը որոշեց տալ Ժիրայր Սեֆիլյանը եւ առհասարակ` ինչպե՞ս եք վերաբերում հենց նրա կողմից, ինչպես դուք ասացիք, նման ապատեղեկատվություն հնչեցնելուն:

- Ենթադրում եմ, թե ում է ձեռնտու կոնկրետ իմ անձի վերաբերյալ նման զրպարտություն տարածելը մի մարդու կողմից, որն այսօր գտնվում է անազատության մեջ: Ուզում եմ հավատալ, որ Ժիրայր Սեֆիլյանը ոչ թե անձամբ ինքն է այս նենգ զրպարտության հեղինակը, այլ ինքն իր մատնանշած «միջնորդի» ներկայացրած ապատեղեկատվության զոհն է:

- Ժ. Սեֆիլյանն իր հայտարարության մեջ հատուկ շեշտել էր, թե իբրեւ ռուսներն են փորձում իրեն սպանել: Իսկ այդ սպառնալիքն իրեն փոխանցել են Բորիս Նեմցովի սպանությունից մեկ-երկու օր անց` մարտի մեկին: Կարելի՞ է ասել, որ պարզապես սա փորձ էր հերթական հակառուսական տրամադրությունները ստեղծելու:

- Իհարկե, պատահական չէ, որ Ռուսաստանի անունն է շահարկվում: Վերջերս Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հայտնի հետախույզի դեմ մահափորձ կատարելու մեջ եւս Ռուսաստանի անունը շահարկվում էր` որպես պատվիրատուի: Հետեւաբար, հաշվի առնելով վերջին շրջանում բավական ակտիվ, հրապարակային դաշտում իմ կեցվածքը` տարբեր քաղաքական եւ ռազմական իրադարձությունները  մեկնաբանելիս, հատկապես, որ փաստարկված, անուններ տալով ներկայացնում եմ  որոշ Արեւմտյան տերությունների ստի, կեղծիքի, ագրեսորի գործելաոճը`  հիմնավորելով նրանց կոնկրետ կատարած քայլերով, դրա համար էլ իմ անունը շահարկվեց: Այո՛, Ռուսաստանի անունը տալով` այստեղ հակառուսականության հերթական ալիքն են փորձում բարձրացնել:

Սակայն վստահ եմ, որ ճշմարտությունը նենգափոխող, ստին, կեղծիքին ապավինող անձիք եւ նրանց գործողությունները միանշանակ դատապարտված են ձախողման ու պարտության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА