o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է զգույշ լինել, որ բոլորը բոլորին չսկսեն կասկածել աղանդավոր լինելու մեջ»

28.03.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պետք է զգույշ լինել, որ բոլորը բոլորին չսկսեն կասկածել աղանդավոր լինելու մեջ»

«Իրավունքի» հետ զրույցում Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի ազգային անվտանգության ֆակուլտետի պրոֆեսոր, ՌԴ արդարադատության նախարարությանը կից ծայրահեղականության նախանշանները հայտնաբերելու նպատակով կրոնական բովանդակության տեղեկատվական նյութերի ուսումնասիրության գիտախորհրդատվական խորհրդի նախագահի տեղակալ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԶԱԼՈՒԺՆԻՆ պատմեց, թե ինչպես է ՌԴ Գերագույն դատարանը «Եհովայի վկաների» կազմակերպությունը ծայրահեղական ճանաչել եւ արգելել նրանց գործունեությունը երկրում: Իսկ թե ի՞նչ պատճառաբանությամբ, մանրամասներ ներկայացրեց:

Տեր-Պետրոսյանը լրջորեն վախեցած է Քոչարյանի ազատության մեջ հայտնվելու հեռանկարից

«ՈՎՔԵՐ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՒՂՂԱԿԻ ԱՅԴՊԵՍ ԵՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԵԼ»

- «Եհովայի վկաների» գաղափարախոսությունն ուղղակիորեն սպառնում է կյանքի տարրական իրավունքին: Հայտնի է, որ այդ կազմակերպության ներկայացուցիչները դեմ են արյան փոխներարկմանը: Իսկ այդ հանգամանքը հաճախ ողբերգական հետեւանքներ է ունենում: Դրանից հատկապես տառապում են երեխաները, որոնք այս կամ այն պատճառով վիրահատական սեղանին են հայտնվել, իսկ նրանց ծնողները բժիշկներին թույլ չեն տալիս արյան փոխներարկում կատարել: Ի դեպ,  նախորդ տարվա ապրիլին Գերագույն դատարանի որոշումներից մեկի համար առիթ էր դարձել Իվանովոյում տեղի ուենցած դեպքը: Բարեբախտաբար, բժիշկներն անտեսել էին աղանդավոր ծնողների պահանջը, ու երեխայի կյանքը հաջողվել էր փրկել:

– Պարոն Զալուժնի, ՀՀ-ում «Եհովայի վկաներն» աչքի են ընկնում ո՛չ միայն հրաժարվելով արյան փոխներարկումից, այլեւ հրաժարվում են նաեւ բանակում ծառայել: Դեռ մի բան էլ դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու իրենց «ցանկությանը» հակառակվելու համար դատի տալիս Հայաստանին, որը, ինչպես գիտեք, պատերազմական վիճակում գտնվող երկիր է: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սա հենց իմ թեկնածուական թեզի թեման է եղել` «Պատերազմի եւ խաղաղության խնդիրները` հակազդող ժամանակակից կրոնաբանության մեջ»: Անկեղծ ասեմ, թե ինչու որոշեցի գրել հենց այս մասին: 30 տարի ծառայել եմ բանակում` հրթիռային գնդում, եւ վստահ էի, որ կգտնեմ բանալին, որպեսզի հրաժարվողները գնան բանակ ու ծառայեն: Եվ համապատասխան հետազոտություն իրականացրի ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Բելառուսի, Լիտվայի, Ուկրաինայի տարբեր մարզերում: Արդյունքում բոլոր տեղերում հիմնականում ծառայողների եւ չծառայողների հստակ տոկոսային հարաբերակցություն կար: Պարզվեց` 38 տոկոսն է, որ առանց սահմանափակումների պատրաստ է ծառայել բանակում, մնացածը` որոշ սահմանափակումներով կամ ոչ մի կերպ: Այդ հետազոտության ընթացքում հասկացա, որ նրանք, ովքեր հրաժարվում են ծառայությունից, ուղղակի այդպես են դաստիարակվել: Եվ եթե բացենք Աստվածաշունչը եւ շատ ուշադիր կարդանք Հին կտակարանը, այնտեղ եւս կկարդանք, որ հին հրեաները, երբ պատրաստվում էին պատերազմի, չէին տանում իրենց հետ այն մարդկանց, որոնք ունակ չեն դիմադրելու: Այսինքն` այլընտրանքային ծառայությունը գոյություն է ունեցել դեռ Հին կտակարանում: Ուստի` եկել եմ այն եզրակացության, որ նրանք, ովքեր, ինչ-որ կրոնական գաղափարախոսությամբ պայմանավորված, չեն կարող զենք վերցնել, սպանել` եթե պետք լինի, ավելի լավ է անցնեն այլընտրանքային ծառայության, որը գոյություն ունի ՌԴ-ում: Ի դեպ, 90-ական թվականների վերջերին ՌԴ ԳԱԱ սոցիոլոգիայի ինստիտուտը նույնպես սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել եւ շոշափել այս հարցը, ու նրանք էլ 15-20 տարի անց` փաստորեն, ստացան այդ նույն 38 տոկոսը: Ինչ վերաբերում է կոնկրետ ,Եհովայի վկաներին», նրանք իրենց չեն համարում բանակին ընդդիմություն, թեպետ այդպիսին են: Ավելին` նրանց մոտ այդ ամենը դրսեւորված է բավական ագրեսիվ: Եղել են անգամ դեպքեր, երբ ,Եհովայի վկաները» միտումնավոր կտրել են իրենց աջ ձեռքի ցուցամատը, որպեսզի չծառայեն:

«ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ» ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԵՆ ՄԵՐԺՈՒՄ»

–Այլընտրանքային ծառայություն կա նաեւ ՀՀ-ում, բայց նույն «Եհովայի վկաները» դրան էլ են դեմ. մի մասը նախընտրում է բանտ նստել, քան ծառայել, հիմա էլ արդեն նախադեպը կա` ՄԻԵԴ վազելու եւ դեռ մի բան էլ պետությանը ստիպելու, որ չծառայելու համար իրենց վճարեն:

– Չգիտեմ, թե «Եհովայի վկաներն» ինչպես են վերաբերվում այլընտրանքային ծառայությանը, բայց գիտեմ, որ այս հարցում կատեգորիկ են, դրանով, ըստ էության, իրենք պետությունն էլ են մերժում` ասելով, որ այն Աստծուց չէ: Համենայնդեպս, նրանք ինձ դեռ ոչնչով չեն ապացուցել հակառակը: Եղել են խոսակցություններ, որ ասել են` այդպես չենք մտածում, այլ կերպ ենք մտածում: Ասել եմ` ցույց տվեք, թե որտեղ է գրված, որ այդպես չեք մտածում, բերում են ինչ-որ փաստաթղթեր, որոնք մեր խոսակցության թեմայի հետ առնչություն չունեն ու ոչինչ չասող թղթեր են: Նրանք` որպես այդպիսին, բացասական վերաբերմունք ունեն պետության հանդեպ, որովհետեւ մտովի այլ պետություն ունեն: Ու ով ինչ ուզում է ասի, իրենք հավատում են, որ արմագեդոն կլինի, եւ երկրի վրա կմնան միայն «Եհովայի վկաները», իսկ մնացածները կոչնչանան: Դրա համար այլընտրանքային ծառայությունն իրենք, միեւնույնն է, ընկալում են, որպես ծառայություն պետությանը, ինչին մեծ հաշվով պատրաստ չեն: Այո, գիտեմ, որ համապատասխան փաստաթղթեր կարող են ներկայացնել, որ օրենքով գրանցված այս կամ այն կրոնական կազմակերպության անդամ են, եւ զինկոմիսարիատն առանց որեւէ խնդրի նրանց կարող է տալ այլընտրանքային ծառայության հնարավորություն: Բայց չեմ լսել որեւէ «Եհովայի վկայի» մասին, որն այլընտրանքային ծառայություն է անցել, ասենք, զինվորական հոսպիտալում` սանիտարի կարգավիճակում:

Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնել ինքնասպան եղած զինծառայողի մասին

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱՌՆՎՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻՆ, ԵԹԵ ԱՅՆ ՉԻ ԽԱԽՏՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

– Ի դեպ, Հայաստանում պատրաստվում են ընդունել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագիծ: Դրա հետ կապված լայն քննարկում է ծավալվել, թե, ի վերջո, պե՞տք է օրենքում սահմանել ինչ է «աղանդը»: Հետաքրքիր է` ի՞նչ է հուշում Ձեր փորձը:

– Ռուսաստանում եւս կա «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» գործող օրենք, որն ընդունվել է 1997 թվականին: Այն եւս ենթարկվել է շատ փոփոխությունների, բայց շարունակում է գործել այնպես, ինչպես ընդունվել է իր կոնցեպտուալ գաղափարով: Ինչ վերաբերում է «աղանդ» ձեւակերպմանը, ապա օրենքում չկա նման եզրույթ, եւ կարծում եմ` այն ավելի շատ տեսական բնույթ է կրում: Թե ինչ ձեւով նրան հաղորդել օրենքի ուժ` ցավոք, իրատեսական չեմ համարում: Այդ օրենքում կա ավելի կարեւոր կետ` 7-րդ հոդվածը, թե որն է համարվում կրոնական խումբ, եւ անդրադարձ է կատարվում նրանց գործունեության կանոնադրությանը: Այնտեղ մարդկանց քանակը նշված չէ, բայց փորձը ցույց է տալիս, որ 3-5 մարդը կարող է կազմել կրոնական խումբ, որոնք հավատում են ինչ-որ կրոնի: Նրանք իրավունք ունեն ստանալ այդ գիտելիքները, տարածել այն, համատեղ արարողություններ անցկացնել, այդ թվում` նաեւ որեւէ բնակարանում, որտեղ կա թույլտվություն` բոլոր բնակվողների կողմից: Նրանք հետագայում կարող են ստանալ իրավունք` դառնալու իրավաբանական անձ, բայց դրա համար ժամանակ է պետք: Սրա հետ կապված` ՄԱԿ-ի ամերիկյան ներկայացուցչի հետ թեժ բանավեճ եմ ունեցել: Նա այն ժամանակ պնդում էր, որ 15 տարին շատ է, որ նրանք կազմակերպություն դառնալու թույլտվություն ստանան: Ես իրեն հակադարձում էի` ասելով, որ օրինակ, Ավստրիայում 30 տարի է սահմանված, Պորտուգալիայում` 40, ինչո՞ւ չեն ասում, որ այնտեղ ժողովրդավարության պակաս կա, իսկ երբ Ռուսաստանը սահմանում է 15 տարի ժամկետ, անմիջապես սկսում են խոսել ժողովրդավարության պակասի մասին: 

– Այս դեպքում եթե չսահմանենք, թե ինչ է աղանդը, ինչպե՞ս ենք պայքարելու պետության հիմքերը խարխլող, ագրեսիվ կրոնական կազմակերպությունների դեմ:

– Միեւնույնն է, չեմ տեսնում աղանդին իրավական ձեւակերպում տալու իմաստը: Եթե այդ բառի ստուգաբանությունը վերցնենք, ապա հունարենից այն թարգմանվում է ուսումնական դպրոց, ինչ-որ անմեղ մի բան է: Դրա համար հիմա գործածվում է «տոտալիտար աղանդ» տերմինը: Այն իրենից ենթադրում է խիստ ղեկավար, ուսումնառություն, որը խաթարում է հանրության մեջ ձեւավորված գաղափարական նորմերը: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, իրավաբանական առումով` այս հարցի պատասխանը տալիս է մեր օրենքի 15-րդ հոդվածը, որում մասնավորապես ասված է`  պետությունը հարգում է կրոնական կազմակերպությունների ներքին կանոնադրությունը, չի խառնվում իրենց գործունեությանը, եթե այն չի խախտում ՌԴ օրենսդրությունը: Այս կետին ուշիուշով հետեւելով` ապագայում հարց չէ ծագի փիլիսոփայական ինչ-որ տերմինի իրավաբանական ուժ տալու համար: Սա նույնիսկ վտանգավոր է, պետք զգույշ լինել, որ բոլորը բոլորին չսկսեն կասկածել աղանդավոր լինելու մեջ: Սա որեւէ լավ բանի չի բերի, հետո հարեւանիդ մեջ կսկսես տեսնել աղանդավորական տարրեր, բայց կպարզվի` հարգված կազմակերպությունում է աշխատում: Իրավաբանները պետք է այլ կատեգորիաներով մտածեն, ոչ թե գաղափարախոսությամբ առաջնորդվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА