ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խորհրդարանական դիվանագիտությունը, արդյունք ասելով, երբեւէ նկատի չունի արդեն գրպաններս դրված գումար»

20.03.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Խորհրդարանական դիվանագիտությունը, արդյունք ասելով, երբեւէ նկատի չունի արդեն գրպաններս դրված գումար»

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը` պատվիրակության ղեկավար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ գլխավորությամբ, դեռեւս նախորդ շաբաթ վերադարձել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցից: Պատգամավորների այցը բավական լայն արձագանք գտավ մամուլում, այն նույնիսկ որակվեց պատմական ու աննախադեպ, բայց որ այցն ուներ կարեւոր նշանակություն, թերեւս ոչ ոք չի հերքում: Հենց այս մասին էլ ամփոփելով ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ամերիկյան այցը` զրուցեցինք ԱԺ նախագահի տեղակալ Ա. Հովհաննիսյանի հետ:

Արամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

«ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆՔ ԼՍԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ՄԵՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ»

–Տիկին Հովհաննիսյան, Դուք նշել եք, թե ինչ կարեւոր հանդիպումներ է ունեցել մեր պատվիրակությունը Միացյալ Նահանգներում, բայց հանրությունը դրանից զատ, նաեւ արդյունքներ է ակնկալում: Որպես առանցքային արդյունք` ի՞նչը կառանձնացնեք այս այցից:

– Հանրությունը մշտապես արդյունքներ է ակնկալում, բայց վստահ եմ, որ հանրությունը արդյունքներ է ակնկալում յուրաքանչյուր կոնկրետ ձեւաչափից: Ակնհայտ է, որ խորհրդարանական դիվանագիտությունը եւ խորհրդարանական պատվիրակությունը, արդյունք ասելով, երբեւէ նկատի չունի ստորագրված փաստաթուղթ կամ արդեն գրպաններս դրված գումար, որը վերադարձել ենք, եւ մեզնից կարող են պահանջել, որ բաժանենք: Արդյունք, եթե, որպես այդպիսին, ուզում եք առանձնացնեմ, կարձանագրեմ նաեւ պատվիրակության ունեցած հանդիպումները բարձր մակարդակի պաշտոնյաների հետ: Սա հատուկ ընդգծված եմ ուզում շեշտել, որ եղել են բարձր մակարդակի պաշտոնյաների հետ հանդիպումներ, որտեղ կարողացել ենք լսելի դարձնել մեր տեսակետները:

«ՀՀ-Ն ԻՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԻ ՎՐԱ»

–Ռուս-ամերիկյան առկա լարվածությունը որքանո՞վ խոչընդոտեցին կամ ազդեցին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների վրա:

– Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին Հայաստանի Հանրապետությունը միշտ շատ ազնիվ է եղել: Ավելին` մենք ազնիվ ենք եղել եւ ազնիվ ենք լինելու ոչ միայն Վաշինգտոնում, այլեւ, բնականաբար, Մոսկվայում եւ մեր մյուս բոլոր գործընկերների հետ: Իրականում համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով ԵԱՏՄ անդամ միակ երկիրը, որը կարողացել է Եվրամիության հետ համապատասխան փաստաթուղթ ստորագրել, առանձնանում է նրանով, որ կարողացել է իր գործընկերների հետ ուղիղ հարաբերություններ ունենալ եւ պարզ, շիտակ ասել, թե ինչպիսի հարաբերություններ ունենք այլոց հետ: Մենք Միացյալ Նահանգներում ասել ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է իր ազգային շահի վրա: Բնականաբար, Միացյալ Նահագներն էլ մեր բարեկամ երկիրն է, եւ մենք հարաբերություններ ուզում ենք կառուցել եւ կառուցում ենք տարիներ շարունակ` ելնելով հենց այդ պարզ ճշմարտությունից: Գիտեք, ես նվազագույն տպավորություն ունեի, որ ունենք ընկալում, կարողանում ենք, ըստ էության, հանդես գալ, որպես փոքր պետություն, որն առաջնորդվում է իր ազգային շահով` խուսափելով դառնալ մարտի թատերաբեմ  որեւէ բախման կիզակետում: Մեզ դա, կարծում եմ, հաջողվում է եւ իմ ցանկությունն է, որ այսուհետ եւս շարունակվի այդ գործելաոճը: Իսկ թե որքանով էին ռուս-ամերիկյան հարաբերությունները խոչընդոտ, կարծում եմ, խոչընդոտ չէին: Նաեւ այդ նպատակը ունեինք` պարզ, հստակ շարադրել մեր արտաքին քաղաքական գերակայությունները, լինել ազնիվ գործընկերների հետ եւ ցույց տալ, որ բաց ենք, ազատ ու առանց որեւէ խոչընդոտի կարող ենք կառուցել հարաբերություններ Միացյալ Նահանգների եւ մեր այլ գործընկերների հետ: Մեր հաջողության պատմության բանաձեւումը, պարզապես, մեր բոլոր գործընկերների հետ շիտակությունն ու ազնվությունն է, եւ երբ այդպես ես վարվում, ապա ընկալումը միանշանակ ունենում ես, ու որեւէ մեկը երկընտրանքի առջեւ այդ դեպքում չի կանգնեցնում:

Ճիշտ կլինիՙ նախագահի ինստիտուտի համար մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելանան. վարչապետ

«ԿՈՌԵԿՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ԱՍԵԼ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ»

–Բնականաբար, հանդիպումների առանցքում եղել է նաեւ Արցախյան հիմնախնդիրը, անդրադարձե՞լ եք Ադրբեջանի վերջին շրջանում որդեգրած ագրեսիվ վարքագծին, եւ ինչպիսի՞ն էր ամերիկյան գործընկերների արձագանքը:

– Մենք ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը, բարձր ենք գնահատել Միացյալ Նահանգների ջանքերը այս խնդրի խաղաղ կարգավորման առումով` հաշվի առնելով, որ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Ուշադրություն ենք հրավիրել խաղաղ կարգավորմանը խոչընդոտող ամենատարբեր բնույթի հանգամանքների վրա, այդ թվում` Ադրբեջանի վարքագծի, պահվածքի եւ խաղաղ կարգավորմանը խոչընդոտող գործելաոճի վրա: Ինչպիսին էր ընկալումը, կարծում եմ` շատ համարժեք էր, բայց հասկանալի պատճառներով կոռեկտ չեմ համարում, իհարկե, այս կամ այն պաշտոնյայի հետ մեր զրույցից խոսակցության մանրամասներ, արձագանքներ հրապարակել:

– ՀՀ-ի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանն ինչպե՞ս են վերաբերվում Միացյալ Նահանգներում:

– Թույլ տվեք չխոսել իրենց ընկալման մասին, նորից եմ կրկնում` կոռեկտությունն ինձ թույլ չի տա ասել, թե ինչպիսի արձագանքներ են ստացել: Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, թե ինչու այդպես եղավ: Հայաստանն, ըստ էության,  իրականացրել է ամեն քայլ, իրենից կախված ամեն ինչ այդ, այսպես ասած, «հաջողության պատմությունը», եւս ունենալու համար, բայց Թուրքիայի վարքագիծը, միգուցե, ինչ-որ առումով նաեւ միջազգային հանրության ոչ հետեւողական լինելը հանգեցրին այն արդյունքի, ինչ ունենք հիմա:

«ԿԱՐԵՎՈՐ Է ՄԵՐ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

– Ի դեպ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի Միացյալ Նահանգներ կատարած այցի վերաբերյալ բազմիցս մատնանշվել է Հայ Դատի գործադրած ջանքները, ամերիկյան դեսպանի եւ այլն: Իսկ ի՞նչ կասեք ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի մասին:

– Դեսպանը բոլոր հանդիպումներին ուղեկցել է մեզ, շատ բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգներում  թե՛ հատկապես դեսպանի, թե՛ դեսպանատան դիվանագետների կողմից կատարված աշխատանքը: Կարծում եմ` պրոֆեսիոնալներ են, որոնք, հավատացեք, ամեն օր ջանում են բարդ քաղաքական համակարգում եւ ոչ հեշտ երկրում Հայաստանի շահերը ներկայացնել:

Հայտնի փաստաբանը ահազանգում է

– Փաստորեն, ստացվում է, որ ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն է ասում` հայ-ամերիկյան հարաբերությունների միակ ջրբաժանը Ատլանտյան օվկիանո՞սն է:

– Արմեն Աշոտյանը հույս էր հայտնել, որ այդ հարաբերությունների միակ խոչընդոտը կլինի Ատլանտյան օվկիանոսը: Ես կարծում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններին խոչընդոտող իրականում ոչինչ, ըստ էության, չկա, կարեւոր է մեր հետեւողական աշխատանքը եւ ճիշտ ընկալված ու հասկացված լինելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА